Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը վերահաստատեց երկխոսության նախապայմանի վերաբերյալ իշխանության տեսակետը


ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան

Ուրբաթ օրը Ազգային ժողովի խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ Հայ ազգային կոնգրես-իշխանություն առկախված երկխոսությանն է անդրադարձել Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Երկխոսությունը վերսկսելու կապակցությամբ ընդդիմության նախապայմանների բավարարման հարցին պատասխանելով` Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե իշխանության պատասխանը «ոչ»-ն է:

«Հենց այսօրվանից էլ կասենք` ոչ», - ասաց Գալուստ Սահակյանը:

Սահակյանը վերահաստատեց իշխանության պնդումը, թե երկխոսությունը վերսկսելու նախապայման համարվող ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանքի հարցը քաղաքական հարթությունում չէ:

«Որովհետեւ դա այլ լիազոր մարմին գործ է, եւ քաղաքական լուծումներ այդտեղ չեն կարող լինել», - ասաց Գալուստ Սահակյանը:

Այս գնահատականի կապակցությամբ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. - «Քանի որ Գալուստ Սահակյանը բազմիցս ապացուցել է, որ նրա հայտարարությունները լուրջ ընդունել չի կարելի, ուրեմն նրա որեւէ հայտարարություն մեկնաբանելը համարում եմ անլուրջ գործ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ի հանրահավաքում ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացրել էր, որ եթե մոտակա օրերին Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի, այդ դեպքում ընդդիմությունը պատրաստ է վերադառնալ բանակցությունների սեղանին. հակառակ պարագայում երկխոսությունն առկախված թողնելով ընդդիմությունը հարկադրված կլինի իշխանությունների հետ խոսել այլ լեզվով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ քաղաքական գործընթացներ կհետեւեն այս հայտարարությանը, Ազգային ժողովի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանը պատասխանեց, թե ի վերջո կլինի երկխոսության շարունակություն:

«Բնականաբար, կլինի նաեւ համապատասխան վերլուծություն, եւ դրա արդյունքում կկարողանան նորից շարունակել երկխոսությունը: Ինձ այդպես է թվում, իմ կարծիքն է», - ասաց Բալասանյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀԱԿ-ի այն ձեւակերպումը, որ խորհրդարանը վերածվել է ոչ թե քաղաքացիների, այլ օլիգարխներին ներկայացնող ոչ լեգիտիմ կառույցի (խոսքը երկխոսության ժամանակ քննարկվող ՀԱԿ-ի 87-էջանոց փաստաթղթի այն հատվածի մասին է, որտեղ նշված էր հակառակ Սահմանադրության պահանջներին ձեռնարկատիրությամբ զբաղվող ԱԺ 76 պատգամավորների անուններ, որոնց մեջ կար նաեւ Սամվել Բալասանյանի անունը), ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. - «Ես 1999 թվականի մարտ ամսից դուրս եմ եկել բիզնեսից, եւ ինչ-որ Սահմանադրության պահանջն է, բնականաբար, պետք է բոլորս կատարենք»: Բալասանյանն ասաց, թե «Գյումրի» գարեջրի բիզնեսով իր որդիներն են զբաղվում:

Այս շաբաթ մեկնարկած խորհրդարանի աշնանային նստաշրջանի նախընտրական տրամադրությունները չթաքցրեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` նկատի ունենալով, որ գարնանը նախատեսված են խորհրդարանի հերթական ընտրությունները: Հարցին, թե այդ դեպքում արդյո՞ք «Օրինաց երկիր»-ը փորձելու է սոցիալական նախագծեր ներկայացնել` ընտրություններում քվե հավաքելու նպատակով, Բիշարյանը արձագանքեց. - «Այո, մտնում ենք նախընտրական փուլ, կան բազմաթիվ նախագծեր, որոնք ոչ միայն սոցիալական են, այլեւ տարբեր բնագավառների բարեփոխումներին են վերաբերում:

Ինչ վերաբերում է Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությանը, ապա «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե Դաշնակցությունը շարունակելո՞ւ է հանդիպումներ նախաձեռնել` նկատի ունենալով վերջերս Գյումրիում կայացած սակավամարդ հանրահավաքը, խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը պատասխանեց. - «Մենք մեծ խնդիր ենք տեսնում ժողովրդին, քաղաքական ուժերին, հասարական կազմակերպություններին բացատրելը, թե ի՞նչ ենք մենք ցանկանում, եւ այս դեպքում խնդիր չի դրվում, թե որքան մարդ կմասնակցի: Սա նախընտրական շրջան չէ, այդ հանդիպումները կարող են վաղը լինել կոլեկտիվներում, որոնցում ավելի քիչ մարդ կմասնակցի»:

Անցած վեց ամիսներին քաղաքացիների հետ հանդիպումների արդյունքն այս շաբաթվա սկզբին խորհրդարանում ամփոփեց «Ժառանգություն» խմբակցությունը` հայտարարելով, թե հանրության մոտ ամրապնդվել է համակարգային փոփոխություններին միտված ամբողջական իշխանափոխության հստակ պատկերացումը: Փետրվարի վերջին խորհրդարանի աշխատանքները բոյկոտած եւ այս շաբաթ ԱԺ վերադարձած «Ժառանգություն»-ը, սակայն, իշխանափոխության իրականացման իր ռազմավարությունը այս պահին դեռ չի քննարկել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG