Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի ֆերմերներից շատերը ուրբաթ օրը Գյումրիում հրավիրված խորհրդակցության ժամանակ իրենց դժգոհությունը հայտնեցին ցորենի էլիտար սերմացուի բաշխման պայմաններից: Գյուղատնտեսության փոխնախարարը, սակայն, վստահեցնում է, որ ամեն ինչ արվում է ըստ սահմանված կարգի:

Հայաստանի կառավարության մշակած ծրագրով անցած տարվանից ներկրվում է էլիտար ցորենի սերմացու, որը բաշխվում է խոշոր ֆերմերային տնտեսությունների միջեւ: Չորս տարվա ընթացքում Հայաստան ներկրվելու է 3 հազար տոննա սերմացու:

Անցած տարի տրամադրված 1100 տոննա էլիտար սերմացուն ստացած 146 գյուղացիական տնտեսություններն արդեն հետ են վերադարձնում` մեկ կիլոգրամի դիմաց 2 կիլոգրամ հարաբերությամբ:

Շիրակի մարզի ֆերմերների հետ հանդիպմանը ուրբաթ օրը Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը որոշ տվյալներ հրապարակեց. - «Տարին նպաստավոր է հանրապետության համար: Ոչ թե այդ 1100 տոննան հեղափոխություն արեց… Տարվա նպաստավոր վիճակը մեզ բերել է անցյալ տարվա 183,5 հազար տոննայի դիմաց այս տարի արդեն բունկերային քաշով հավաքվել է 217 հազար տոննա»:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ Ռուսաստանից արդեն ներկրվել է այս տարվա համար նախատեսված 1100 տոննա ցորենի էլիտար սերմացուն, որն առաջիկա օրերն բաշխվելու է: Շիրակի մարզին բաժին է հասել 687 տոննա:

Հայտ ներկայացրած ֆերմերների հետ հանդիպմանը Սամվել Գալստյանը նշեց, որ այս տարի միայն 7 եւ ավելի հեկտար հող ունեցող ֆերմերներին է սերմացու ցորեն տրվելու (անցյալ տարի սերմացուն տրվում էր 10 եւ ավելի հեկտար ունեցողներին):

Սակայն, պարզվեց, որ 7 հեկտար հող ունենալը բավարար չէ:

«Ցորեն ցանածներին, գարի ցանածներին երբեք էլիտար սերմացու չի տրվելու: Միգուցե այս պահին դահլիճում կարող է նստած լինեն այնպիսի շահառուներ, որոնք իրենց հայտերում գրել են` նախկին մշակաբույսը ցորեն, եւ այսօր եկել են խորհրդակցությանը մասնակցելու: Բնականաբար, մերժելու ենք», - ասաց փոխնախարարը:

Դրանից հետո ֆերմերներից շատերը վրդովվեցին, վեճի բնվեցին ու լքեցին դահլիճը:

«Այս տարի 15 հեկտար հող ունեմ, որից 5 հեկտար ցելն է [այն հողը, որտեղ նախորդ տարի ցորեն կամ գարի չի ցանվել]: Ասում է` 7 հեկտար անպայման ցել պիտի լինի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց դժգոհ ֆերմերներից մեկը:

«Ես 7 հեկտար հող ունեմ, 2-ը լրիվ ցել է, մնացածը` ցորեն ու գարի: Հիմա ասում է` 7 հեկտարն էլ ցել պիտի լինի, որ տանք: 7 հեկտարը եթե ես ցել թողնեմ, 20 անձ է իմ ընտանիքը, այդ 20 անձը ի՞նչ պիտի ունի, որ մինչեւ հաջորդ տարին ապրի, որ տան, ցորեն ցանենք, որ բերք լինի», - բողոքեց մեկ ուրիշը` հավելելով, որ իրենց գյուղից սերմացու ստացավ միայն գյուղապետը:

Շիրակի մարզից ցորենի էլիտար սերմացու կստանան ընդամենը 74 շահառու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG