Մատչելիության հղումներ

«Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» թերթի գործից կարեւոր փաստաթուղթ է անհետացել»


Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացրած բողոքի քննումից հետո` երբ ավարտվեց դատական նիստը, ընկերության փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների առջեւ հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ:

Ըստ Բաղդասարյանի, Վերաքննիչում քննվող գործից անհետացել է շատ կարեւոր մի փաստաթուղթ: Փաստաբանը մանրամասնեց, թե խոսքը վերաբերում է դեռ առաջին ատյանի դատարանում ընթացող դատավարության ժամանակ իր կողմից պատահմամբ հայտնաբերված հայտնի անստորագիր տեղեկանքին, ուր գրված է եղել, թե ինչ հիմքերով պետք է բավարարվի Քոչարյանների ընտանիքի հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի եւ ինչու պետք է մերժվեն «Ժամանակի» փաստաբանի հակափաստարկները: Այդ տեղեկանքը, ինչպես հայտնի է, հայտնաբերվել է դեռ դատավարության ժամանակ, երբ չկար դատավորի վճիռը: Իսկ երբ փաստաբան Բաղդասարյանը հարց է բարձրացրել, թե ու՞մ կողմից է պատրաստվել տեղեկանքը եւ ի՞նչ է դա նշանակում, թե´ գործով դատավոր Արայիկ Մելքումյանը, թե´ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ներկայացուցիչները պատասխանել են, որ տեղյակ չեն:

«Այսինքն՝ դեռ դատը չավարտված, փաստաթուղթ կար, որտեղ գրված էր ինչպես մեր հայցը պետք է մերժվի։ Հիմա հարց է ծագում՝ դա ինչպե՞ս է կցվել գործին, որտեղից էի ես ծանոթացել եւ պատճենահանել», - պատմեց փաստաբանը։ - «Մենք գրավոր դիմում ենք այսօր ներկայացրել, որպեսզի մեզ տրամադրվի իրենց պատասխանը գրավոր կցված քաղաքացիական գործին, եւ տրամադրվի այդ փաստաթուղթը։ Եթե իրենք պատճենը տվեցին, կբարձրացնենք հարցը՝ կասենք ինչպե՞ս է կատարվել, որ քաղաքացիական գործի, մի դատարանից մյուսը գնալով, միջից նյութ է կորում, որը ամենակարեւորն է եւ անգամ ապագայում, երբ կդիմենք Եվրոպական դատարան, դա կդնենք հիմքում»։

Այս կապակցությամբ Բաղդասարյանը հիշեց Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանի հայտարարությունը, ով «Հայկական ժամանակ» օրաթերթի այս օգոստոսի 24-ի համարում հրապարակված հարցազրույցում ասել էր, թե Հայաստանում դատավորներն անպաշտպան են, քանի որ ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկված են` հավելելով, որ ամեն օր առավոտյան դատարաններում կազմվում են տեղեկանքներ, թե դատավորներից յուրաքանչյուրն այդ օրն ինչ գործ է քննելու եւ դրանց շրջանակներում ինչ դատական ակտ է պատրաստվում կայացնել, ու այդ տեղեկանքները փոխանցվում են ղեկավարությանը:

«Այս տեղեկանքը համընկնում է Սուրիկ Ղազարյանի հոդվածում կոչված այն տեղեկագրին, որը դատավորները պատրաստում են վերադաս մարմինների համար եւ որ դատավարությունները ոչ թե որոշվում են դատարանի դահլիճում, այլ փակ դռների հետեւից ինչ-որ մեկը որոշում է ով է ճիշտ, ով է սխալ՝ անկախ նրանից ինչ ապացույցներ կան, ինչ փաստեր կան»։

Հիշեցնենք` դեռ անցած տարի հոկտեմբերին Քոչարյանների ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթում 2010թ. սեպտեմբերին տեղ գտած 3 հրապարակումների կապակցությամբ: Թերթը, մասնավորապես, գրել էր, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելա Քոչարյանը կապ ունի դեղագործական բիզնեսի հետ, իսկ որդին` Սեդրակ Քոչարյանը, ոմն ձեռնարկատիրոջից առեւտրային կազմակերպություն է խլել: Մեկ այլ հրապարակման համաձայն` Սեդրակ Քոչարյանը ադամանդի հանքեր ունի Հնդկաստանում:

Հայաստանի երկրորդ նախագահի ընտանիքի անդամները համարել էին, որ թերթում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ պահանջել էին, որ «Ժամանակը» հերքի իրենց պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցի Քոչարյաններին հասցված 6 միլիոն դրամի վնասը:

Մի քանի ամիս տեւած դատավարությունից հետո, այս տարվա հունիսի 6-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի: Դատարանը թերթին պարտավորեցրեց հերքել Հայաստանի երկրորդ նախագահի ընտանիքի անդամների պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները, ինչպես նաեւ զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցել 3 միլիոն դրամի չափով վնասը: Եվս 3 միլիոն Քոչարյանները պահանջում էին որպես փաստաբանական ծառայությունների վճար, սակայն դատարանը այս մասով մերժեց հայցը:

Առաջին ատյանի դատարանի այդ վճիռը «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն բողոքարկեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, ուր եւ ներկայումս ընթանում է այդ բողոքի քննությունը:

Անդրադառանալով Քոչարյանների հետ ընթացող դատավարությանը` «Ժամանակ» օրաթերթի փաստաբանն այսօր նշեց, թե առաջին ատյանի դատարանի որոշման հետ իրենք համաձայն չեն, քանի որ «Ժամանակում» տեղ գտած հրապարակման վերաբերյալ Քոչարյանները հայց են ներկայացրել դատարան, երբ արդեն անցել էր նման դեպքերի համար սահմանված բողոքարկման 30-օրյա ժամկետը:

Ըստ Բաղդասարյանի, Քոչարյանները պնդում են, որ թերթը կամ հերքի այդ տեղեկությունները կամ ապացուցի դրանք, բայց որպեսզի «Ժամանակը» ապացուցի նշվածը, Բաղդասարյանի խոսքով, հարկավոր է դատարան կանչել ու հարցաքննել նշված ընկերությունների ղեկավարներին, ինչը չի արվում:

Քոչարյանների ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը այս առնչությամբ հրաժարվեց մեկնաբանություններ տալ։

please wait

No media source currently available

0:00 0:05:36 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG