Մատչելիության հղումներ

Երեխաներն ընդդեմ ծխախոտի հասանելիությանը անչափահասներին


Այսօր Երեւանի թիվ 150 դպրոցի աշակերտների նախաձեռնությամբ մեկնարկեց «Երեխաներն ընդդեմ ծխախոտի հասանելիությանը անչափահասներին» խորագրով երթը, որին մասնակցում էին նաեւ ծնողներն ու ուսուցիչները:

15-ամյա Անժելա Ավագյանի ընտանիքում ծխում են հայրիկն ու պապիկը: Նախկինում շատ հաճախ հենց ինքն էլ ծխախոտ է գնել նրանց համար. - «Այժմ ես ոչ միայն չեմ անում դա, այլեւ խանութների վաճառողներին եմ հորդորում հաշվի առնել օրենքը եւ անչափահասներին ծխախոտ չվաճառել»:

Աշակերտները նախապես ուսումնասիրել են «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը, շրջել խանութներով ու պարզել, որ այն որոշ դեպքերում չի գործում: Նրանք մասնակցել են նաեւ դասընթացների, հանդիպումներ ունեցել Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ:

Այսօր շատ ավելի տեղեկացված են եւ ցանկանում են իրենց ստացած գիտելիքները փոխանցել հարազատներին, ընկերներին եւ պարզապես անցորդներին:

«Մենք Առողջապահության նախարարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ էլ խոսել ենք օրենքից, իմացել, թե ով է վերահսկողություն իրականացնում, ինչ պատժամիջոցներ կան, արդյունավետ են, թե ոչ, ինչ կարելի է անել», - ասացին աշակերտները:

«Save the children» կազմակերպության դասընթացների եւ զարգացման գծով պատասխանատու Նարինե Մալխասյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է 5 մարզերի եւ Երեւանի 20 դպրոցներում, դրան մասնակցում են 14-18 տարեկան մոտ 800 աշակերտներ:

Ծրագրում ընդգրկված երեխաները բացի, ծխոխոտից քննարկել եւ իրականացրել են միջոցառումներ երեխաների նկատմամբ բռնությունների եւ շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ:

Աշակերտները մտադիր են «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկներն ուղարկել Ազգային ժողով:
XS
SM
MD
LG