Մատչելիության հղումներ

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը


Այս տարի «Հայ ֆեստ» թատերական փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը եւ կցուցադրի 60 ներկայացում աշխարհի 18 երկրներից:

Հայաստանցի հանդիսատեսին ներկայացվող բոլոր թատերական աշխատանքները «Հայ ֆեստ»-ի նախագահը կամ գեղարվեստական ղեկավարը արդեն դիտել են ու գտել, որ դրանք այն ներկայացումներն են, որ պետք է ցույց տալ Երեւանում, քանի որ նորարարական են, հետաքրքիր ու ստեղծված են ժամանակակից թատերական մոտեցմամբ:

Ժամանակակից ներկայացումներ` բեմադրված ստեղծագործ մոտեցումներով, հայաստանյան թատրոնները փաստորեն չունեն, քանի որ փառատոնի ծրագրում տեղական թատրոնների ներկայացումներ հատուկենտ են:

«Ուզում եմ գանգատվել, ուրեմն 2010-2011-ը Հայաստանում աշխույժ թատերական տարի չէր: Ներկայացումները, պրեմիերաները ես նայում էի, որ ասեմ` հիացա, ոչ. կա ակտիվության անկում: Միգուցե իրենք (թատրոնները) հուսահատվել են «Հայ ֆեստ»-ից, միգուցե իրենք հասկանում են, այսինքն կան թատրոններ, որ հասկանում են, որ փառատոնի ներկայացնելու բան չունեն: Օրինակ «Մուսա լեռան 40 օրը» փառատոնային ներկայացում չի, դա խաղացանկային ներկայացում է», - ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:

«Հայ ֆեստ» 2011-ի ծրագրում ընդգրկված 60 ներկայացումները հիմնականում Եվրոպայից են, ինչը փառատոնի նախագահը բնական է համարում, քանի որ «լավագույն թատրոնը հենց Եվրոպայում է»:

Եվրոպայից Հայաստան եկած ներկայացումների շարքում բուլղարական հայտնի «Կրեդո» թատրոնի նոր` «Հայրիկը միշտ ճիշտ է» ներկայացումն է, շոտլանդական հեղինակավոր Էդինբուրգի փառատոնի ծրագրից երկու ներկայացումներ` 3D տեխնոլոգիայով նկարված «Մենության տանգոն» ու կրկին բրիտանական «Նախատիպ» ներկայացումը: Այս տարի առաջին անգամ Երեւանի հանդիսատեսը կդիտի հնդկական ներկայացում` Պարի եւ մնջախաղի թատրոնի կատարմամբ:


«Փառատոնին ունեցել ենք 100 հայտ, որից մենք ընտրեցինք մոտ 40-ը, որից կարողացանք 20-ը բերել: Լավ խմբեր կային, որոնք շատ ուզում էին, բայց չկարողացան գալ, չկարողացան գտնել գումարներ, ճանապարհածախս եւ այլն: Կային խմբեր, որ մենք էինք շատ ուզում` գային, բայց չգտանք ֆինասավորում ու իրենք չփորձեցին էլ գտնել, որովհետեւ շատ հայտնի են», - նշեց Արթուր Ղուկասյանը:

Փառատոնը կցուցադրի դրամատիկական, երաժշտական եւ պարային ժանրերի ներկայացումներ հիմնական, ֆրինջ, ուսանողական, տիկնիկային եւ մանկական ներկայացումների ծրագրերում: Կանցկացվեն նաեւ վարպետության դասընթացներ:

«Հայ ֆեստ»-ի այս տարվա բյուժեն, նախորդ 3 տարիների պես, կազմում է 33 մլն դրամ, որը տրամադրվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Այլ հովանավորներ փառատոնը չունի, բրիտանական ներկայացումները Հայաստան բերելու հարցում աջակցել է Բրիտանական խորհուրդը:
XS
SM
MD
LG