Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը մեծարում է մտավորականներին, հոգեւորականներին եւ մարզիկներին


Անկախության 20-ամյակին նվիրված ընդունելությունը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Երեւան, 16-ը սեպտեմբերի, 2011թ.

Անկախության 20-ամյակին նվիրված ընդունելությունը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Երեւան, 16-ը սեպտեմբերի, 2011թ.

«Անկախության գաղափարի ե՛ւ հղացողը, ե՛ւ կրողը, ե՛ւ քարոզողը առաջին հերթին մտավորականներն են եղել», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ուրբաթ օրը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրած ընդունելության ժամանակ:

Ելույթ ունենալով ընդունելության ժամանակ, որին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներ, մտավորականներ, սպորտի բնագավառի ներկայացուցիչներ, նախագահը ասել է. - «Ազգային պետություն վերականգնելու եւ վերակազմակերպելու գործն առաջ են տարել մարդիկ, ովքեր մոռացել են իրենց անձնական կյանքը, ենթարկվել հալածանքների, երբեմն սեփական կյանքով են վճարել, բայց կատարել են իրենց առաքելությունը: Չունենալով հայրենի պետություն` մտավորականները հաճախ իրենց վրա են վերցրել պետական կառույցների գործառույթներ եւ իրականացրել դրանք` ավել կամ պակաս հաջողությամբ»:

«Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից մենք ունեցանք հազարավոր կամավորներ, որոնց գաղափարական եւ բարոյահոգեբանական նախապատրաստումն իրականացրել էին մեր մտավորականները: Ազատասիրության ու հայրենասիրության կրակը մեր նոր սերնդի մեջ վառել էին առաջին հերթին մեր արվեստագետներն ու գիտնականները», - ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Այս հանգամանքը շատ լավ հասկանում էին նույնիսկ մեր ժողովրդի դահիճները, որոնք Մեծ եղեռնի ամենասոսկալի փուլն սկսեցին հենց մտավորականների ձերբակալություններով 1915 թվականի ապրիլի 24-ին»:

«Այս պատմական զուգահեռները մեզ այսօր անհրաժեշտ են ոչ միայն մեր մտավորականության դերն արժեւորելու, այլեւ ձեւակերպելու համար, թե ինչն է ներկա պատմական փուլում կարեւոր, ինչն է հասարակական-քաղաքական առումով արդիական: Այն ազգը, որը չի կարողանում հաջորդ սերնդին փոխանցել իր արժեհամակարգը, մեկ սերունդ հետո պարզապես այլասերվում է. ավելի պարզ` լավագույն դեպքում դառնում է ուրիշ ազգ, իսկ մեծ մասամբ` ապազգային ու անդեմ զանգված», - ընդգծել է նախագահը:

«Դարեր շարունակ մեր ինքնության դրոշակակիրն է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որը մեր ամենահին ոչ միայն հոգեւոր, այլեւ գիտական ու մշակութային կազմակերպությունն է: Ավելին, Հայ եկեղեցին կատարել է նաեւ դատական եւ տեղական իշխանության գործառույթներ, իսկ իր թեմական կառույցների ցանցով դարեր շարունակ ունեցել է համաշխարհային ընդգրկում: Պետական գրեթե բոլոր կառույցներին փոխարինող մի հաստատություն, որ ծանր ժամանակներում վառ պահեց անկախ պետականության ջահը` երբեմն համբերատար, իմաստուն ու հեռատես, երբեմն կտրուկ եւ օտարի լուծը չհանդուրժող, բայց միշտ հայկական մի կառույց», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ասել է Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Օրինաչափ է, որ Անկախության հռչակման առաջին իսկ րոպեներին պիտի հնչեին Ամենայն Հայոց Հայրապետի` Վազգեն Առաջինի օրհնության խոսքերը: Այդ օրհնանքով է սկիզբ առել մեր նորագույն պետականությունը, եւ 20 տարի շարունակ հայոց պետությունն ու հայ եկեղեցին ձեռք ձեռքի քայլել ու քայլում են առաջ` ազգային ու համամարդկային իդեալների ճանապարհով»:

Նախագահի հրամանագրերով Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան հոգեւոր այրեր, ինչպես նաեւ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում ակնառու նվաճումների հասած եւ համընդհանուր ճանաչման արժանացած մի խումբ անձինք պարգեւատրվել են պետական շքանշաններով եւ մեդալներով:

Պատվավոր կոչումների եւ պարգեւների մի մասը երկրի ղեկավարի կողմից հանձնվել է ուրբաթ օրը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ մինչ տոնական ընդունելությունը:

Պարգեւատրման արարողություն նախագահականում

Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ` իրենց բնագավառներում ակնառու նվաճումների եւ հաջողությունների, լավագույն արդյունքների հասած վաստակաշատ ներկայացուցիչներ, հայապահպանության գործում նշանակալի ավանդ ունեցած եւ հայրենիքին զորավիգ եղած մի խումբ անձինք պարգեւատրվել են պետական բարձրագույն պարգեւներով:

Շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրված, ինչպես նաեւ պատվավոր կոչումների արժանացած սփյուռքահայության ականավոր ներկայացուցիչների, գիտության, կրթության, առողջապահության եւ տնտեսության բնագավառի մի խումբ անձանց, Զինված ուժերի եւ ուժային կառույցների ծառայողների, դիվանագիտության ասպարեզում հաջողություններ արձանագրած դիվանագետների պարգեւները հանձնվել են երկրի ղեկավարի կողմից` շաբաթ օրը նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման արարողության ժամանակ:

«Ինձ համար այս պարգեւների հանձնումը պատիվ է, որովհետեւ այստեղ ներկա են մեր երկրի ու հասարակության արժանավոր ներկայացուցիչներ: Առաջին հերթին հենց նման մարդկանց շնորհիվ է, որ մեր պետությունը կանգուն է եւ նման մարդկանց շնորհիվ է առաջընթաց արձանագրում մեր ժողովուրդը», - ասել է Սերժ Սարգսյանը:

«20 տարի առաջվա Հայաստանը եւ այսօրվա Հայաստանը ոչ միայն աշխարհի, այլեւ մեզ համար բացարձակապես տարբեր երկրներ են: Մեր երկիրը վերափոխվել է հենց մարդկանց` կոնկրետ անհատների նվիրված աշխատանքով: Եվ յուրաքանչյուրի բերած աշխատանքի կաթիլները միավորվելով մեծ ուժ են դառնում», - հայտարարել է նախագահը` հավելելով. - «20 տարի առաջվա Հայաստանը եւ այսօրվա Հայաստանը, այնուամենայնիվ, նույն երկիրն են` նույն լեզվական, մշակութային ու ընտանեկան ավանդույթներով, ինչպես նաեւ ազգային իղձերով: Մենք միշտ մնալու ենք նույնը, բայց նաեւ միշտ տարբեր. պահպանողական ու արդիական, ազգային ու միջազգային, միշտ հին ու միշտ նոր: Սա է հավերժության ճանապարհը, եթե հավակնում ենք հավերժի ճամփորդ լինել»:

«Զինվոր թե սպա, գիտնական թե արվեստագետ, բժիշկ թե ուսուցիչ, շինարար թե քաղծառայող, բանվոր թե նախարար` բոլորս մեծ հաշվով նույն գործն ենք անում` նույն կառույցի մասերն ենք», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Այսօր հայրենիքը արժանին է մատուցում նրանց, ովքեր ունեն այդ գիտակցությունը, ովքեր ապրում ու աշխատում են այդ գիտակցությամբ, ովքեր չափանիշ են ձեւավորում, քանզի վաղվա սերունդը հենց այդ չափանիշներով է առաջնոդվելու», - հայտարարել է Հայաստանի նախագահը շաբաթ օրը կայացած արարողության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG