Մատչելիության հղումներ

logo-print

«Ջազը ինձ համար պարզապես գործիք է»


Սեպտեմբերի 17-20-ին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տեղի կունենան ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի համերգները:

Գյումրիում ծնված, այժմ ԱՄՆ-ում բնակվող ջազ երաժիշտը խոստովանում է, որ իր վրա ազդեցություն է թողել տարբեր ժանրերի երաժշտությունը` ռոքից մինչեւ հայկական ժողովրդական երաժշտություն, որն էլ հենց ընկած է իր ստեղծագործությունների մեծամասնության հիմքում:

«Հայկական ժողովրդական երաժշտությունը ավարտ չունի. որքան խորանում ես, այդքան կարելի է խորանալ, ու ինձ թվում է՝ մինչեւ իմ կյանքի վերջն էլ ես կզբաղվեմ այն ուսումնասիրելով», - ասաց Համասյանը Երեւանում հինգշաբթի կայացած ասուլիսում:

Ջազ երաժշտության միջազգային բազմաթիվ փառատոների դափնեկիր, չորս ալբոմների հեղինակ Տիգրան Համասյանը ինքն իրեն ջազ երաժիշտ չի համարում, քանի որ իր ստեղծագործությունները կրում են տարբեր ոճերի երաժշտության ազդեցությունը:

«Ջազը ինձ համար պարզապես գործիք է, որով կարողանում եմ ազատ իմպրովիզացիա անել: Իսկ թե ինչ բառապաշար եմ օգտագործում այդ իմպրովիզացիան անելու ընթացքում, այդտեղ արդեն գալիս է հայկական ժողովրդական երաժշտությունը ու նաեւ տարբեր այլ երաժշտություններ», - ասաց նա:

Համասյանի խոսքով` իր ստեղծագործությունների առաջին ունկնդիրներն ու քննադատները տարբեր մարդիկ են լինում, երբեմն դա լինում է հենց հանդիսատեսը:

«Լինում է, որ համերգաշարերի ընթացքում նոր գործ է ծնվում, եւ ես համերգի վերջում նվագում եմ այն: Փորձում եմ հասկանալ` ինչպես է ընկալվում հանդիսատեսի կողմից մինչեւ այն ձայնագրել», - նշեց Համասյանը:

Խոսելով Հայաստանում ջազի մասին` երաժիշտը ասաց` որպեսզի Հայաստանում ջազը զարգանա, պետք շփվել դրսի երաժիշտների հետ եւ սովորել նրանցից` այդպիսով նրանց էլ հնարավորություն տալով հայերին ճանաչել եւ հայերից սովորել: Ըստ նրա` այստեղ քիչ են ջազ կամ ռոք երաժիշտները, ինչը չի կարելի ասել դասական երաժիշտենրի մասին:

«Դասականը շատ է, բայց մնացածը մի քիչ «տխուր է», որովհետեւ չեն շփվում, չգիտեն ինչ նորություններ կան աշխարհում: Երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին այդ նորությունները չեն հասնում: Այսպես ասած՝ «նույն յուղի մեջ տապակվում են»: Բացի այդ հնարավորությունները շատ չեն», - նկատեց նա:

Հարցին` արդյո՞ք կվերադառնա Հայաստան, Համասյանը պատասխանեց. - «Ճիշտն ասած` չեմ վերադառնա: Ամեն անգամ գալուց հասկանում եմ, որ չի լինի այստեղ ապրելով ինչ-որ բանի հասնել: Անպայման գնալ-գալը պիտի լինի, հատկապես այն մասնագիտությունը, որը ես եմ ընտրել, անպայման պետք է դուրս գա»:

Միեւնույն ժամանակ նա ասաց, թե որ փորձելու է թեկուզ ժամանակավոր այստեղ բնակվել եւ ինչ-որ կերպ նպաստել ջազ երաժշտության զարգացմանը:

Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կայանալիք համերգների ժամանակ կկատարվեն ստեղծագործություններ «Ֆեյբլ» ("A Fable"), որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «առակ», ալբոմից: Համերգների հասույթը կտրամադրվի «Փյունիկ» հաշմանդամների միությանը: Այս համերգներին կհաջորդեն հյուրախաղերը Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում:

XS
SM
MD
LG