Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 17-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «ԵԽ ԽՎ Մոնիտորիգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագիծը արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ հանգիստ չի տալիս ոմանց: Ինչ է արձանագրվել Մոնիտորինգի հանձնաժողովը բանաձեւի նախագծում. «Վեհաժողովը համարում է, որ վերջին համաներումը, 2008-ի մարտի 10 մահվան դեպքերը նորովի հետաքննելու ազդակը եւ ընդդիմության եւ իշխանության միջեւ կառուցողական երկխոսություն սկսելու արդյունքը նշանակում է, որ 2008-ի մարտի դեպքերի էջը կարող է վերջապես համարվել փակված»,- նշված է նախագծի 11-րդ կետում: Հհշական քարոզչամեքենան ու «Ժառանգությունը» ուշաթափության շեմին են, եւ օրուգիշեր ապուշ կտրած անդադար հարցադրում են` ո՞նց, ինչպե՞ս, անհնար է, չի կարող պատահել, ոչ մի դեպքում հնարավոր չէ փակել «Մարտի 1»-ի էջը: Մինչ օրս էլ ՀԱԿ-ը շարունակում է գլուխ գովել, թե նախագահը կատարեց իրենց բոլոր պահանջները: Հայտարարված համաներմամբ «քաղբանտարկյալները» ազատ արձակվեցին, նախագահի հանձնարարությամբ վերսկսվեց «Մարտի 1»-ի գործի քննությունը, ինչից հետո մեկնարկեց ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը, որը եւս Տեր-Պետրոսյանը համարում էր իրենց «նվաճումը», «ձեռքբերումը»: Այս ամենից հետո ի՞նչ էր մնում անելու Վեհաժողովին, եթե ոչ եզրակացնելու, որ կարելի է այլեւս «Մարտի 1»-ի էջը փակված համարել: Բայց բանաձեւի նախագծի ընդունումից հետո ՀԱԿ-ը, որ նման դեպքերում անմիջապես մի դատապարտող հայտարարությամբ է հանդես գալիս, որոշեց դարձյալ օգտագործել «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին, որոնց հավաքեց եւ ուղարկեց ԵԽ ԽՎ հայաստանյան գրասենյակ` իրենց բողոքն ու վրդովմունքը հայտնելու բանաձեւի նախագծի դեմ»:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Միացյալ Նահանգներում հեռարձակվող MGAM հայկական հեռուստաընկերության «Վարագույր» ծրագրի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանի հետ: Հարցին` «Դուք ստորագրություններ էիք հավաքում այդտեղ, որպեսզի ԱՄՆ իշխանություններն արգելեն Սերժ Սարգսյանի մուտքն այդ երկիր, քանի՞ ստորագրություն է հավաքվել, եւ ի՞նչ ընթացքի մեջ է այդ գործը», Ռուդիկ Հովսեփյանը պատասխանում է. - «Վաղը արդեն առավոտյան Օբամային եւ պետդեպարտամենտին նույն նամակը կուղարկենք: Ավելի քան տասնհինգ հազար ստորագրություն ենք հավաքել եւ ԱՄՆ բարձրագույն ղեկավարությանն ուղղված նամակում էլ նշել ենք, որ կարող ենք փաթեթով այդ ստորագրություններն էլ ուղարկել: Նամակի հիմքը հետեւյալն է. դուք` պարոն Օբամա, ձեր ելույթներում միշտ ասել եք, որ տոտալիտար երկրների ներկայացուցիչների կամ օլիգարխների, որոնք կոռումպացված են, թաթախված են կաշառակերության մեջ, մուտքը Միացյալ Նահանգներ պետք է արգելել: Նշել ենք, որ Լոս Անջելեսի հայկական համայնքի մեծ մասը գտնում է, որ Հայաստանի այսօրվա նախագահը համապատասխանում է այդ որակումներին, որովհետեւ այսօր Հայաստանը թաթախված է կաշառակերության մեջ, բացահայտված չէ հոկտեմբերի 27-ը, բացահայտված չէ մարտի 1-ը, երկրում քաղբանտարկյալ կա, եւ ընդհանրապես Հայաստանն այսօր այն վիճակում է, որ համարվում է տոտալիտար ռեժիմ: Դա է պատճառը, որ մենք դիմում ենք Օբամային եւ պետդեպարտամենտին եւ պահանջում ենք, որ Հայաստանի նախագահը չայցելի Միացյալ Նահանգներ: Մենք ուզում ենք Միացյալ Նահանգներում տեսնել Հայաստանի լեգիտիմ նախագահի, ուզում ենք Միացյալ Նահանգներում տեսնել նախագահի, որը հարգում է սահմանադրական կարգը, դեմոկրատիան, մամուլի ազատությունը, իր ժողովրդին»:

«Հրապարակ»-ը շարունակում է գործարար պատգամավորների հետ հարցազրույցների շարքը: Թերթը այս անգամ զրուցել է «Եվրոստան Ույուտ»-ի սեփականատեր Մանվել Բադեյանի հետ: «Վերջերս շատ է խոսվում, որ 2012-ի խորհրդարանում օլիգարխներ եւ գործարարներ չեն լինելու: Անհանգստություն չունե՞ք, որ գուցե Ձեզ էլ չթողնեն», - այս հարցին Բադեյանը պատասխանում է. - «Ո՞վ պիտի չթողնի: Իսկ դրա մասին որեւէ մեկը որեւէ որոշում կայացրե՞լ ա: Էդ որոշումն ամենաքիչը պիտի կայացվի կուսակցության համագումարի ժամանակ: Եվ էդ որոշումն էլ չի կարա կայացվի որպես այդպիսին, որովհետեւ մարդու մասնագիտական պատկանելիությունը որեւէ կապ չունի իրա` քաղաքականությամբ զբաղվելու հետ: Գործարարությունը նույնպես պրոֆեսիոնալ պատկանելիություն է, ուրիշ մի բան չի: Ուրիշ բան, որ կարող ա պատահի էդպիսի կարծիքներ հնչեն, որ գործարարները պտի չլնեն Ազգային ժողովում: Էդ կարծիքներն իրավունք ունեն գոյություն ունենալ: Բայց ես համարում եմ, որ էդ հարցերը կարգավորված են մեր օրենսդրությունում, եւ որեւէ գործարար, որը զբաղվում ա գործարարությամբ, իրավունք չունի պատգամավոր լինի»:

«Երկիր»-ը գրում է. - «Մայրաքաղաքում քաղաքակիրթ առեւտրի միջավայր ձեւավորելու, փողոցներն ավելի ներկայանալի դարձնելու քաղաքապետի ցանկությունն, անշուշտ, չի կարող շրջանցել կրպակների ապամոնտաժման խնդիրը: Սակայն դրա համար կիրառվող մեթոդները դրական արդյունքի հույս չեն ներշնչում: Քաղաքակիրթ աշխարհն այս հարցը լուծում է փողոցային առեւտրի գործունեության չափորոշիչներ սահմանելու եւ պահպանելու միջոցով: Մինչդեռ քաղաքապետարանը ոչ միայն այդ տարբերակով շարժվել չի ուզում, այլեւ չի փորձում գործազրկության մատնվող մարդկանց այլընտրանքային եւ քաղաքակիրթ ձեւեր առաջարկել: Եթե կրպակներն են խոչընդոտը, ապա որքանո՞վ են քաղաքակիրթ Երեւանում գործող տոնավաճառները, որոնք այս կամ այն օլիգարխին պատկանելու պատճառով անձեռնմխելի են մնում: Մնում է եզրակացնել, որ կամ քաղաքապետն այս գործընթացն սկսել է առանց հաշվարկելու կրպակների ապամոնտաժման սոցիալական հետեւանքները, կամ պարզապես ծառայություն է մատուցում մանր ու միջին օբյեկտների ոչնչացման հաշվին Երեւանում ծաղկող ու տարածվող սուպերմարկետներին եւ նրանց տերերին»:


Սեպտեմբերի 17-ի մամուլ
please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG