Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանը Թեհրանում հանդիպեց Ահմադինեժադի եւ Սալեհիի հետ


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության

Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության

Իրանը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` այսօր Թեհրանում ընդունելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը Ահմադինեժադին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ու բարեմաղթանքները: Իրանի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի նախագահին եւ ժողովրդին:

Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ զարգացող համագործակցության առումով` ընդգծելով ակտիվ փոխայցելությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, տնտեսական եւ մշակութային կապերը, շեշտել են երկկողմ պատրաստակամությունը` առավել զարգացնելու փոխշահավետ հարաբերությունները:

Քննարկվել է համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը:

Իրանի մայրաքաղաքում կայացել են նաեւ Էդվարդ Նալբանդյանի եւ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի բանակցությունները:

Սալեհին շնորհավորել է Նալբանդյանին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ եւ նշել, որ երկու հարեւան երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններն օրեցօր առավել ամրապնդվում են:

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` Հայաստանի եւ Իրանի միջեւ չկան խնդիրներ, եթե կան տեխնիկական հարցեր, ապա դրանք լուծվում են ընդհանուր ջանքերով:

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր, հատկապես` էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում:

Զրուցակիցները վերահաստատել են փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը:

Պայամանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձի կապակցությամբ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության ամրապնդման, խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների եւ երկխոսության միջոցով լուծման օգտին: Նա ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների ընթացքը` կարեւորելով Իրանի հավասարակշռված դիրքորոշումն այդ հարցում:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Երեւան այցելելու` Ալի Աքբար Սալեհիին արված հրավերը:

Նախարարների հանդիպմանը հետեւել է համատեղ մամլո ասուլիս, որից հետո քննարկումները շարունակվել են աշխատանքային ճաշի ձեւաչափով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG