Մատչելիության հղումներ

Տարածաշրջանում կարեւորում են Ֆրանսիայի նախագահի առաջիկա այցը


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում, Փարիզ, 10-ը մարտի, 2010թ.
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում, Փարիզ, 10-ը մարտի, 2010թ.
Ակնկալվում է, որ հոկտեմբերի սկզբին հարավկովկասյան երկրներ` Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան է այցելելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Թիերի Մարիանին Թբիլիսիում երեքշաբթի օրը ասել է, որ Սարկոզիի այցը կկատարվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Վրաստանի պաշտոնյաները արդեն որոշ խնդիրներ են նշում, որ մտադիր են քննարկել Ֆրանսիայի նախագահի հետ:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեն «Ռուսթավի» հեռուստաընկերությամբ ասել է, թե Սարկոզիի Վրաստան այցի ընթացքում քննարկվելիք հարցերից մեկը լինելու է 2008 թվականի պատերազմից հետո հրադադարի համաձայնագրի իրականացումը:

Պաշտոնական Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը չի կատարում 2008 թվականի օգոստոսի 12-ին ստորագրված` 6 կետից բաղկացած համաձայնագրի պահանջները:

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2008-ի օգոստոսի կարճատեւ պատերազմի հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ:

Վրաստանի խորհրդարանի նախագահը ասել է, թե Սարկոզիի այցը Վրաստան շատ կարեւոր է, քանի որ նա տեղում կծանոթանա իրավիճակին եւ կհամոզվի, որ իր միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը չի իրագործվում:

«Մենք շատ երախտապարտ ենք Ֆրանսիայի նախագահին, բայց փաստ է, որ վերջին երեք տարիների ընթացքում, չհաշված Փերեւի գյուղից ռուսական զորքերի դուրսբերումը, Ռուսաստանը ոչ մի քայլ չի կատարել հրադադարի համաձայնագիրը իրականացնելու համար», - հայտարարել է Բակրաձեն:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության հաղորդմամբ` ակնկալվում է, որ հարավկովկասյան երկրներ կատարելիք այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը քննարկելու է երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ինչպես նաեւ տնտեսական համագործակցությունը ուժեղացնելու հարցերը` ներառյալ Nabucco ծրագրի իրականացումը:

Մեկ օր առաջ Ֆրանսիայի տրանսպորտի նախարարը Թբիլիսի է ժամանել Բաքվից: «Թուրան»-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահի եւ Ֆրանսիայի տրանսպորտի նախարարի հանդիպմանը քննարկվել են Նիկոլա Սարկոզիի այցի ճշգրիտ ժամկետների եւ այցելության մանրամասներին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG