Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Այս իշխանության նպատակը քաղաքացուն հուսահատություն ներշնչելն է»


Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ՀԱԿ-ի մայիսի 31-ի հանրահավաքին

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ՀԱԿ-ի մայիսի 31-ի հանրահավաքին

«Ես չգիտեմ, թե Հանրապետական կուսակցության համար ինչ է կարեւոր, ես կարծում եմ, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կարեւոր է, որ Հանրապետական խմբակցության եւ ընդհանրապես այդ կուսակցության վերնախավի մեծամասնությունը հայտնվի քրեակատարողական հիմնարկներում», - ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքելով Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին:

«Ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ այդ իրադարձությունը ժամ առաջ տեղի ունենա, եւ Հայաստանի քաղաքացիներին ինձնից կախված հնարավոր ձեւերով կոչ եմ անելու, որպեսզի նրանք դուրս գան հրապարակ եւ ամեն ինչ անեն, որ այդ իրադարձությունը տեղի ունենա օր առաջ», - հավելեց Փաշինյանը:

Խորհրդարանի նախագահը երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, հայտարարել էր. - «Մեզ համար կարեւոր չի, թե ով է ղեկավարելու [նախընտրական] շտաբը, մեզ համար կարեւոր է, թե ով արդյունավետ կղեկավարի: Անձը կապ չունի: Կարեւոր է նաեւ, որ բոլորս միասին ամեն ինչ անենք, որ Հանրապետական կուսակցությունը եւս 2012 թվականին ունենա մեծամասնություն Ազգային ժողովում»:

Հովիկ Աբրահամյանը ասել էր նաեւ, թե Հայաստանում հեղափոխական իրավիճակ չէ, ինչի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր գնահատականը. - «Ընդհանրապես, այս իշխանության գործունեությունը ամբողջությամբ, ցանկացած դրսեւորում, ունի մեկ նպատակ` Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ներշնչել հուսահատություն, հուսալքություն եւ փորձել ցույց տալ, որ իրենց դեմ խաղ չկա: Բայց ես կարծում եմ, որ իրենց դեմ կան խաղեր բազմաթիվ, եւ այդ խաղերից կարեւորագույնը ժողովրդի կամքն է, որ ես, էլի եմ ասում` ինձնից կախված մաքսիմալը եւ դեռ մի բան էլ ավել անելու եմ, որպեսզի այդ ժողովրդի կամքը Ազատության հրապարակում դրսեւորվի»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG