Մատչելիության հղումներ

Եվրամիության առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը «ձեւական բնույթ է կրում»


Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի համակարգող Բորիս Նավասարդյանը:

Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի համակարգող Բորիս Նավասարդյանը:

Հայաստանյան մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համոզմամբ, նախորդ տարիներին Եվրամիության հետ փոխգործակցության շրջանակներում բարեփոխումների ուղղությամբ ստանձնած պարտավորությունները Հայաստանի իշխանությունները մեծամասամբ իրականացրել են «ձեւականորեն»:

Նման գնահատական հնչեց Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի հայաստանյան մասնակիցների հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը մասնակցում էին նշված համաժողովին անդամակցող իրավապաշտպան, մամուլի ազատության խնդիրներով զբաղվող, կոռուպցիոն երեւույթները դիտարկող, բնապահպանական եւ այլ որոտներում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քաղաքացիական հասարակության համաժողովը ստեղծվել է Եվրամիության առաջարկությամբ եւ նպատակ ունի Արեւելյան գործընկերության մեջ ներգրավված հետխորհրդային վեց երկրներում (այդ թվում` Հայաստանում) ապահովել հասարակության հնարավորինս լայն մասնակցությունը Եվրամիություն հետ հարաբերությունների զարգացման ընթացքին:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համաժողովի համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, թե այն, ինչ վերաբերում է Եվրամիության հետ Հայաստանի իշխանությունների բանակցություններին ու տարբեր պայմանագրերի պատրաստմանը, ապա կարելի է ասել, որ «այստեղ կառավարությունը շատ դեպքերում գործում է բավականին արդյունավետ»:

Նավասարդյանը շարունակեց, թե ինչ վերաբերում է համապատասխան օրենքների ընդունմանը եւ ինստիտուտների ձեւավորմանը, ապա այստեղ արդյունավետությունը իջնում է:

«Այստեղ ձեւավորվում են տարբեր նոր ինստիտուտներ, որոնք, ենթադրվում է, որ կնպաստեն Հայաստանի եվրոպական ինտեգրացիային, ընդունվում են օրենքներ: Եվ այստեղ որոշ հաջողություններ կան: Առանձին ոլորտներում ընդունելի օրենսդրություն է ձեւավորվել եւ մի քանի կարեւոր կառույց է ձեւավորվել », - նշեց նա:

Ինչ վերաբերում է այդ օրենքների կյանքի կոչելուն եւ ինստիտուտների իրական աշխատանքին, սակայն, ապա, ըստ Նավասարդյանի, «այստեղ համարյա նվաճումներ չունենք». - «Այստեղ մենք ունենք բավական լուրջ խնդիրներ եւ այդ խնդիրները խորանում են»:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի ներկայացմամբ` անցած տարիների ընթացքում բարեփոխումներ իրականացնելու այն պարտավորությունների ցանկից, որը Հայաստանը ստանձնել է Եվրամիության առջեւ, «իշխանությունները կարողացան շատ քիչ իրականացնել»:

Նա հավելեց, թե բարեփոխումներ իրականացնելու առումով անցած տարիները կարելի է անգամ կորսված մի ժամանակաշրջան համարել. - «Ես, իմ ընկերները կարծում ենք, որ հնարավոր էր ավելին անել»:

«Իշխանությունը վարվում է հետեւյալ սցենարով` իշխանության վերարտադրման համար գործողությունը դոմինանտ է մնացած բոլոր հնարավոր գործողությունների նկատմամբ», - եզրափակեց Գալստյանը:

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ձեռնպահ մնաց հասարակական կազմակերպությունների հնչեցրած գնահատականները մեկնաբանելուց` նշելով, թե կառավարության կողմից բարեփոխումների իրականացման լավագույն գնահատականը Հայաստանի ու Եվրամիության միջեւ խորացող հարաբերություններն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG