Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ է մտցվել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» կետը


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը
Ադրբեջանը Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի օրակարգ է ներառել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» կետը: Այս հարցին նախատեսվում է անդրադառնալ ասամբլեայի լիագումար նիստում՝ «Համաշխարհային խաղաղության ու անվտանգության պահպանումը» թեմայով քննարկման ժամանակ:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի կողմից արդեն երեք տարի օրակարգ ներառվող այս հարցը հերթական անգամ չի քննարկվի` կհետաձգվի:

«Պատճառը գերտերություններն են, որոնք չեն ցանկանում քննարկել այս հարցը ՄԱԿ-ում», - ասում է քաղաքագետը` շեշտելով, որ անհանգստանալու կարիք չկա։ - «Մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ որ նմանատիպ փաստաթղթի քննարկման ժամանակ համանախագահ երկրները՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը դեմ են արտահայտվում այդ քննարկմանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները ոչ մի ձեւով չեն փորձել այդ ակտերը իրականացնել նույն ձեւով, ինչպես դա եղել է Կոսովոյի, Իրաքի կամ Լիբիայի հանդեպ։ Այսինքն՝ խոսքը գնում է այն մասին, որ ՄԱԿ-ը լինելով միջազգային կառույց, ավելի շատ դեկլարատիվ դաշտում է գործում, իսկ իրական քաղաքականությունը որոշում են կոնկրետ որոշ գերտերություններ»։

Սերգեյ Մինասյան
Քաղաքագետը գտնում է, որ եթե ՄԱԿ-ը անգամ քննարկի այս հարցը, ապա այն կարող է ունենալ միմիայն տեղեկատվական ու քարոզչական նշանակություն ու ազդեցություն: Այս պարագայում անգամ այն չի կարող ազդեցություն թողնել միջազգային գերտերությունների վերաբերմունքի վրա: Նաեւ չի անդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում գործող ամենակարեւոր գործոնի` իրական ռազմական ու ռազմաքաղաքական հավասարակշռության վրա:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը կարծում է, որ ՄԱկ-ի օրակարգից այս փաստաթուղթը կարող է հանել միայն Ադրբեջանը: Մյուս կողմից, ՄԱԿ-ի կառույցի բյուրոկրատական առանձնահատկություններից ելնելով, մոտակա ժամանակներում այս փաստաթուղթը շրջանառությունից դուրս չի գա, ամփոփում է քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG