Մատչելիության հղումներ

Վաճառքի են հանվել Հայաստան - Մակեդոնիա խաղի տոմսերը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր վաղ առավոտյան վաճառքի հանեց հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան- Մակեդոնիա խաղի տոմսերը:

Ֆեդերացիայի մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը Ազատություն ռադիոկայանին հայտնեց, որ առայժմ Մակեդոնիայից տոմսեր ձեռք բերելու հայտ չեն ստացել․ շուրջ 14 հազար 500 հանդիսատես տեղավորող մարզադաշտի տեղերի 5-ից 10 տոկոսը կտրամադրվեն Մակեդոնիայի հավաքականի երկրպագուներին` ինչպես սահմանում է ՈՒԵՖԱ-ի կանոնակարգը:

Հայ ֆուտբոլասերների համար տոմսերն արժեն 3-ից 8 հազար դրամ: Հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տոմսարկղը կեսօրին մարդաշատ էր։

Ի տարբերություն Հայաստան-Ռուսաստան խաղի, այս անգամ տոմսերը վաճառվում են առանց անձը հաստատող փաստաթղթի, չկա նաեւ ձեռք բերվող տոմսերի քանակի սահմանափակում եւ ոմանք մեծ խմբաքանակով տոմսեր էին գնում` 50-ից 100 հատ:

Տոմսարկղի աշխատակիցների կանխատեսումներով տոմսերը կսպառվեն առավելագույնը մեկ շաբաթում։

Հիշեցնենք՝ մարտին Երեւանում կայացած Ռուսաստան - Հայաստան խաղին թե՛ հայ, թե՛ ռուս ֆուտբոլասերները տոմսերը ձեռքին չէին կարողացել մարզադաշտ մտնել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը ասաց, որ ոստիկանությունն է զբաղվելու կազմակերպչական հարցերով։

«Երկրպագուներին միշտ էլ մենք խորհուրդ ենք տվել՝ հնարավորինս շուտ գալ մարզադաշտ, զբաղեցնել իրենց տեղերը։ Ինչ վերաբերում է մյուս միջոցառումներին, ապա դա կատարվում է ոստիկանության ստորաբաժանումներով», - նշեց նա։

Մակեդոնիայի հետ հանդիպմանը լրջորեն է պատրաստվում հայկական «Առաջին ճակատ» ֆան ակումբը` խոստանալով ոչ մի վայրկյան չլռել ողջ խաղի ընթացքում: Ավելին, վստահ լինելով, որ այս հանդիպումը հաղթական արդյունք կունենա, ֆան ակումբում արդեն պատրաստվում են նաեւ հաջորդ` Հայաստան- Իռլանդիա խաղին եւ Դուբլինի տոմսեր են գնել։

Հիշեցնենք, Եվրո-2012-ի ընտրական փուլի B խմբի ֆավորիտներից մեկը համարվող Սլովակիայի թիմի նկատմամբ 4:0 հաշվով սենսացիոն հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը զգալիորեն մեծացրեց առաջնության եզրափակիչում հայտնվելու հնարավորությունը: Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը օրերս հայտարարեց, որ Մակեդոնիայի հետ խաղը բավական բարդ փորձություն է իր թիմի համար: Այսօր տոմս գնող երկրպագուները, սակայն, եւ նույնիսկ տոմսավաճառը` հավաքականից միայն հաղթանակ են ակնկալում։
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG