Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանի կարծիքով, Հայաստանում կարելի է բիզնեսի համար բոլոր դժվարությունները հաղթահարել


Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան
Ռուսաստանցի ամենահայտնի հայ գործարարներից մեկը` Ռուբեն Վարդանյանը, պարբերաբար հանդես է գալիս բարեգործական եւ կրթական ծրագրերով, սակայն միշտ չէ, որ հայաստանյան հասարակությունը այդ ծրագրերը միանշանակ է ընդունում:

Այսպես՝ Դիլիջանում միջազգային դպրոց ստեղծելու նրա նախագիծը, որն այսօր էլ ընթացքի մեջ է, արժանացավ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության քննադատությանը։

«Կարծում եմ, այստեղ կա մեր մեղավորությունը, որ հասարակությունը մեզ սխալ է հասկացել: Մենք ընդամենը մասնավոր միջազգային դպրոց ենք կառուցում, որտեղ պետք է սովորեն ոչ միայն հայ երեխաները, այլ նաեւ արտասահմանցիներ, եւ ինչպես ընդունված է ամենուր` կրթությունը այդ դպրոցում անգլերեն լեզվով է լինելու, հակառակ դեպքում` արտասահմանցու չես բերի Դիլիջան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է Ռուբեն Վարդանյանը:

«Իսկ ինչ վերաբերում է հայերեն լեզվին, ապա սա լուրջ խնդիր է, եւ այս խնդրով պետք է ամենայն լրջությամբ զբաղվել, պետք է մեծ ներդրումներ անել, որպեսզի կարողանանք պահպանել հայերեն լեզուն», - ասում է նա:

Ամեն դեպքում, դպրոցը այսօր արդեն կառուցվում է, եւ Վարդանյանը հույս է հայտնում, որ 2013 թվականի սեպտեմբերին կրթօջախն իր դռները կբացի առաջին աշակերտների առջեւ:

Ռուբեն Վարդանյանը նաեւ շարունակում է «Տաթեւ» ծրագիրը, մասնավորապես` առաջիկայում այստեղ սրճարան է բացվելու, քանի որ ճոպանուղուն սպասող մարդկանց մեծ հերթեր են գոյանում եւ մարդիկ հնարավորություն կունենան այդ ժամերը անցկացնել ավելի հարմարավետ պայմաններում:

«Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատերը բարեգործական ծրագրեր է իրականացնում նաեւ Ղարաբաղում, մասնավորապես` նա անձամբ օգնում է 250 ղարաբաղցի երիտասարդ ընտանիքների, եւ արդեն, ինչպես ինքն է ասում, «280 ղարաբաղցի երեխա ունի»:

«Խնդիրն այն է, որ Ղարաբաղում հնարավորինս շատ երեխա ծնվի` սա է այս ծրագրի նպատակը», - ասում է նա:

Մոսկվայում տարբեր հայերի կարելի է հանդիպել` տարբեր երկրներից, եւ նրանցից շատերն են ասում, որ կուզենան օգնել Հայաստանին, կուզենան լուրջ ներդրումներ կատարել, սակայն չեն հավատում, որ Հայաստանում կարելի է անվտանգ բիզնես անել, եւ որ եթե ամեն ինչ օրինական լիներ, իրենք ավելի ակտիվ կլինեին: Ռուբեն Վարդանյանը ասում է, որ իրականում ամեն ինչ մարդուց է կախված, եւ միշտ էլ կարելի է հազար ու մի պատճառ գտնել ինչ-որ բան չանելու համար:

«Իհարկե, Հայաստանում կան խնդիրներ, եւ ամենեւին էլ իդեալական պայմաններ չեն բիզնեսի համար, սակայն ցանկության դեպքում կարելի է բոլոր այդ դժվարությունները հաղթահարել. սա յուրաքանչյուր մարդու ընտրությունն է», - ընդգծում է Ռուբեն Վարդանյանը:

Վարդանյանը, ով Ռուսաստանի ամենահայտնի ֆինանսիստներից է եւ Ռուսաստանի արժեթղթերի շուկայի հիմնադիրը, վստահեցնում է, որ Հայաստանում տնտեսությունը թեեւ դանդաղ, բայց զարգանում է, եւ առաջխաղացում այսօր կա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` «իսկ անկախության 20-ամյակի տոնի նախօրեին ինչպե՞ս կամփոփեք անցած տարիները», Վարդանյանը պատասխանում է. - «Եթե անկեղծ լինենք, ապա մենք պետք է հպարտանանք, քանի որ շատ բաների ենք հասել այս 20 տարիներին` հաղթել ենք պատերազմում, կարողացել ենք հաղթահարել սարսափելի երկրաշարժի հետեւանքները, կարողացել ենք պետականություն կառուցել, երբ 800 տարի այն չունեինք: Մենք շատ թանկ գին ենք վճարել` խոսքը այն մասին է, որ այս տարիներին Հայաստանից շատ-շատերն են մեկնել: Գիտեմ, որ այսօր էլ կան նման տրամադրություններ, գիտեմ, որ այսօր էլ շատերն ուզում են մեկնել Հայաստանից, եւ Հայաստանը ծաղկուն երկիր կլինի միայն այն դեպքում, երբ հայաստանցի երիտասարդը իր ապագան տեսնի հենց Հայաստանում: Սա է ամենակարեւորը»:
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG