Մատչելիության հղումներ

logo-print

Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանը կախյալ է կոռուպցիայից»


Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ, չնայած անկախության 20-երորդ տարեդարձը նշելու ծավալուն եւ ճոխ նախապատրաստություններին, Հայաստանի անկախությունը ներկայումս հատկանշվում է մի շարք թերություններով: Երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետն առանձնացրեց դրանցից ամենաէականները:

Կիրակոսյանի կարծիքով 20 տարվա ընթացքում Հայաստանն այդպես էլ չհաջողեց ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում, եւ այսօր, նրա խոսքով, «Հայաստանն իսկապես անկախ է, սակայն անկախ է ժողովրդավարությունից»:

«Մինչդեռ Հայաստանն այսօր կախյալ է եւ կախյալ է կոռուպցիայից: Զարմանալի չհնչի` կոռուպցիայից եւ օլիգարխներից կախյալ է հենց կառավարությունը, քանի որ իրենք օլիգարխներն են որոշում, թե որքան հարկ պետք է վճարեն պետությանը», - ասաց քաղաքագետնու ու ներկայացրեց, իր բնութագրմամբ, Հայաստանի 20-ամյա անկախության հաջորդ` ոչ պակաս էական թերությունը` դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների բովանդակությունը:

«Հայաստանը թերեւս աշխարհի միակ երկիրն է, որն իր տարածքում օտարերկրյա ռազմաբազայի տեղակայման դիմաց ոչ միայն փող չի վերցնում, այլ նաեւ ծախսեր է կատարում դրա համար», - ասաց Կիրակոսյանը:

Քաղաքագետ անկախության եւս մեկ թերություն էլ համարում է այն հանգամանքը, որ Հայաստանը չի վերահսկում իր սեփական սահմանների զգալի մասը:

«Սա սուվերենության կոպիտ խախտում է` անկախ հանգամանքից, թե որքանով են բարեկամական կամ ոչ այնքան բարեկամական Հայաստանի հարաբերությունները իր սահմանները վերահսկող օտար պետության հետ», - ասաց Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարը:

Ռիչարդ Կիրակոսյանը կածում է, որ անկախ Հայաստանի վերապրումն այսօր էլ դեռ հարցականի տակ է, եւ երկրին նետված լրջագույն մարտահրավերների շարքում, ի թիվս քաղաքականի, խնդրահարույց է նաեւ տնտեսական իրավիճակը:

«Բազմաթիվ հայաստանցիներ հարկադրված են լքել իրենց երկիրը` տնտեսական հնարավորությունների բացակայության պատճառով: Համալսարանի շրջանավարտն այսօր աշխատանք գտնելու շատ ավելի քիչ շանսեր ունի, քան ուներ 20 տարի առաջ: Ցայսօր վերականգնված չէ նաեւ աղետին գոտին», - վերջին տարիների բացթողումները թվարկելով` ասաց Կիրակոսյանը:

Քաղաքագետը անկախության 20 տարիների ձեռքբերումների շարքում թվարկեց ղարաբաղյան հաջողություններն ու Ադրբեջանի դեմ պատերազմում տարած հաղթանակը:

«Բայց մենք չպետք է մեր ցնծությունը հիմնենք մեր 20-ամյա հաջողությունների ու անցած հաղթանակների վրա: Կառավարության ու բանակի գործունեությունը մենք պետք է գնահատենք` ելնելով այսօրվա իրողություններից ու այսօր կատարվող քայլերից», - հայտարարեց Ռիչարդ Կիրակոսյանը` հավելելով. - «Իսկ Հայաստանի ձեռքբերումների առավել կարեւոր փորձաքարն ու հուսանք, նաեւ` նշելու արժանի իրադարձությունը, կլինեն հաջորդ տարի կայանալիք ընտրությունները»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG