Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը նախկին նախագահներին հրավիրել է մասնակցելու անկախության 20-ամյակի միջոցառումներին


Նախագահ Սերժ Սարգսյանը Պատմության ազգային թանգարանում դիտում է իր եւ նախկին նախագահների լուսանկարները, 13 սեպտեմբեր, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը Պատմության ազգային թանգարանում դիտում է իր եւ նախկին նախագահների լուսանկարները, 13 սեպտեմբեր, 2011

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանի նախկին նախագահներին հրավերներ են ուղարկվել մասնակցելու Հայաստանի անկախությանը նվիրված կարեւորագույն միջոցառումներին, «այդ թվում` պետական ճաշին, ինչպես նաեւ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք զորահանդեսին, տոնական մեծ համերգին եւ այլն»:

Բացի այդ, ինչպես հայտնի է, Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում երեկ հայտնված տեղեկատվության համաձայն, Հայաստանի երրորդ Հանրապետության եւ խորհրդարանի 20-ամյակի կապակցությամբ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «հրավիրում է ընդունելության ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի բոլոր գումարումների պատգամավորներին»:

Հիշեցնենք, որ հանրապետության առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ընտրվել են Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորներ: Տեր-Պետրոսյանն 1990 թվականի օգոստոսին ընտրվել է նաեւ Գերագույն խորհրդի նախագահ, իսկ Ռոբերտ Քոչարյանը` նախագահության անդամ:

«Ազատություն» ռադիոկայանը այսօր փորձեց պարզել, թե արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ընդունելո՞ւ են հրավերը եւ մասնակցելո՞ւ են այդ միջոցառումներին, այդ թվում` սեպտեմբերի 19-ին ԱԺ-ում կայանալիք ընդունելությանը:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հրավերը նախագահական նստավայրից իրենք ստացել են, իսկ թե արդյո՞ք ընդունելու է հրավերը Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ մասնակցելու է միջոցառումներին, Մուսինյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես հաստատեց, որ իրենք ստացել են հրավերները: Միջոցառումներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ Սողոմոնյանը եւս խոստացավ տեղեկացնել ավելի ուշ:

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք իշխանությունների կողմից ընդդիմադիր ՀԱԿ-ի ղեկավարին հրավեր ուղարկելը պե՞տք է ընկալվի որպես յուրատեսակ մի ընդառաջ քայլ ընդդիմությանը, պատասխանեց. - «Այս միջոցառումը եւ այս հրավերը, որի հեղինակն էր երկրի նախագահը, մի բան է ցույց տալիս, եւ մի բան կարող ենք ընկալել բոլորս, երկրի ղեկին կանգնած է նախագահ, քաղաքական ուժ եւ կոալիցիա, որի առաջնահերթություններում կան միայն ազգային եւ պետական գաղափարներ: Եվ մենք գնում ենք ազգի կոնսոլիդացիայի, միասնականության ճանապարհով եւ գտնում ենք, որ ազգային, պետական տոները, որոնց թվին է դասվում հենց անկախության 20-րդ տարեդարձը, որը մեր նորագույն պատմության ամենափառահեղ տոներից մեկն է, հնարավորություն է տալիս, որպեսզի բոլորը միասնական դառնան: Կարծում եմ, որ այն բոլոր ուժերը կամ անհատները, ովքեր իրենց լուման են ներդրել Հայաստանում պառլամենտարիզմի սկզբնավորմանը եւ զարգացմանը եւ առհասարակ իրենց լուման են ներդրել, որպեսզի անկախ Հայաստանը լինի հնարավորինս կայացած եւ հզոր, բնականաբար, պետք է հրավիրվեին: Ինչ վերաբերում է նախագահի հրավերին, ապա դա եւս մի բան է ցույց տալիս, որ մենք չենք գնում յուրայինների մեջ օտարներ փնտրելու ճանապարհով: Մենք կարծում ենք, որ Հայաստանում պետք է լինեն տոները, եւ այդ տոները պետք է միավորեն ողջ հասարակությանը, եւ այստեղ չպետք է լինի ընդդիմություն եւ իշխանություն»:

Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները չեն մասնակցելու անկախության 20-ամյակի միջոցառումներին:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանը այդ օրերին բացակայելու է երկրից, իսկ Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը չմանրամասնեց տոնական միջոցառումներին Լեւոն Տեր-Պետրոսյանի չմասնակցելու պատճառները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG