Մատչելիության հղումներ

ԿԸՀ նոր նախագահը կընտրվի առավելագույնը մեկամսյա ժամկետում


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե առավելագույնը մեկ ամսվա ժամանակահատվածում կընտրվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նոր նախագահը:

ԿԸՀ նոր նախագահի ընտրության հարցը քննարկման առարկա էր դարձել հանձնաժողովը 2003 թվականից ղեկավարած Գարեգին Ազարյանի մահվանից հետո: Նա հանկարծամահ էր եղել սեպտեմբերի 9-ին:

Ըստ Ընտրական օրենսգրքի` ԿԸՀ անդամի լիազորություննների դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է 21-օրյա ժամկետում: Նախքան ԿԸՀ-ի նոր նախագահի ընտրությունն անհրաժեշտ է, որպեսզի համալրվի հանձնաժողովի կազմը:

Հիշեցնենք, որ Գարեգին Ազարյանի թեկնածությունն առաջադրել էր Վճռաբեկ դատարանի նախագահը, ուստի նրա մահվանից հետո կրկին Վճռաբեկ դատարանին է վերապահված ԿԸՀ նոր անդամի թեկնածության իրավունքը:

Վճռաբեկ դատարանի առաջադրած թեկնածուն, ըստ Ընտրական օրենսգրքի, պետք է հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվի ԿԸՀ անդամ:

«Եվ հանրապետության նախագահը նշանակում է ոչ թե ԿԸՀ նախագահ, այս ԿԸՀ անդամ: ԿԸՀ-ի նախագահն էլ կընտրվի նույն կարգով, որով առաջին անգամ ընտրվել է, այսինքն իրենց անդամներ իրենց միջից կընտրեն ԿԸՀ նախագահին», - պարզաբանեց արդարադատության նախարարը:

Նախքան Վճռաբեկ դատարանի թեկնածուի առաջադրումը արդեն լուրեր են շրջանառվում, համաձայն որոնց` իշխանական կուլիսներում որոշվել է ԿԸՀ նախագահի պաշտոնը վստահել ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանին, այսինքն նա իշխանության նախընտրելի թեկնածուն է:

Մարկոսյանը նախքան ԿԸՀ անդամ դառնալը թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն էր: Այս ընտրատարածքում անցյալ տարվա հունվարին կայացած Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններն ուղեկցվել էին մի շարք միջադեպերով, գլխավոր դատախազությունում հարուցել էր 3 քրեական գործ: Թիվ 10 ընտրատարածքում անցկացված ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցում նշվել էր, թե էական խախտումները սահմանափակել են խաղաղ ճանապարհով իշխանությունը փոխելու քաղաքացիների իրավունքը:

Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե առաջին անգամն է լսում, որ ինքը իշխանության նախընտրելի թեկնածուն է ԿԸՀ նախագահի պաշտոնում:

«Առաջին անգամ լսեցի եւ անկեղծ` ձեզանից եմ նման բան լսում, այդ հարցը չի քննարկվել: Երբ որ կլինի նոր նշանակումը, այդ ժամանակ հանձնաժողովը կհավաքվի եւ կընտրի նոր նախագահին: ԿԸՀ կանոնակարգը ասում է, որ նոր անդամի նշանակումից հետո 3-օրյա ժամկետում հանձնաժողովը հավաքվում է եւ արտահերթ նիստում ընտրում նախագահին», - ասաց Մարկոսյանը:

ԿԸՀ կանոնակարգով թույլատրվում է ինքնաառաջադրման տարբերակը: Սիլվա Մարկոսյանն ասաց, թե դեռ որոշում չունի ինքնաառաջադրման վերաբերյալ, չի հասցրել այդ մասին մտածել եւ դեռ չունի նախընտրելի թեկնածու, որին կուզենար տեսնել ԿԸՀ նախագահի պաշտոնում:

Վճռաբեկ դատարանը պետք է մինչեւ սեպտեմբերի վերջ առաջադրի ԿԸՀ անդամության իր նոր թեկնածուին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG