Մատչելիության հղումներ

«Հարսնաքար»-ի գործով մեղադրանք է առաջադրվել համալիրի անվտանգության աշխատակցին


«Հարսնաքար» համալիրը Երեւանում

«Հարսնաքար» համալիրը Երեւանում

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ օգոստոսի լույս 15-ի գիշերը Երեւանի Ավան համայնքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Աշոտ Սնջոյանին:

«Եզդի Աշոտ» մականունով Սնջոյանը մեղադրվում է անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ` Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (նախատեսվում է առավելագույնը 2 տարվա ազատազրկում կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկի չափով): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ոչ թե կալանավորումը, այլ չհեռանալու մասին ստորագրությունը:

Մամուլի հրապարակումների համաձայն` Սնջոյանը Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է: Իսկ ոստիկանությունը պնդում է, որ նա «Հարսնաքար» համալիրի անվտանգության աշխատակիցն է (hամալիրը Հայրապետյանին է պատկանում):

Օգոստոսի լույս 15-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանի տարածքում հնչած կրակոցների հետեւանքով 2 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց: Նախնական տեղեկություններով միջադեպը ծագել էր հարսանեկան խնջույքի ժամանակ: Խնջույքի մասնակիցների միջեւ անհամաձայնությունն ավարտվել էր վիճաբանությամբ, ինչին էլ հաջորդել էին այդ կրակոցները: Թիվ 3 կլինիկական հիվանդանոցում «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ օգոստոսի 15-ի կեսգիշերին ոստքերի շրջանում ստացած հրազենային վնասվածքներով հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխվել 33-ամյա Նորայր Աթոյանը ու 25-ամյա Վերսանդ Մկրտչյանը: Մկրտչյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Աթոյանը ավելի վաղ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցից այլ մանրամասներ չհայտնեցին` հիմնավորելով, որ մանրամասներին տեղյակ է բուժող բժիշկը, ում հետ հնարավոր կլինի խոսել երկու շաբաթից:

Աղմկահարույց այս դեպքից հետո շուրջ 10 օր շարունակ քրեական գործ չէր հարուցվում: Այնուհետեւ գլխավոր դատախազը գործ հարուցելու ցուցում տվեց: Աշոտ Սնջոյանին էլ մեղադրանք է առաջադրվել միջադեպից 20 օր անց` սեպտեմբերի 5-ին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրության ընտրությունը, եւ արդյո՞ք այդ արարքը կարելի է թեթեւ որակել, գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը պատասխանեց. - «Հոդվածը ծանր հոդված չէ, կարող է լինել այլընտրանքային խափանման այլ միջոց` կալանքից բացի: Հատկապես որ եվրոպական փորձագետները միշտ նման հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ է միայն կալանքը կիրառվում որպես խափանման միջոց, կալանքը պետք է կիրառել առավելապես այն դեպքերում, երբ որ ծանր հանցագործությունը է կամ հիմքեր կան, որ նա կարող է խոչընդոտել նախաքննությանը, թաքնվել կամ այլ միջոցներ կիրառել»:

Այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ են, օրինակ, ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ փողոցային վիճաբանությունների դեպքում քաղաքացիներ կալանավորվում, մի՞թե դա ավելի ծանր արարք է, Շահեն Տոնոյանը այսպես հակադարձեց. - «Եթե այդ արարքները որակվում են որպես խուլիգանություն, իհարկե', խուլիգանությունը համարվում է ծանր հանցագործություն, առավել եւս ծանր հանցագործություն է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Հարցին, թե արդյո՞ք երկու հոգու վրա կրակելը տվյալ դեպքում անզգուշության հետեւանք է եղել, որ այդ հոդվածի հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրվել, Տոնոյանը պատասխանեց. - «Նախաքննությունը կպարզի այդ հարցերի պատասխանները` անզգուշությամբ է եղել, դիտավորությո՞ւն է եղել, ի՞նչ պատճառ է եղել, որ նրանց առողջությանը վնաս է պատճառվել»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG