Մատչելիության հղումներ

Կոնգրեսի ներկայացուցիչը «վնասակար» է որակում ԵԽԽՎ-ի բանաձեւի նախագիծը


ԵԽԽՎ-ում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:

ԵԽԽՎ-ում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը ժողովրդավարության զարգացման առումով խիստ բացասական եւ վնասակար է համարում «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» զեկույցի նախագիծը:

«Սա փաստորեն հերթական քարտ բլանշն է Հայաստանի իշխանություններին` շարունակելու այն վարքագիծը, որ նրանք երկար ժամանակ որդեգրել են, եւ այն քաղաքականությունը, որ նրանք երկար ժամանակ վարել են: Եվ այդ քաղաքականությունից Հայաստանի իշխանությունների վարքագիծը տարբերվել է միայն այն ժամանակ, երբ ԵԽԽՎ-ն նրանց քննադատել է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով, նախագծում բավական անհանգստացնող դրույթներ կան, որոնցից իշխանությունները օգտվելու են. մասնավորապես, անընդունելի է համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ակսել Ֆիշերի պատրաստած զեկույցում տրված այն գնահատականը, թե «2008 թվականի մարտյան իրադարձությունների էջը կարող է ի վերջո փակված համարվել». - «Դա չի վերաբերում հետաքննությանը, որովհետեւ հավելվածում նրանք շարունակում են հետաքննության մասին դիտողությունները եւ պահանջները, որ այդ հետաքննությունը պիտի կատարվի: Բայց այնուամենայնիվ, զուտ քաղաքական տեսանկյունից, Մարտի 1-ի էջը փակված լինելը եթե նշանակում է, թե Մարտի 1-ի պատճառով առաջացած ճգնաժամն է լուծված, դա նույնպես սարսափելի խիստ գնահատական է, որովհետեւ Մարտի 1-ը կեղծված ընտրությունների հետեւանք էր եւ այդ ճգնաժամի լուծում միայն կարող են լինել ընտրությունները»:

Համազեկուցողները, մինչդեռ, բանաձեւի նախագծում որպես Մարտի 1-ի էջը փակելու հիմք տեսնում են նախագահի հայտարարած համաներումը եւ սպանությունների բացահայտման գործին նոր թափ հաղորդելու ցուցումը, ինչպես նաեւ` «սկսված կառուցողական երկխոսությունը իշխող կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ»:

Այս կապակցությամբ ՀԱԿ-ի ներկայացուցիչը ասաց. - «Նախ այդ երկխոսությունը առայժմ առկախված է, եւ դրա մասին բանաձեւում որեւէ գնահատական չկա: Երկրորդ` եթե նույնիսկ երկխոսությունը շարունակվի, երկխոսությունը ինքը լուծում չէ, այլ լուծման մեթոդ, եւ այդ 2-ը իրար հետ չի կարելի շփոթել»:

Նախագծի մյուս` շատ ավելի մտահոգիչ ձեւակերպումը, Արման Գրիգորյանի դիտարկմամբ, համազեկուցողների դրական գնահատականն է նոր Ընտրական օրենսգրքին: Նրա համոզմամբ` հին օրենսգրքով էլ կարելի էր լավ ընտրություններ կազմակերպել: Բացի այդ, ընդդիմության կողմից եղել են առաջարկներ, որոնք տեղ չեն գտել փոփոխություններում, եւ այդ մասին բանաձեւում խոսք չկա. - «Ես բազմաթիվ անգամ շփումներ են ունեցել Եվրոպայի Խորհրդում` համազեկուցողների հետ եւ այլ պաշտոնյաների հետ, ամեն անգամ, երբ ես հայտարարել եմ, որ Հայաստանում վատ ընտրությունների պրոբլեմը դա օրենսդրության թերությունները չեն, երբեք չի եղել որեւէ լուրջ առարկություն նման փաստարկի դեմ: Հիմա այդ գովեստը փաստորեն նշանակում է, որ նրանք համարում են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պիտի բարելավեն ընտրության որակը: Դա ուտոպիական հույս է»:

Եթե հաջորդ ընտրությունները անցկացվելու են նույն ինստիտուտների եւ նույն մարդկանց վերահսկողությամբ, ապա, ըստ Արման Գրիգորյանի, անիմաստ է որեւէ դրական տեղաշարժ ակնկալել:

Իսկ արտահերթ ընտրությունների աննպատակահարմարության մասին համազեկուցողների պնդումը ընդդիմադիր գործիչը «խայտառակ» որակեց` ընգծելով, որ Ֆիշերն ու Պրեսկոտը գրավել են իշխանությունների դիրքը. - «Պարզապես ԵԽԽՎ-ի կողմից եւ այս զեկույցի հեղինակների կողմից անաչառության եւ չեզոքության խախտման դրսեւորում է: Նրանք Հայաստանի ներքին քաղաքականության կարեւորագույն հարցի շուրջ փաստորեն կողմնակալ դիրք են գրավել: Բացի դրանից, այն փաստարկը, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելը ինչ-որ լոգիստիկ դժվարությունների հետ է կապված, շատ թույլ փաստարկ է»:

Համազեկուցողների դիրքորոշման մեղմացումը ՀԱԿ-ի ներկայացուցչի համար անակնկալ չէր, իսկ վերջին զարգացումների համատեքստում` նույնիսկ օրինաչափ. - «Բայց ես չէի սպասում, որ այդ մեղմացումը պիտի պարունակի նման խայտառակ դրույթներ»:

Մարտի 1-ի էջը փակված համարելու մասին ձեւակերպումը, հիշեցնենք, հարուցել էր Մարտի 1-ին զոհվածների հարազատների վրդովմունքը: Երեկ նրանք բողոքի ցույց անցկացրին ԵԽԽՎ-ի հայաստանյան գրասենյակի մոտ եւ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նախագահին ու համազեկուցողներին հասցեագրված նամակ հանձնեցին:

ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի համոզմամբ` հոկտեմբերի 3-7-ը կայանալիք նստաշրջանի ընթացքում բանաձեւը կընդունվի առանց էական փոփոխությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG