Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանը հավաստիացնում է, որ բանակում անպատժելիության մթնոլորտ չկա


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Զինված ուժերում մահացած զինվորների եւ սպաների հարազատները հինգշաբթի օրը անմիջապես շրջապատեցին գործադիրի նիստից հետո կառավարության շենքից դուրս եկող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` նրանից պահանջելով պատասխանել, թե ինչու են սպանել իրենց զավակներին:

Անդրադառնալով բանակում տեղի ունեցած, իր խոսքով, հակաօրինական միջադեպերին, նախարարը հայտարարեց. - «Հարուցված են քրեական գործեր, իրավապահ մարմինները զբաղվում են դրանցով, չկա որեւիցե մի դեպք, որ մեղավորների շրջանակը հայտնաբերված չլինի կամ նաեւ այդ մարդիկ հայտնաբերված չլինեն, կալանավորված չլինեն: Պարզապես մենք բոլորս, այդ ցավը միասին ապրելով, այդ ողբերգության ազդեցությունը միասին տանելով, մի փոքր համբերություն պետք է ունենանք, որպեսզի հետեւենք, եւ իրավապահներ մինչեւ վերջ հասցնեն»:

Երբ մահացածների հարազատները փորձում էին առանձին ներկայացնել իրենց զավակների հետ տեղի ունեցածը, Սեյրան Օհանյանը հորդորում էր հանդիպել առանձին եւ յուրաքանչյուր միջադեպի ու երեւույթի մասով առանձին պարզաբանում տալ:

«Տարեցտարի բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարների թիվը նվազում է, չնայած յուրաքանչուր մահ ցավ է մեզ համար»:

Ծնողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների այդպիսի թիվ լիներ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. - «Բանակում անպատժելիության մթնոլորտ չի եղել եւ այսօր էլ չկա, բոլորը իրենց արժանի պատիժը ստանում են, եւ բանակում որեւիցե մի դեպք հնարավոր չէ թաքցնել, որպեսզի անպատժելի լինեն մարդիկ»:

Մեկ այլ հարցի, թե չի պատահո՞ւմ, որ մեղավորների փոխարեն անմեղները պատժվեն, նախարարը արձագանքեց. - «Չի պատահում` գրեթե»:

Անցած տարվա հուլիսին բանակում մահացած 30-ամյա սպա Արտակ Նազարյանի մայրը նախարարին փոխանցեց որդու մահվան դատաբժշկական քննության եզրակացությունը: Նախարարը խոստացավ ուսումնասիրել փաստաթուղթը:

«Վերջին անգամ ես փաստաթուղթ եմ ուղարկել, որպեսզի [Արտակ Նազարյանի մահվան գործով] դատավարության վայրը տեղափոխեն Երեւան` զինդատախազություն: Այսօր այդ փաստաթուղթը ես ստորագրել եմ, որ ուղարկվի», - ասաց նախարարը:

«Դուք տրամադրել եք «Գազել» մեքենա, որպեսզի մենք կարողանանք հասնել Բերդ, բայց ի՞նչ օգուտ: Իրենք ամեն անգամ դատը հետաձգում են, տարիքով, վատառողջ մարդկանց հետ են ուղարկում, այդ ծախսերն էլ անտեղի գնում, կորչում են, ինչի՞ համար, պարո'ն Օհանյան», - հարցրեց Արտակ Նազարյանի մայրը, ինչին նախարարը պատասխանեց. - «Ես պատրաստ եմ ձեզ մշտապես օգնելու, միայն թե այդ ամեն ինչը իր արդար ելքը ստանա»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG