Մատչելիության հղումներ

Քննարկվում է կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի վերաբերյալ օրինագիծը


Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի», «Նույնականացման քարտերի» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, Ազգային ժողովում ներկայացնելով օրինագիծը, նշեց, որ օրինագծերի փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է կենսաչափական տվյալների առկայությամբ նոր անձնագրերի համակարգի ներդրմամբ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի համաձայն՝ նոր նմուշի կենսաչափական տվյալներով անձնագիրն անհրաժեշտ է Հայաստանից դուրս գալու եւ վերադառնալու համար։ Սա համարվում է ճամփորդական փաստաթուղթ։

Երկրի ներսում նախատեսվում է անձնագրի փոխարեն օգտագործել նույնականացման քարտեր։ Քարտում հայերեն եւ անգլերեն նշվելու է քաղաքացու անուն-ազգանունը, ծննդյան վայրը, ամսաթիվը, տարեթիվը, սեռը։ Պարտադիր է նաեւ լուսանկարի առկայությունը։ Քաղաքացու կամքով նույնականացման քարտում կարող է նշվել նաեւ նրա ազգությունը, արյան խումբը եւ ռեզուսը։

Օսիկյանի պարզաբանմամբ, այն բոլոր դեպքերում, երբ քաղաքացին կարիք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործել անձնագիր, այժմ հնարավոր կլինի օգտագործել նույնականացման քարտը։ Ավելին՝ նույնականացման քարտը կունենա ավելի լայն կիրառություններ։

«Մասնավորապես, ապագայում կինտեգրենք ոչ միայն էլեկտրոնային ստորագրությունը, այլ ցանկանում ենք ինտեգրել նաեւ վարորդական վկայականը, ինչպես նաեւ առողջապահական ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման արդյունքում կլինի նաեւ համապատասխան կիրառություն», - նշեց ոստիկանության պետի տեղակալը։

Արթուր Օսիկյանը նաեւ տեղեկացրեց, որ քաղաքացիները հնարավորություն կունենան պահպանել հին նմուշի անձնագիրը, ավելին՝ ժամկետը լրանալու դեպքում կարող են այն փոխանակել՝ ստանալ նորից հին նմուշի անձնագիր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաչափական տվյալներով անձնագիրը ավելի թանկ է արժենալու՝ մոտավորապես 50-60 եվրո, թեեւ անձնագրերի հստակ արժեքը առայժմ ամրագրված չէ։

Նախագիծը հաստատվելու դեպքում հաջորդ տարվա սկզբից մինչեւ անձնագրի վավերականության ժամկետը լրանալը, քաղաքացու ցանկությամբ, անձնագիրը կարող է փոխարինվել նույնականացման քարտով։ Քարտը տրվում է հին անձնագիրը դակելուց հետո։

Պատգամավորների ուշադրությունն այսօր սեւեռվեց հատկապես այն դրույթի վրա, որ նոր անձնագրերի կիրառմանը զուգահեռ՝ հին նմուշի անձնագրերը մնում են ուժի մեջ։ Այսինքն՝ գալիք ընտրությունների ժամանակ կլինեն մարդիկ, որոնք կունենան միաժամանակ երկու անձնագիր։

«Պատկերացրեք՝ անձը միաժամանակ ունի երկրորդ անձնագիր։ Մեկով գնում է մեկ այլ տեղամասում է քվեարկում, իսկ հնով գալիս է հենց այն ցուցակով է քվեարկում, որի մեջ եղել է», - այս հարցի վերաբերյալ մտահոգություն հայտնեց Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Կառավարության ներկայացուցիչը քաղաքական ուժերին առաջարկեց պարբերաբար ստուգել ընտրացուցակները։

«Ընտրական ռեգիստրը ամբողջությամբ բաց է, թափանցիկ, եւ ընտրություններից առաջ առնվազն մի քանի անգամ դրանք թարմացվում են։ Կարող եք ազատորեն դիմել եւ ստանալ, եւ դրանով հանդերձ հետեւել նաեւ ընտրացուցակների հնարավոր փոփոխություններին», - նշեց Օսիկյանը։

Անձնագրերի վերաբերյալ օրենսդրական նորամուծությունների կապակցությամբ արտահայտված մի շարք մտահոգություններ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի առաջարկով քննարկման առարկա կդառնան խորհրդարանական լսումների ժամանակ։

Հավելենք, որ Եվրամիության անդամ, ինչպես նաեւ անդամակցության հայտ ներկայացրած մի շարք երկրներում կենսաչափական տվյալներով անձնագրերի համակարգը ներդրվել է 2004 թվականից։ Այս համակարգին է անցել նաեւ հարեւան Վրաստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG