Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը


Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը:
Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երկուշաբթի օրը մեկնարկեց Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 500 մարդ 53 երկրների հայ համայնքներից:

Համաժողովը բացեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ համաժողովը «10 միլիոն հայերի զորության խորհուրդն ունի». - «Հավատում եմ, որ Հայաստան, Արցախ, Սփյուռք միասնությունը կարող է սարեր շարժել: Ավելին` որոշ սարեր արդեն շարժվել են»:

Սփյուռքի ինչպես հոգեւոր, այնպես էլ քաղաքական կառույցների ներկայացուցիչները իրենց ելույթներում բարձրաձայնեցին 20-ամյա անկախ Հայաստանում առկա մտահոգիչ խնդիրները:

Առանձնապես սուր էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ելույթը, որում նա անդրադարձավ կոռուպցիային եւ արտագաղթին` այս վերջինը որակելով «ներքին արյունահոսություն». - «Հայաստանից արտագաղթը նույն թափով շարունակվում է: Ակնկալում ենք, որ այս ահազանգն արձագանք գտնի Հայաստանի իշխանության ու հայրենաբնակ ժողովրդի զավակների մոտ: Մեր թշնամին ուզեց Հայաստանը տեսնել առանց հայության: Այսօր մենք մեր ձեռքերով ենք պարպում Հայաստանը իր ժողովրդից, իր ստեղծագործ ոգուց, իր որակից: Իսկ կոռուպցիա կոչվող հիվանդության արագ ընթացքը, այլ խոսքով` փոքրամասնության տնտեսական հղփացած վիճակը, եւ դրա դիմաց` մեր ժողովրդի կենցաղային խեղճ պայմանները անհրաժեշտ է, որ արագորեն բարեփոխության ենթարկվեն: Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ այս վատառողջ երեւույթների հանդեպ»:

Իշխանություններին քննադատող ելույթով հանդես եկավ նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` նշելով, որ անկախության 20 տարիներից հետո էլ իշխանությունները ժողովրդին են հրամցնում մի հայրենիք, որտեղ գոյություն ունի աղքատություն, գործազրկություն, անարդարություն, սոցիալական անապահովություն, «արտոնյալ քրեական խավի սանձարձակություն», հայրենիք, որից «շարունակում են անխնա հեռանալ»:

«Եվ այս ծայրահեղ սոցիալական բեւեռացման պայմաններում խոսք անգամ չի կարող լինել համերաշխության, միասնականության եւ համախոհության մասին», - շարունակեց Մարգարյանը: - «Առաջին հայացքից դժվար է սիրել այն հայրենիքը, որ թաղված է կոռուպցիայի մեջ, ուր տիրում է անարդարությունն ու ազգային հարցերում շփոթը: Այլ խոսքով` մեր երկրում առկա վիճակը կարող է սպանել հայրենասիրությունը մեր մեջ»:

Նա անդրադարձավ նաեւ քաղաքական դաշտին, որը, իր ձեւակերպմամբ` «արհեստականորեն բեւեռացված է», եւ որի զոհը հասարակ ժողովուրդն է:

Հրանտ Մարգարյանը համախմբվելու կոչ արեց. - «Բաժան-բաժան մնալով` մենք երկարացնելու ենք բեւեռների կյանքը, որը եթե կյանք է իրենց համար, մահ է` ըստ էության»:

Համաժողովի մասնակիցներից Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ համաժողովում բարձրաձայնված հարցերին:

Հարցին, թե տեսնում է արդյոք իշխանությունների քաղաքական կամքը` պայքարելու կոռուպցիայի դեմ, Խաչիկյանը պատասխանեց. - «Դժբախտաբար ես չեմ տեսնում որեւէ քաղաքական կամք, չեմ տեսնում անկեղծ հանձնառություն այս իշխանությունների մոտ խնդիրը լուծելու համար: Եվ անկեղծ լինելով ասեմ` նաեւ նախորդ իշխանությունների մոտ չկար: Տնտեսության մեջ ծաղկում է կոռոպցիան, եւ դրանից առավել շատ տուժում է հասարակ ժողովուրդը: Անկեղծ ասած` ամոթալի է, որ այս վարչակազմը հրաժարվում է պայքարել դրա [կոռուպցիայի] դեմ: Ի վերջո, կոռուպցիայի դեմ պայքարի ձախողումը նպաստում է տնտեսության թուլացմանը, իսկ արտագաղթը խարխլում է երկրի հզորությունը: Դա արդարացում չունի, անբարոյական է, եւ շատ տխուր է, որ այս վարչակազմը չի ցանկանում պայքարել այդ երեւույթների դեմ: Նրանք ասում են, թե պայքարում են, բայց իրականում որեւէ փոփոխություն չեն իրականացրել»:

Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները կարծում են, թե օլիգարխիկ համակարգը կարեւոր է տնտեսության համար:

Հարցին, թե հնարավոր է Հայաստանում սեփական բիզնես բացել ու զարգացնել այն, Խաչիկյանը արձագանքեց, թե հնարավոր է միայն այն դեպքում, երբ «չես վտանգում օլիգարխներին»:

Մինչդեռ Ռուսաստանի հայերի միության նախագահ եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի խոսքով, Հայաստանում խնդիրներ կան, բայց «Կիկոսի պատմությունը չպետք է պատմել, այլ պետք է աշխատել». - «Եկեք իրար հետ միասին աշխատենք, ոչ թե հայհոյենք, այլ աշխատենք: Որ դժվարություններ կան, դրա մասին խոսք չկա… Իրենք կարծում են, թե սա մի տեղ է, որտեղ իրենց ամեն ինչ պիտի տան, իրենք էլ գան վայելեն… Ոչ, աշխատանք է պետք, քրտնել է պետք»:
please wait

No media source currently available

0:00 0:05:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG