Մատչելիության հղումներ

Տարեսկզբին հայտնի դարձավ, որ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը լուծարում է «Լինսի» հիմնադրամը, որն իր գոյության 22 տարիների ընթացքում Հայաստանում իրականացրել է ավելի քան 1 միլիարդ դոլարի բարեգործական ծրագրեր:

Հիմնադրամի լուծարման եւ հաշվի վրա մնացած 200 միլիոն դոլարը ոչ թե Հայաստանին, այլ Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղին նվիրաբերելու կապակցությամբ խոսակցություններ էին շրջանառվում, թե բարերարը նեղացած է Հայաստանի իշխանություններից:

«Լինսի» հիմնադրամի արդեն նախկին փոխնախագահ Հարութ Սասունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Քըրքորյանի որոշումը ծրագրված էր նախօրոք. - «Ինքը գոհ է ծրագրերից, ոչ մի բանից չի նեղացել: Եկել է մի անգամ Հայաստան, աչքով տեսել է: Շատ ուրախ է, որեւէ դժգոհություն չկա: Այն բոլոր խոսքերը, թե ինչ-որ բանից նեղացել է, սուտ եւ կեղծիք են: Ինքը երկար տարիներ առաջ ծրագրել էր, որ մի օր փակելու է «Լինսի» հիմնարկը: Անակնկալ ոչինչ չկար»:

«Լինսի» հիմնադրամը ԱՄՆ-ում գործող Միացյալ հայկական հիմնադրամին, որի նախագահը Սասունյանն է, նվիրաբերել էր 10,5 միլիոն դոլար: Այդ միջոցներով Շիրակի ու Լոռու մարզերում երեքական դպրոցներ են կառուցվել ու կահավորվել:

«Դպրոցը նոր այցելեցի, տպավորիչ է… Ես ուրախ եմ, որ այդ փողով, որ հատկացրել ենք այսպիսի գեղեցիկ դպրոց է կառուցվել», - նորակառույց դպրոցներից մեկը այցելելուց հետո ասաց Սասունյանը:

«Լինսի» հիմնադրամը վերջին 13 տարվա ընթացքում ավելի քան 220 միլիոն դոլար է նվիրաբերել Հայաստանին: Միայն աղետի գոտու բնակարանաշինության համար հատկացվել է 45 միլիոն դոլար, կառուցվել է շուրջ 3700 բնակարան, հիմնանորոգվել են ճանապարհներ, դպրոցներ ու մշակութային հաստատություններ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG