Մատչելիության հղումներ

«Այն մասսան, որը այսօր ակտիվ է, բավարար է թիվ մեկ խնդիրը լուծելու համար»


ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահ Մանուկյանը հինգշաբթի օրը հրապարակավ ընդունեց, որ սահմանադրական իշխանափոխության համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածի չձեւավորման մեջ մեղավոր է նաեւ ընդդիմությանը:

«Իհարկե, բոլորս ենք մեղավոր: Եթե Լֆիկը [Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը] շաքարը դարձնում է 500 դրամ, եւ ժողովուրդը չի բողոքում… Ես ասում եմ` այ ժողովուրդ ջան, այս ամբողջ անարդարությունները տեսնում եք, բանակը տեսնում եք, ինստիտուտների այլանդակությունը տեսնում եք, առողջապահությունում ինչ է կատարվում, բոլորդ գիտեք», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը ասաց նա:

«Աբսուրդ ենք որպես անհատ եւ որպես ազգ: Չենք բողոքում եւ լավագույն լուծումը տեսնում ենք ճամպրուկները հավաքելու մեջ` շառից հեռու լինելու համար», - ասաց Մանուկյանը` շարունակելով պատկերավորել, թե «ծայրահեղությունների ժողովուրդ ենք` շուտ ոգեւորվող ու շուտ էլ հիասթափվող», «պատյանի մեջ ներփակվող եւ համակերպվող ու խեղճացող»:

Արամ Մանուկյանի խոսքով, այդուհանդերձ, միշտ չէ, որ լուրջ հարցերը լուծվում են համազգային մասշտաբով. կա մի ակտիվ զանգված, կորիզ, որը ճակատագիր է որոշում, օրինակ` 500 մահապարտների վճռորոշ մասնակցությունը ղարաբաղյան պատերազմում:

Նրա համոզմամբ` քաղաքականության մեջ էլ այդպես է. - «Այն մասսան, որը այսօր ակտիվ է եւ պատրաստ է ակտիվ գործընթացների, հավատացեք, բավարար է այսօրվա թիվ մեկ խնդիրը Հայաստանում լուծելու համար: Եվ դա ոչ միայն գիտեմ ես, այլ գիտի իշխանությունը` շատ լավ: Եվ երբ մենք անցնենք ակտիվ քայլերի, մենք եղածը կրկնապատկելու եւ եռապատկելու ռեսուրս ունենք»:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով գնահատելով Հայաստանի 20-ամյա անկախության ձեռքբերումները` Մանուկյանը առանձնացրեց Ղարաբաղի ինքնորոշման համար մղված պայքարի արդյունքը` որպես թիվ մեկ հաջողություն, եւ երկրում ժողովրդավարության հիմքերի հաստատումը:

«Ես շատ ուրախ եմ, որ 1994 թվականին միջազգային կառույցները մեզ համարեցին տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ», - նշեց նա: - «Միակ ռեսուրսը` մարդկային ռեսուրսի հիման վրա, որը մեզ դարձրեց լուրջ սուբյեկտ, որի հետ սկսեցին հաշվի նստել, ժողովրդավարությունն էր»:

ՀՀՇ-ի ղեկավարը խոսեց նաեւ կորուստների մասին: Նրա ձեւակերպմամբ` կորուստ է այն, որ «մարդը, քաղաքացին, իր բազմամյա տառապանքներից ու զոհաբերություններից հետո, իր մաշկի վրա չզգաց անկախության նյութեղեն ազդեցությունն ու իրավական պաշտպանվածությունը»: Կորուստ է նաեւ «տագնապալի չափերի հասած ու ահագնացող արտագաղթը»:

«Եվ ամենակարեւորը` եթե քո ղեկավարը անձնական օրինակով իր երկիրը չի ուժեղացնում եւ իր սեփական գրպանի, սեփական բարեկեցության համար է պայքարում, տիրում է երկրի սեփականության եւ տնտեսական միջոցների 90-95 տոկոսին, այդ երկրում քաղաքացին այլեւս չի հավատում իր իշխանությանը, չի հավատում իր երկրի բարեկեցությանը», - հավելեց նա:

Այս ամենը եւ առհասարակ այսօրվա քաղաքական իրավիճակի վերլուծությունը Արամ Մանուկյանին հարկադրել է գալ հետեւյալ եզրակացությանը. - «Միջազգային կառույցները, լուրջ ուժերը թույլ են տալիս Հայաստանի իշխանավորին հանցագործություն կատարել, բռնում են այդ հանցագործության մեջ եւ այդ հանցագործությունը օգտագործում են որպես միջոց` նրան հպատակ պահելու համար: Վիկիլիքսը այդ դերը ունի, Իրաքին վաճառած զենքը այդ դերը ունի»:

Անդրադառնալով ՀԱԿ - իշխանական կոալիցիա երկխոսությանը` ՀՀՇ-ի ղեկավարը ասաց, որ, իր կարծիքով, երկխոսությունն իսկապես անհրաժեշտ է, քանի որ ոչ ոք չի ցանկանում հարցերը լուծել ցնցումների ճանապարհով. - «Օրակարգում դրած երկխոսության մեր հարցը սեղանին է, իրենց պատասխանը դեռեւս մենք չենք ստացել, հասարակությունը չի ստացել»:

Ուստի, ըստ Արամ Մանուկյանի, քանի որ շատ հստակ է, որ իշխանություններին ժամանակ էր տրվել մինչեւ սեպտեմբերի վերջը, ապա սեպտեմբերի 30-ին «իշխանությունների չարտասանած «ոչ»-ը կդիտարկվի իբրեւ երկխոսության մերժում», ինչից էլ կբխեն իրենց հետագա քայլերը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG