Մատչելիության հղումներ

Անկախությունն իր հետ բերեց նոր տնտեսակարգ` իր նոր հեռանկարներով, ինչպես եւ նոր մարտահրավերներով: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ հինգշաբթի օրը սոցիալ-տնտեսական ոլորտի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ընդունելությանը, որին մասնակցել են երկրի սոցիալական եւ տնտեսական ոլորտի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Սերժ Սարգսյանը հայտարարել է. - «Հենց անկախ պետականությունն էր, որ առաջին իսկ օրվանից հույսը դրեց հայաստանցու աշխատասեր ու ձեռներեց նկարագրի վրա` հռչակելով ազատ շուկա»:

«Ունենալով շատ համեստ բնական ռեսուրսներ եւ երկու տասնամյակ ապրելով շրջափակման պայմաններում` մենք կարողացանք ստեղծել տնտեսություն, որ կերակրում ու սպառազինում է իր զինվորին, ապահովում իր ուսուցչի արժանապատիվ կենցաղը: Մեր հասարակության մեջ ձեւավորվեցին փոքր, միջին եւ խոշոր գործարարների խավեր: Աստիճանաբար խոշոր գործարարներն ու ընկերությունները սովորում են նաեւ այն ճշմարտությունը, որ, իրենք ի թիվս այլ խնդիրների, ունեն նաեւ սոցիալական պատասխանատվություն հասարակության առջեւ: Ավելին` քայլ առ քայլ մեզանում վերականգնվում են նաեւ բարեգործության ընդհատված ավանդույթները», - ասել է նախագահը:

«Սոցիալական պատասխանատվության մակարդակի բարձրացումը դառնում ու դառնալու է մշտական գործընթաց: Արժե հիշել եւ երբեք չմոռանալ, որ առանց անկախ Հայաստանի այսօր չէին լինելու ո՛չ խոշոր ընկերությունները, եւ ո՛չ էլ մեծահարուստները: Համենայնդեպս` չէին լինելու Հայաստանում», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Հայտնի է, որ մենք սահմանադրորեն հռչակել ենք սոցիալական պետություն: Նաեւ գաղտնիք չէ, որ այդ սոցիալական պետությունը դեռեւս մնում է նպատակ եւ չի դարձել անքննելի իրականություն: Այս ոլորտում ե՛ւ պետությունը, ե՛ւ այլ կազմակերպություններ հսկայական գործ են արել եւ անում: Բայց «հսկայական» բառը մեր պարագայում պետք է հասկանալ մեր հնարավորությունների համատեքստում: Մենք պիտի խոստովանենք, որ երկու տասնամյակները մեզ չբավարարեցին այս բնագավառի բազմաթիվ խնդիրներ լուծելու համար: Բայց սա ամենեւին էլ վհատվելու առիթ չէ», - ասել է նախագահը` շարունակելով. - «Սոցիալական հարցեր, այդ թվում եւ` սուր, կան նույնիսկ բարեկեցիկ երկրներում, սակայն այդ երկրները կայացած սոցիալական պետություններ են, ինչին մենք դեռեւս չենք հասել: Հասարակության սոցիալական պաշտպանվածությունը ամենաուղղակի կերպով կապված է մեր տնտեսական վիճակի հետ: Առաջինի զարգացումը պայմանավորված է երկրորդի զարգացմամբ»:

«Բոլոր առկա հիմնախնդիրներով հանդերձ, մենք առաջ ենք գնում: Մեր պետության ու հասարակության առաջընթացը համակողմանի է: Այո, երբեմն մենք տեսնում ենք անհամապատասխանություն տարբեր ոլորտների զարգացման մակարդակների միջեւ: Մենք ընտրել ենք կայուն վերելքի ճանապարհը, եւ բոլոր ուղղություններով տարվող ակտիվ աշխատանքով է, որ մեր երկիրը դնելու ենք ներդաշնակ զարգացման անշրջելի ուղու վրա», - հայտարարել է Սերժ Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը տարածել է մնախագահի մամլո գրասենյակը:

«Մեր երկրի առջեւ անցյալում եւ ներկայում ծառացած խոշորագույն փորձությունները շատ հաճախ արտաքին ապակայունացման արդյունք էին: Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի տնտեսական շրջափակում, էներգետիկ ճգնաժամ, պատերազմ հարեւանությամբ, համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամ եւ այլն: Այս եւ բազմաթիվ այլ մարտահրավերներ նախեւառաջ մեր երկրի համար խիստ աննպաստ տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումների արդյունք էին, որ էլի կարող են կրկնվել», - ասել է նախագահը:

«Մեր նորանկախ պետությունն իր ստեղծման օրվանից դիմակայել է հիմնականում մարտահրավերների հետեւանքներին: Մեր երկրի առջեւ ծառացած բազմաթիվ ներքին տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ հոգեւոր մարտահրավերները, անկայունության թափանցող ազդեցությամբ պայմանավորված դժվարությունները, ըստ էության, տարածաշրջանային ապակայունացման բացասական ներգործության հանդեպ մեր պետականության եւ հասարակության խոցելիության հետեւանք էին: Արդյունքում, համաշխարհային եւ տարածաշրջանային յուրաքանչյուր ցնցում մեր երկիրը դուրս է բերել հանդարտության ընդմիջումներից` կանգնեցնելով նոր խնդիրների առջեւ», - շեշտել է Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Մեր երկիրը ներկա փուլում ջանում է վերացնել իր փորձությունների աղբյուրը՝ տարածաշրջանային եւ համաշխարհային հնարավոր ապակայունացման զգալի բացասական ներգործությունը երկրի տնտեսական, քաղաքական եւ հասարակական կյանքի վրա: Մենք այլ ճանապարհ չունենք: Այլապես պարբերաբար պիտի շարունակենք պայքարել հետեւանքների դեմ, մինչդեռ մեր դժվարությունների ծագման պատճառները շարունակելու են նորանոր մարտահրավերներ ծնել ու դնել մեր ու մեր սերունդների առջեւ»:

Այդ խնդրի լուծումը, ըստ նրա, հնարավոր է «նույնարժեքային համակարգերի ինտեգրվելու ճանապարհով, ամրացնելով նաեւ մեր իսկ ներքին պաշտպանական համակարգերը». - «Կայացնելով ներքին այնպիսի համակարգ, որտեղ հասարակությունը ձեւավորում է բարօրության եւ պաշտպանվածության մթնոլորտ իր յուրաքանչյուր անդամի համար: Եվ այդ անդամին ձեռք են մեկնում ամենածանր փորձության պահին` անգամ եթե նույն փորձությունը թակում է հենց իրենց դուռը: Այնպիսի համակարգ, որը պահանջում ու ձեւավորում է միջավայր, որտեղ յուրաքանչյուր անհատի բարօրությունն անհնար է առանց բոլոր անհատների բարօրության համար անհրաժեշտ միջավայրի»:

«Մենք, որպես պետություն եւ որպես հասարակություն արդեն կայացել ենք այնքան, որ կարող ենք մեզ թույլ տալ ավելի մեծ ու ավելի կայուն համակարգերի ամրապնդման մասին խոսել: Խոսել ու քայլ առ քայլ իրողություն դարձնել: Համենայն դեպս անցած քսան տարիների ձեռքբերումները մեզ այդ հնարավորությունն այսօր իրապես տալիս են», - վստահեցրել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG