Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի հարազատներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան գրասենյակ էր բերել Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների հեղինակած նոր բանաձեւի նախագիծը:

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի պատրաստած` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» զեկույցի նախագծի 11-րդ կետում ԵԽԽՎ-ին առաջարկվում է հայտարարել, որ վերջին համաներման, 2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտմանն ուղղված գործողությունների «նորովի խթանման, ինչպես նաեւ ընդդիմության ու իշխող կոալիցիայի միջեւ երկխոսության սկզբնավորման» արդյունքում «2008 թվականի մարտյան իրադարձությունների էջը կարող է ի վերջո փակված համարվել»:

Այս նախադասությունը զայրացրել է մարտի 1-ի զոհերի հարազատներին, ովքեր պահանջում են, որ «հրաման տվողները, մեղավորները պատժվեն»:

ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի առջեւ պաստառները պարզած կանգնելուց որոշ ժամանակ անց զոհերի հարազատներին մոտեցան գրասենյակի աշխատողները: Նրանք հայտնեցին, որ գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն պատրաստ է լսել իրենց:

Զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Խաչատրյանը, նամակ էր պատրաստել` հասցեագրված ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նախագահին, համազեկուցողներին, Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներին: Նամակը ստորագրելուց հետո նրանք այն ներկայացրեցին Զեհեին: Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Ալլա Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իրենց բացատրել է, թե այդ նախադասությունը ամենեւին չի նշանակում, որ մարտի 1-ի էջը, առանց մեղավորներին բացահայտելու, կփակվի:

«Մեր նամակները մենք ե'ւ հայերեն, ե'ւ անգլերեն ներկայացրեցինք: Նա ասաց, որ կփոխանցի: Պլյուս դրան` իր կողմից նշումներ կատարեց այդ մտահոգությունների վերաբերյալ: Դա մի քիչ մեր իշխանություններին հնարավորություն է տալիս իրականում էջը փակելու: Եթե իրենք ասում են, որ` մենք այդպիսի նպատակ չունենք, ուրեմն պետք է ինչ-որ ձեւով փոխեն այդ արտահայտությունը», - հավելեց Խաչատրյանը:

Զեհեն խոստացել է իրենց նամակն ուղարկել հանձնաժողով, ինչպես նաեւ եւս մի նամակով արտահայտել իր մտահոգությունը զոհերի հարազատների բարձրացրած հարցի վերաբերյալ:

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը եւս բողոքի նամակ է հղել հանձնաժողով` մտահոգություն հայտնելով «զեկույցում տեղ գտած որոշ անընդունելի եւ վտանգավոր դրույթների առնչությամբ, որոնք ստվերում են զեկույցի ամբողջ ոգին եւ գլխավոր գործառույթը»:

«Մենք շարունակում ենք մեծ թերահավատությամբ վերաբերվել գործող իշխանությունների կողմից մարտի 1-ի սպանությունների բացահայտման հեռանկարին, քանի դեռ Սերժ Սարգսյանը որեւէ քայլ չի կատարել Փաստահավաք խմբի վերականգնման համար, որը կազմավորվել էր իշխող կոալիցիայի, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության կողմից նշանակված փորձագետների ներգրավմամբ եւ որը, ի տարբերություն իրավապահ մարմինների, իրական ու արդյունավետ գործունեություն էր ծավալել նշված իրադարձությունների բացահայտման ուղղությամբ», - ասված է «ժառանգության» տարածած հայտարարությունում:

«Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» զեկույցի նախագիծը հրապարակվել է սեպտեմբերի 8-ին եւ առաջիկայում ընդունման է ներկայացվելու ԵԽԽՎ-ի կողմից:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG