Մատչելիության հղումներ

Շիրակի ու Լոռու մարզերի սահմանին գտնվող Թռչկանի ջրվեժի գոյությունը վտանգված է՝ ահազանգում են բնապահպանները։

«Ռոբշին» ՍՊԸ-ն, ստանալով համապատասխան լիցենզիա, Թռչկանի ջրվեժի տարածքում՝ Չիչխան գետի հունի վրա 1050 կիլովատ դրվածքային հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան է կառուցում։

Բնապահպանները պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցման արդյունքում գետի հունը կփոխվի եւ զգալի վնաս կհասցվի ջրվեժին ու տարածքի կենսաբազմազանությանը։

Անցած շաբաթ բնապահպանները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով կասեցնել շինարարական աշխատանքները։ Դրանից հետո բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կառուցապատողին՝ «Ռոբշին» ընկերությանը առաջարկել է 10-օրյա ժամկետով կասեցնել բոլոր տիպի աշխատանքները եւ ներկայացնել նոր առաջարկություններ, որոնք կապահովեն Թռչկանի ջրվեժի պահպանությունը։

Շիրակի մարզում ջրվեժի ճակատագրով մտահոգ մի խումբ քաղաքացիներ ստեղծել են «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խումբ, որին միացել են տասնյակ հասարակական կազմակերպություններ։ Այսօր նախաձեռնող խումբը «հետախուզական» այց կատարեց Թռչկանի ջրվեժ՝ համոզվելու, արդյոք շինարարությունը կասեցվե՞լ է։ Այցելության պահին տարածքում շինարարական տեխնիկա չէր աշխատում, որեւէ մարդ չկար։ Այդուհանդերձ, «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամները մտահոգ են ջրվեժի ճակատագրով։

«Ցանկացած տարբերակն էլ եթե վերցնենք՝ թե ներքեւից փակելու, որպեսզի գոյանա ջրամբար, հետո օգտագործեն ՀԷԿ-ի նպատակներով, թե վերեւից՝ ջրվեժը կոչնչանա։ Բնականաբար բիզնեսմենը պիտի ընտրի ավելի էժան եւ քիչ ծախսատար տարբերակները, որոնք ամենավտանգավորն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արմեն Պետրոսյանը։

«Սրբազան հող» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Էլբակյանն էլ հավելեց․ - «Դեմ չենք, որ գետերի վրա մանր հիդրոէլեկտրակայաններ կառուցվեն։ Բայց չեմ ուզում, որ բանալիով լինի ջրվեժը, որ մարդիկ վճարեն դրա համար, նոր տեսնեն այդ հրաշքը»։

Շիրակի մարզի 24 հասարակական կազմակերպություններ նաեւ բաց նամակով դիմել են վարչապետին եւ բնապահպանության նախարարին՝ հիշեցնելով, որ Թռչկան ջրվեժը ներառվել է Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկում որպես ջրագրական հուշարձան եւ ըստ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի, բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանմանը։

Սեպտեմբերի 19-ին պարզ կդառնա՝ «Ռոբշին» ՍՊԸ-ն նույն նախագծո՞վ կշարունակի ՀԷԿ-ի շինարարությունը, թե՞ ջրվեժի պահպանումից բխող փոփոխություններ կարվեն։

Բնապահպաններն եւ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խումբը պատրաստվում են շարունակել պայքարը՝ ՀԷԿ-ի շինարարությունը կասեցնելու եւ ջրվեժը փրկելու համար։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG