Մատչելիության հղումներ

Oxford Analytica. «Ադրբեջանի բանակի ցածր որակը կարող է հանգեցնել պատերազմի»


Զորահանդես Ստեփանակերտում, արխիվային լուսանկար

Զորահանդես Ստեփանակերտում, արխիվային լուսանկար

Oxford Analytica միջազգային խորհրդատվական-վերլուծական կենտրոնը հրապարակել է զեկույց Ղարաբաղի շուրջ նոր բախումների հնարավորության մասին։

Ըստ Oxford Analytica-ի փորձագետների, Լեռնային Ղարաբաղի խնդիրը Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը անմիջականորեն սպառնացող գործոն է։

Այն է'լ ավելի վտանգավոր եւ արյունալի կլինի, եթե խնդրին միջամտեն Ռուսաստանը, Թուրքիան կամ Իրանը։ Դա կունենա ավելի ավերիչ հետեւանքներ, քան Հարավային Օսիայի շուրջ 2008 թվականի օգոստոսի ռուս - վրացական պատերազմը։

Զեկույցում նշվում է երեք հիմնական սպառնալիքների մասին։ Առաջին` բախումների վերսկսումը կվտանգի էներգակիրների փոխադրման ուղիները, դա նախեւառաջ վերաբերում է Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղին։ Արդյունքում` միջազգային շուկաներում շեշտակի կաճի նավթի գինը։

Երկրորդ` պատերազմը կվտանգի միջանցքը, որն անցնում է Ադրբեջանի օդային տարածքով եւ որով Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրականացնում է Աֆղանստան ռազմական փոխադրումների ավելի քան 70 տոկոսը։

Երրորդ` Ռուսաստանը կարող է միջամտել կոնֆլիկտին եւ հզորացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչի հետեւանքով Վրաստանը կհայտնվի է'լ ավելի մեկուսացված վիճակում։ Բացի այդ, դա կդառնա խոչընդոտ Հայաստանում եւ Ադրբեջանում դեմոկրատական բարեփոխումների համար։

Oxford Analytica-ի վերլուծաբանների փոխանցմամբ` Ադրբեջանը հետզհետե ավելի է ընկճվում, քանի որ բանակցային գործընթացում էական առաջխաղացում չկա։ Վերջին ժամանակաշրջանի լարվածությունը եւ առավել հաճախակի դարձած բախումները վկայում են պատերազմի վերսկսման էական վտանգի մասին։

Կազանի հանդիպման ձախողումն է'լ ավելի է խթանել Ադրբեջանում ռազմաշունչ հռետորաբանությունը։ Բաքվում սկսել են ավելի բացահայտ խոսել Լեռնային Ղարաբաղի խնդիրը զենքով լուծելու անխուսափելիության մասին։

Ըստ կենտրոնի վերլուծաբանների, զսպող հանգամանքը ոչ այնքան միջազգային հանրության ճնշումն է, որքան Ադրբեջանի զինված ուժերի սահմանափակ կարողությունը։

Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի մերվել պարտության հետ եւ շարունակելու է բանակի հզորացման քաղաքականությունը։ Ադրբեջանի համար անցած դարի 90-ական թվականներին կրած նվաստացուցիչ պարտությունը սոսկ հայաբնակ տարածքի կորուստ չէ։ Ադրբեջանը 1994 թվականին զրկվել է նաեւ Ղարաբաղին հարող շրջաններից։ Այդ պարտությունը ցավ պատճառող համազգային նսեմացում է։

Սակայն, ըստ Oxford Analytica-ի վերլուծաբանների, ադրբեջանցիների մեծ մասը հավատում է, որ պարտությունը վերջնական չէ, նրանք համոզված են, որ «Հայաստանը շահել է ընդամենը ճակատամարտը, այլ ոչ թե ամբողջ պատերազմը, որն Ադրբեջանի համար բնավ չի ավարտվել»։

Զեկույցում ասվում է, որ այս անորոշությունը նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որում առավել ակտիվ է նախեւառաջ Ադրբեջանը։

2004 թվականին այդ երկիրը զինված ուժերին 175 միլիոն դոլար է հատկացրել, իսկ այս տարի այդ գումարը հասել է արդեն 3.1 -3.3 միլիարդ դոլարի, ինչը հավասար է պետական բյուջեի 20 տոկոսին։

Այնումանենայնիվ, ըստ վերլուծաբանների, թեպետ Ադրբեջանը բանակին փոխանցում է շատ միջոցներ, դրանք արդյունավետ կերպով չեն տնօրինվում, քանի որ չնայած այդ հատկացումներին` զինված ուժերի իրական մարտունակությունը տպավորիչ չէ։

Պատճառներից մեկը, ըստ զեկույցի հեղինակների, Ադրբեջանի զինված ուժերում համատարած կոռուպցիան է։

Oxford Analytica-ի պատրաստած զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի սահմանների երկայնքով տեղակայված ադրբեջանական ուժերի ցածր որակն ինքնին վտանգավոր գործոն է, քանի որ անորակ ստորաբաժանումների ոչ պրոֆեսիոնալ եւ վատ հաշվարկված անկանխատեսելի գործողությունները կարող են հանգեցնել նոր պատերազմի։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG