Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կողմնակից է արտահերթ ընտրությունների


Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար

Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար

«Ժառանգություն» կուսակցության համար ընդունելի են Հայ ազգային կոնգրես - իշխանության կոալիցիա երկխոսության օրակարգում ներառված երկու կետերը: Այդ մասին շաբաթ օրը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա մասնավորեցրեց, թե որ կետերի մասին է խոսքը. - «Այո, Հայաստանը արտահերթ լուծումների անհրաժեշտություն ունի, մենք կողմնակից ենք արտահերթ ընտրությունների: Եթե դրանք մեզ չայցելեն, բոլոր դեպքերում, անհրաժեշտ է երկրորդ կետի իրացումը, եւ այն է, որ ընտրությունները նախապատրաստվեն ժողովրդավարական բոլոր չափանիշների համապատասխան, հավասարության լիարժեք երաշխիքներով եւ այլն»:

Առաջիկա ընտրություններին պատրաստվելու հարցի վերաբերյալ Հովհաննիսյանը ասաց. - «Եթե ես` «Ժառանգության» հետ մեկտեղ, հիմիկվանից որոշենք մեր ամբողջ ներուժը ուղղել ընտրական գործընթացներին, ես կասկած չունեմ, որ մենք կմտնենք խորհրդարան եւ կունենանք ավելի մանդատներ, քան ունենք այսօր: Բայց դա մեզ համար կենաց նպատակ չէ: Չի բացառվում, որ աշնան ամիսներին մենք ավելի կազմակերպված այցեր կազմակերպենք դեպի շրջաններ, ունենանք հանրային հանդիպումներ Երեւանում: Բայց վերջում որոշումը ընտրությունների նախաշեմին` ինչպես մասնակցել, ինչ ձեւաչափով, եւ ընդհանրապես` ապահովված լինելո՞ւ է ազատ ընտրության հնարավորությունը, այդ հարցի ատասխանը մենք պիտի տանք ավելի ուշ»:

Այս տարվա փետրվարից «Ժառանգություն» խմբակցությունը բոյկոտում էր խորհրդարանի նիստերը: Պատճառը, ըստ կուսակցության, առաջիկա ընտրություններում գործող նախագահին աջակցելու վերաբերյալ իշխող կոալիցիայի ստորագրած հուշագիրն էր:

Ի՞նչ տվեց ավելի քան վեցամսյա բոյկոտը` ««Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց. - «Ինձ ոչ մի բան չի տվել, ես չգիտեմ` «Ժառանգությանը» ինչ է տվել, ես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, քաղաքացի ինքնուրույն է որոշում իր քաղաքական գիծը, իր մոտեցումը, եւ ես կարծում եմ, որ մեր քաղաքական դաշտում պետք է լիներ գոնե մի ուժ` որքան էլ համեստ, որքան էլ ընդդիմադիր, որ պիտի բարձրացներ կոալիցիոն հուշագրի հակասահմանադրականությունը եւ հակաիրավականությունը: Անթույլատրելի է նախագահական նստավայրում ժողովրդի փողով շապմայն խմել եւ այնտեղ հռչակել միջկուսակցական պայմանավորվածության մասին»:

«Ժառանգության» առաջնորդը անդրադարձավ նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս հաճախակի դարձած ելույթներին, ասելով. - «Ցավոք սրտի, այդ ելույթների տարրերը, այդ ելույթների դրույթները չեն համապատասխանում մեր կյանքի իրականությանը»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե հաջողվե՞լ է արդյոք անցած 4 տարիների ընթացքում կյանքի կոչել «Ժառանգություն» կուսակցության «Տեր ես» կարգախոսը, ինչին ի պատասխան` Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Որոշ հարցադրումների պատասխանները տակավին պատրաստ չեն, չեն քննարկվել: Կարեւորը` որ Հայաստանի քաղաքացին տեր դառնա իր քվեին, իր ընտրությանը եւ իր երկրին, եւ այդ հարցադրումը ոչ թե հռետորական էր, այլ մարտակոչ էր, թե այդ երբ է, որ Հայաստանի քաղաքացին սեփական երկրում պիտի դառնա իր իրավունքների, իր ազատությունների տերը: Պարզ է, որ վերջին 4 տարիները լիարժեք չեն տվել այդ հարցի պատասխանը` ոչ, Հայաստանի շարքային քաղաքացին իր երկրում տեր չէ»:

Առաջիկա աշխատանքները եւս պետք է ուղղված լինեն նրան, որ Հայաստանի քաղաքացին իսկապես տեր լինի իր երկրին, եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG