Մատչելիության հղումներ

Վրաստանում կրճատվել է հայկական դպրոցների թիվը


Նոր ուսումնական տարվա մեկնարկը Վրաստանում, 15 սեպտեմբեր, Թբիլիս
Նոր ուսումնական տարվա մեկնարկը Վրաստանում, 15 սեպտեմբեր, Թբիլիս
Վրաստանում հինգշաբթի օրը մեկնարկել է նոր ուսումնական տարին: Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրդը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե այսօր Վրաստանում գործում 138 հայկական դպրոց:

Երկու տարի առաջ դրանց թիվը 150-ից ավելի էր։ Բայբուրդի պնդմամբ` այդ կրճատումը միայն հայկական դպրոցներին չի վերաբերել, տեղի ունեցածը ընդամենը երկրում անցկացված օպտիմալացման արդյունքն է. աշակերտները քիչ են եղել, դպրոցները միավորվել են։

Նախագահ Միխելիլ Սահակաշվիլիի խորհրդականը հավաստիացնում է, որ պետությունը լավ աչքով է նայում երկրում բնակվող ազգային փոքրամասնություններին, չնայած դրան, հայերից քչերն են իրենց երեխաներին հայկական դպրոցներ տանում: Բայբուրդի խոսքով` Վրաստանի ռուսական դպրոցների 99 տոկոսում հայ երեխաներ են սովորում։ Նա հայերի այսօրինակ վարքագծի արմատները ռուսական հակաքարոզչության մեջ է տեսնում:

«Երբ հարեւան երկրներից քարոզվում է, որ Վրաստանում վատ է, երեւի ծնողները, մտածելով իրենց երեխաների մասին, ռուսական դպրոց են տանում: Բայց նրանք ապրում են այստեղ եւ տեսնում են, որ իրականում ոչ մի բան չկա: Հիմա արդեն այդ պրոցեսը սկսվել է, եւ այն, որ հայկական դպրոցների առաջին դասարաններում ավելացել է երեխաների թիվը, խոսում է այն մասին, որ ծնողները արդեն հասկացել են, որ ավելի լավ է տանեն հայկական դպրոց», - ասաց Բայբուրդը:

Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանի խոսքով` հետխորհրդային շրջանում 30-35 տոկոսով կրճատվել է հայկական դպրոցներում սովորող աշակերտների թիվը։ Դրա պատճառը, Ստեփանյանի հավաստիացմամբ, ամենեւին հակաքարոզչությունը չէ. տեղում ապրող հայ ընտանիքները ուղղակի գիտեն հայկական դպրոցների որակի մասին:

«Մակարդակը շատ ցածր էր, ուսուցիչներ չկային, գրքերի մասին էլ խոսք չկա, դպրոցների վիճակը շատ վատ էր եւ, իհարկե, հայկական դպրոց ավարտողը Վրաստանում հնարավորություն չուներ շարունակելու իր կրթությունը», - ասաց Ստեփանյանը:

Վան Բայբուրդի տեղեկացմամբ` մայրաքաղաք Թբիլիսիում 5 հայկական դպրոց է գործում։ Առնոլդ Ստեփանյանը ասում է` գործում է հայկական մեկ դպրոց եւ երկու բաժիններ, որոնցից մեկը, ըստ թիֆլիսահայերի, առաջիկայում փակվելու է. - «Վան Բայբուրդը երեւի 89 թվականի տվյալներ է տալիս», - ասում է Ստեփանյանը, ում կարծիքով` թերեւս, աղմուկից խուսափելու համար հայկական բաժիններից մեկի փակման գործընթացը ավարտին կհասցվի խորհրդարանական ընտրություններից հետո։

Վրաստանի հայկական դպրոցներում վրացերենի դասաժամեր են մտցվել։ Այս նախաձեռնությունը ողջունում է Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրդը։ Նա ասում է, թե այս նորամուծությունը կարող է օգնել մինչեւ այժմ վրացերենից լուրջ կաղացող հայ երեխաներին:

«Որպեսզի դպրոցը ավարտելուց հետո այդ աշակերտը լինի լիարժեք քաղաքացի, կարողանա բուհ ընդունվել, աշխատանք փնտրել, գրագրությունը անի վրացերեն լեզվով», - ասաց Բայբուրդը:

Ստեփանյանը նորից հակադարձում է. - «Երեխաները չեն տիրապետում վրացերենին, ոչ մի բան չեն հասկանա, ոչ վրացերենը կսովորեն, ոչ էլ առարկան կհասկանան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG