Մատչելիության հղումներ

Չինական Լիալուսնի տոնը` ամբողջական ընտանիքի խորհրդանիշ


Նոր տարվա եւ Լապտերների տոնի հետ միասին Լուսնի կամ Աշնան տոնը չինական երեք կարեւոր տոներից մեկն է:

Երեւանում այն նշեցին Կոնֆուցիուսի ինստիտուտի ուսանողները, ովքեր ներկայացրին չինական երգեր, պարեր եւ մարտարվեստ:

Ուսանողներից Աննան «Մաքսլիբերթի»-ին պատմեց, որ տոնը կոչվում է Լուսնի տոն, որովհետեւ այդ օրը լիալուսինն ամենաուժեղն է Չինաստանում:

Այս տոնը նաեւ կոչվում է ընտանիքի տոն, քանի որ չինացիները նմանեցնում են լիալուսինը ամբողջական ընտանիքին, եւ այն նշելու համար ընտանիքի բոլոր անդամներն աշխատում են հավաքվել միասին:

«Ընտանեկան մեծ տոն է` ընտանիքի խաղաղության, բարօրության համար են տոնում», - ասաց Աննան:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի առաջին խորհրդական Սին Ֆանֆանը ներկաներին պատմեց Լուսնի տոնի հետ կապված լեգենդներից մեկը. - «Ամենահայտնի լեգենդներից է «Չալլան լուսին է թռչում» լեգենդը: Չալլան կախարդական նետաձիգի կինն է: Ասում են, որ նա թաքուն կերել է երկնքի աստվածուհու անմահության հաբը: Այդ պատճառով կախարդական ունակություններ է ձեռք բերել եւ թռել-հասել է լուսին, որտեղ եւ ապրում է մինչեւ հիմա: Մենք հավատում ենք, որ եթե այս տոնի ժամանակ երեկոյան նայենք լուսնին, կտեսնենք այդ գեղեցկուհուն»:

Բացի չինական ավանդական երգերից ու պարերից, միջոցառման ժամանակ ուշուի իր վարպետությունը ցուցադրեց ուշուի ուսուցչուհի օրիորդ Լյուն, ով նոր էր ժամանել Չինաստանի Շանսիի համալսարանից` այստեղ Կոնֆուցիուսի ինստիտուտում ուշու դասավանդելու:

«Առաջին անգամն է, որ տոնը ընտանիքիս հետ չեմ նշում, բայց այստեղ ինձ շատ ջերմ ընդունեցին` ընտանիքի անդամների նման», - ասաց Լյուն:

Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Նաիրա Գրիգորյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կենտրոնը գործում է 2009 թվականից: Այն կոչված է չինարեն լեզվի եւ մշակույթի իրազեկությունը բարձրացնելու եւ մինչեւ 2011 թվականը միակն էր տարածաշրջանում: Այս տարվանից Կոնֆուցիուսի ինստիտուտ գործում է նաեւ Վրաստանում: Այստեղ չինարենն ուսումնասիրելու համար տարիքային սահմանափակումներ չկան: Կոնֆուցիուսի ինստիտուտը ունի 103 ուսանող եւ 3 ուսուցիչ՝ երկուսը չինարեն լեզվի, մեկը` ուշուի:

XS
SM
MD
LG