Մատչելիության հղումներ

Ոստիկանի ընտանիքը պահանջում է պատասխանատվության ենթարկել ոստիկանապետին


Վեդիում բնակվող ոստիկանի ընտանիքը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Արարատի մարզի ոստիկանապետին ու Վեդիի ոստիկանության մի քանի այլ աշխատողների` ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու ու նսեմացնելու համար:

Այս պահանջով Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգեց դատական նիստը` դատախազի չներկայանալու պատճառով:

Ոստիկանի ընտանիքի փաստաբան Սեդա Սաֆարյանը վերաքննիչ ատյանում բողոքարկում է Արարատի մարզի ոստիկանապետի ու Վեդիի ոստիկանապետի դեմ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը մերժել է նախաքննական մարմնի որոշումը վերացնելու մասին դիմումը` նշելով, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների արարքներում հանցակազմ չկա:

«Առավոտյան մարզային վարչության պետ Մարգար Մելքոնյանը եկել եւ ծեծի է ենթարկել լեյտենանտ Սամվել Արթենյանին: Լավ, իմ պաշտպանյալները ինչ-որ մի բան են արել. ով արդար է` կանմեղացնեն, ով կգտնեն, որ մեղավոր է, թող պատժեն, բայց, ամեն դեպքում, թող պատժվեն նաեւ նրանք, ովքեր այս մարդկանց նկատմամբ ցուցումներ են տվել, պաշտոնապես հայտարարել են` այնպես արեք, որ ոչ միայն Ռազմիկ Արթենյանը գործից դուրս գա, այլեւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց փաստաբանը:

Ոստիկանության փոխգնդապետ, այս միջադեպի հետեւանքով գործազուրկ դարձած Ռազմիկ Արթենյանը պնդում է, որ Արարատի մարզի ոստիկանապետ Մարգար Մելքոնյանի հրամանով Վեդիի ոստիկանները ծեծկռտուքի մեջ են ներքաշել իր ընտանիքին ու նրանց դեմ քրեական գործ բացել:

Ութ ամիս է` Ռազմիկ Աթենյանն ու իր երկու որդիները կալանավորված են: Նա ոստիկանության Վեդիի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակից էր: Ավագ որդին` Սամվել Արթենյանը եւս աշխատում էր ոստիկանությունում: Նրանք մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Ոստիկան հոր եւ երկու որդիների գործը քննում է Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը:

Ոստիկանի ընտանիքը պնդում է, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն, իրենց մերձավոր շրջապատի ներկայացուցիչների, այդ թվում Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը ու նրա եղբայր` Վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Բարսեղյանը թշնամանք ունեն իրենց նկատմամբ:

«Փոքր քաղաքում բիզնես ունենալը, այդ թվում նաեւ ոստիկանի համար, լուրջ գլխացավանք է, եթե վերեւների հետ համաձայնության չես գալիս», - ասում է նախկին ոստիկանի կինը. - «Նրանք համասեփականատերեր են մեր հետ նույն շենքի, անընդհատ իրենց ցանկություններ են թելադրում մեզ, թե` մեզ համար այս պետք է անեք, այն պետք է անեք… Մենք էլ որպես արժանապատիվ մարդիկ գտնում ենք, որ այս ժողովրդավարական երկրում մենք իրավունք ունենք ազատ ապրելու»:

Նախկին ոստիկանի եղբայրը` Գառնիկ Արթենյանն ասում է, որ ծեծկռտուքը ի սկզբանե ոստիկանների կողմից կանխամտածված է եղել. - «Ցուցմունք են տվել որոշ մարդիկ, որ այնտեղ չեն եղել»:

Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խաբեություն որակեց Արթենյանների բողոքն իր ու իր եղբոր դեմ: Նա նշեց, թե իրենց միջեւ տարածքային վեճ եղել է, բայց այն հարթվել է, ու չէր կարող ազդեցություն թողնել հետագա հարաբերությունների վրա:

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նախկին ոստիկանի ընտանիքի տարածած լուրերը Արարատի մարզի ոստիկանապետի մասին, իրականությանը չեն համապատասխանում, եւ Վեդիի կենտրոնում այս տարեսկզբին կատարված խուլիգանության հեղինակները ոստիկանի ընտանիքի անդամներն են:

Փաստաբանը, մինչդեռ, պնդում է, որ եղել են օրենքի բազմաթիվ խախտումներ` բերման ենթարկելու մասին որոշում չի եղել, մարդկանց ոստիկանությունում պահել են առանց կարգավիճակի հստակեցման:

Հատուկ քննչական ծառայությունը, արձանագրելով նաեւ իրականությունը պատմող ոստիկանների վկայությունները, դրանք արժանահավատ չի համարել, քանի որ նրանք համարվում են Արթենյանների ընկերները: Մինչդեռ արժանահավատ է համարել այն ոստիկանների ցուցմունքները, որոնք հանդես են եկել ի շահ ղեկավարության:
please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG