Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 15-ին Ստրասբուրգում ավարտված Եվրանեսթի առաջին լիագումար նիստը ձախողվել է, որեւէ բանաձեւ չի ընդունվել:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը հայտնում է, որ կատարյալ ձախողում է տեղի ունեցել: Հիմնական հարցը Եվրանեսթի բանաձեւի համաձայնեցումն էր, որը պետք է ներկայացվեր սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովում:

«Հայաստանի պատվիրակությունը հիմնականում վրդովված էր բանաձեւի տեքստում առաջարկված երկու փոփոխություններից, որոնք վերաբերում էին տարածքային ամբողջականությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ»,- Ստրասբուրգից «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը փոխանցեց Ռիկարդ Յոզվյակը:

Նրա խոսքով, Հայաստանի պատվիրակության մոտեցումները մեծամասնության աջակցությունը չեն ստացել: Հայկական պատվիրակությունն իր հերթին երկու փոփոխություն է առաջարկել, որոնց հետ մյուսները չեն համաձայնել, փոխադարձ մեղադրանքներ են հնչել, քաոսային իրավիճակ է ստեղծվել ու արդյունքում ոչ մի բանաձեւ չի ընդունվել:

Նրա կարծիքով՝ հարց է, թե արդյոք Եվրանեսթը կշարունակի՞ իր գործունեությունը:

Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, թե հայկական կողմն ամենաշատն է աշխատել բանաձեւի վրա, իսկ՝ «փոփոխությունների առաջարկները ամենահարուստն են եղել, հեռատես ու իմաստուն»։

Նրա խոսքերով, հայկական պատվիրակությունը փորձել է գտնել այնպիսի ձեւակերպումներ, որպեսզի որեւէ կողմը իր շահերը ոտնահարված չզգա, սակայն հատկապես Վրաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները ոչ մի կերպ չեն համաձայնել առաջարկներից մեկին։

«Իրենց կողմից նշված էր տարածքային ամբողջականությունը որպես միջազգային իրավունքի սկզբունք, սահմանների անձեռնմխելիությունը եւ այլն։ Մենք ընդամենը առաջարկեցինք ավելացնել նաեւ այն՝ ինչ ընդունված է ամբողջ աշխարհում, ինչը ֆիքսված է բազմաթիվ փաստաթղթերում՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ ուժի, կամ ուժի սպառնալիքի չկիրառումը», - պատմեց Վահան Հովհաննիսյանը։

Դաշնակցական գործիչն ասաց, որ ինքը նույնիսկ զիջումների է գնացել՝ ազգերի ինքորոշման փոխարեն առաջարկելով «ազատ կամարտահայտություն ձեւակերպումը»: Նա ասաց, որ շատ մոտ էին համաձայնության հասնելուն, անգամ ադրբեջանական կողմն է ընդունել փոփոխությունը, սակայն վրացական կողմը մնացել է անդրդվելի:

«Այն, ինչի մասին մենք բազմիցս զգուշացում էինք մեր եվրոպացի գործընկերներին՝ որ եթե Եվանեսթը դառնա չլուծված հակամարտությունների, տարածքային վեճերը լուծելու վայր, ապա այդ նախաձեռնությունը (Եվրանեսթը) կտապալվի: Դրա հիմնական իմաստը՝ եվրոպական ինտեգրացիան՝ հետին պլան կմղվի ու կմնան միայն փոխադարձ վիրավորանքները, փոխադարձ մեղադրանքները, ինչը եւ տեղի ունեցավ», - ասում է Վահան Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով, սակայն, դեռ վաղ է ասել, թե Եվրանեսթը տապալվել է․ - «Տապալվել է բանաձեւը, որը պետք է ներկայացվեր Վարշավայի գագաթաժողովում: Ինչ արած: Տապալվել է՝ տապալվել․․․ մենք չէինք կարող այդ հարցում զիջել», - ասաց նա՝ ընդգծելով, որ բանաձեւը հայկական կողմից չի արգելափակվել՝ «վերջին «ոչ»-ը ասել են ադրբեջանցիներն ու վրացիները»:

Այնուամենայնիվ, Վահան Հովհաննիսյանի խոսքերով․ - «Այս ձախողումը կարող է եւ ճակատագրական դեր խաղալ, որովհետեւ շատերին հիասթափեցրել է եւ գուցե համատեղ աշխատելու առաջվա էնտուզիազմը էլ չլինի: Բայց չենք կարող ասել, թե Եվանեսթը ամբողջությամբ տապալվել է, կազմակերպությունը շարունակում է գոյատեւել»:

Հովհաննիսյանը հավելեց, որ ծրագրված աշխատանքներ կան, նշանակվել են առաջիկա հանդիպումները: Արեւելյան գործընկեր պետությունների տարածքում առաջին արտագնա նիստը անցկացվելու է Երեւանում: Գալիք տարվա փետրվարին Երեւանում տեղի է ունենալու Եվրանեսթի մշակույթի, սոցիալական հարցերի եւ քաղաքացիական հասարակության հանձնաժողովի նիստը:

Եվրանեսթի հաջորդ լիագումար նիստը ադրբեջանական կողմը առաջարկել է ապրիլ ամսին անցկացնել Բաքում:

Վահան Հովհաննիսյանը ասաց, որ հայկական պատվիրակությունը այս առաջարկին դեմ չի արտահայտվել, հնարավոր է մասնակցեն Բաքվի նիստին:

«Մենք պատճառ չունենք դրան հակադրվելու, չենք ուզում նորանոր բանավեճեր բացվեն, չնայած ապրիլը ծանր ամիս է՝ ընտրություններից առաջ, այնուամենայնիվ, այնպես չենք անի, որ մեր բացակայության պատճառով նիստը տապալվի: Մենք շատ կառուցողական ենք տրամադրված, բայց մեր շահերը չենք զիջի ոչ մի կառուցողականության հանուն», - ընդգծեց Եվրանեսթում հայաստանյան պատվիրակության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG