Մատչելիության հղումներ

Հայաստանում «ընդհանուր ընկալում կա, թե կրոնական փոքրամասնությունները երկրի համար սպառնալիք են»


Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանում է դավանանքի ազատությունը, սակայն մյուս օրենքները եւ քաղաքականությունը որոշ խտրականություն են դնում կրոնական փոքրամասնությունների անդամների դավանանքի ազատության վրա, փաստում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կրոնական ազատության վերաբերյալ կիսամյակային (2010 թվականի հուլիս-դեկտեմբեր) զեկույցը:

Սեպտեմբերի 13-ին հրապարակված զեկույցում նշվում է, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են. կրոնական մյուս խմբերը փոքր համայնքներ են, որոնց հետեւորդները երկրի բնակչության 5 տոկոսից ավելի քիչ են կազմում:

Զեկույցում Հայաստանի օրենսդրությանը վերաբերող հատվածում նշված է, որ Սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը` շեշտելով, որ օրենքը արտոնություններ է շնորհում Հայ առաքելական եկեղեցուն, ինչը չունեն կրոնական մյուս խմբերը:

Պետդեպարտամենտի զեկույցում նշված է, որ կան կրոնական ազատությունների խախտումների մասին հաղորդագրություններ` ներառյալ հավատացյալ կալանավորների ու ձերբակալվածների կրոնական ազատությունների խախտումներ:

Որպես օրինակ բերվում է «Եհովայի վկաներ» կազմակերպության հաղորդումը` համաձայն որի հունիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Եվովայի վկաների» 19 անդամ է կալանավորվել զինվորական ծառայությունից կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու մեղադրանքով: Նրանք դատապարտվել են 1-1.5 տարվա ազատազրկման:

«Երեւանում «Եհովայի վկաների» առաջնորդն ասել է, որ կրոնական համոզմունքների պատճառով զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը մերժող իրենց 73 անդամներ դեկտեմբերի 31-ի դրությամբ մնում են մեկուսարանում», - ասվում է զեկույցում:

Անդրադարձ կա նաեւ դավանանքի պատկանելիության պատճառով սոցիալական խախտումներին մասին. - «Որոշ հետազոտողների համաձայն` հանրությունը հիմնականում բացասաբար է վերաբերում կրոնական փոքրամասնությունների բոլոր խմբերին: Ըստ տեղական դիտորդների` նման վերաբերմունքը անձնական հարաբերությունների վրա ազդեցություն չի թողնում, այլ ավելի շուտ ընդհանուր ընկալում կա, թե կրոնական փոքրամասնությունները երկրի համար սպառնալիք են», - փաստում է զեկույցը:

Զեկույցում նշվում է, որ կրոնական փոքրամասնությունները շարունակում են թիրախ մնալ Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների քարոզներում: Նկատվում է սոցիալական խտրականություն եւ անհանդուրժողականություն կրոնական փոքրամասնությունների խմբերի անդամների նկատմամբ` ներառյալ աշխատանքի վայրում:

Պետդեպարտամենտի կիսամյակային զեկույցը անդրադարձել է նաեւ Երեւանում տեղադրված հայերի ու հրեաների ողբերգություներին նվիրված հուշարձանի հրեական մասի` հոկտեմբերի 19-ին պղծմանը: Հուշարձանի վրա գորշ ներկ էին լցվել, գրել էին «Մահ հրեաներին» ու նացիստական սվաստիկա էին նկարել:

«Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները կատարվածը չէին բնորոշել որպես երկրում հակահրեական մթնոլորտի արդյունք, այլ միջադեպը բնորոշել էին որպես «խուլիգանություն»` հնարավոր համարելով, որ այն կատարած լինեն արտասահմանցիները», - ասված է զեկույցում:

Պետդեպարտամենտի զեկույցում նշված է, որ հայկական լրատվամիջոցների մեծ մասը` ներառյալ պետականորեն հիմնադրված Հանրային հեռուստաընկերությունը, շարունակում են պիտակել կրոնական փոքրամասնությունների խմբերին` նրանց ներկայացնելով որպես «աղանդներ». - «Տարբեր հեռուստաընկերություններ շարունակում են քննարկումներ հեռարձակել, որոնց մասնակցող Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները կամ այլ մասնակիցներ,կրոնական փոքրամասնությունների խմբերին պիտակում են որպես պետության եւ ազգային միասնականության դեմ թշնամիներ», - ընդգծում է զեկույցը:

«Նոյեմբերի 9-ին News.am ինտերնետային կայքը հաղորդել է, թե իր ծնողների սպանության մեջ կասկածվողը Եհովայի վկա է եւ իր հավատքի պատճառով հաճախ էր վիճում ծնողների հետ: Բազմաթիվ լրատվամիջոցներ` ներառյալ հանրային «Հ 1» հեռուստաալիքը, մյուս հեռուստաընկերությունները, տպագիր մամուլը, ռադիոկայանները եւ ինտերնետային կայքերը իսկույն հաղորդել էին այս չհիմնավորված մեղադրանքը` որպես փաստ», - ասված է պետդեպարտամենտի զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG