Մատչելիության հղումներ

«Եվրոպան երիտասարդների աչքերով»


Ցուցահանդեսում ներկայացված են Եվրոպայում կամավոր աշխատած երիտասարդների լուսանկարները:

Երեւանից եւ մարզերի յոթ երիտասարդական կազմակերպություններ Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, որոշեցին բացել ցուցահանդես ու ներկայացնել Եվրոպայում կամավորական աշխատանքներից վերադարձած հայ երիտասարդների լուսանկարները:

Ցուցահանդեսի խորագիր ընտրվեց «Եվրոպան երիտասարդների աչքերով»: Լուսանկարներում երիտասարդները ոչ թե պատկերել են Եվրոպան իր գեղեցիկ շինություններով ու մշակութային արժեքներով, այլ այն կյանքը, որին իրենք առնչվել են:

Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» երիտասարդական ծրագրի Հայաստանի ինֆորմացիոն ներկայացուցիչ Անահիտ Մինասյանը, խոսելով ցուցահանդեսի նպատակից, ասաց. - «Երեք նպատակ ունենք. առաջինը` խոսել, թե ինչ է կամավորությունը, երկրորդը` այն երիտասարդներն, ովքեր հնարավորություն են ունեցել մասնակցելու կամավորական ծրագրերի, տեսնել թե ինչպես են տեսնում ու պատկերում Եվրոպան, եւ երրորդ նպատակը երիտասարդական ակտիվության ու մասնակցության մասին խոսելն է»:

Ինգա Մուկուչյանը մասնագիտությամբ հոգեբան է: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետն ու աշխատում է իր մանագիտությամբ: Այս տարի փետրվարի 27-ից մայիսի 27-ը IVS ծրագրով մեկնել է Ռումինիայի Օրադեա քաղաք: Ինգան աշխատել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ:

«Օգնում էինք նրանց դասերին մասնակցել, ունենում էինք արտ թերապիա, երաժշտաթերապիա, պարաթերապիա, որոնք շատ կարեւոր ու զարգացած ուղություններ են նման երեխաների հետ աշխատելու համար: Նրանց ժպիտները, էներգիան, որով դու լցվում ես, ավելի մոտիվացված ես լինում աշխատել», - ասաց Ինգան:

Ինգան ցուցահանդեսին ներկայացել էր երկու լուսանկարով, որոնցից մեկում պատկերված է մայիսի 9-` Եվրոպայի օրը:

«Կազմակերպել էինք Ռումինիայի կամավորներով: Հավաքվել էինք 50-60 հոգով, բացօթյա համերգ էինք կազմակերպել, ցուցահանդես: Օրինակ, ես այբուբենների ներկայացուցիչն էի ու այնտեղ կար նաեւ հայակական այբուբենը, որը տառատեսակով տարբերվում է: Ինֆորմացիա էինք տրամադրում անցորդներին: Տարբեր ազգի ներկայացուցիչներ իրենց պարերն էին ներկայացնում, սովորեցնում էին անցորդներին, ֆլեշ մոբ էր, որի խորհրդանիշն էր «Եվրոպան ձեռք- ձեռքի, բոլորը միասին», - պատմում է Ինգան

Նրա երկրորդ լուսանկարն ավելի հումորային ենթատեքստ ուներ: Փորձել էր ծաղրել եվրոպացիների այն գաղափարը, թե կամավորներն աղքատ մարդիկ են:

«Քանի որ գիտեք, որ կամավորներն անում են կամավոր աշխատանք եւ առանձնակի վարձատրություն չեն ստանում կամավորության համար, այստեղ իմ ընկերներից մեկը գնդակներով խաղն էր անում, ես էլ գլխարկս վերցրել էի, կարծես թե գումար եմ հավատում, դե «մենք աղքատ մարդիկ ենք»: Բայց իրականում գումարը, որ մեր կազմակերպությունները տրամադրում էին մեզ, լիովին բավարարում էր», - ասաց Ինգան:

Իսկ Արթուր Սարգսյանն էլ անգլերեն լեզվի ուսուցիչ-թարգամանիչ է: 2009 թվականին 6 ամսով մեկնել է Հունաստանի Կորինտոս քաղաք: Նա այժմ IVS ծրագրի կորդինատորն է, բայց աշխատանքի անցել է կամավորական աշխատանքից վերադառնալուց հետո: Նա իր նկարով խաղաղություն է քարոզում մշակույթի միջոցով:

«Այդ նկարը խորհրդանշում է միջմշակութային բազմազանություն, որովհետեւ բոլոր կամավորներն են այստեղ ու տարբեր մշակույթներից: Ես Հայաստանից, մյուսը` Հունաստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Լիտվիայից: Այս նկարով ուզում ենք ցույց տալ, որ մենք բոլորս պատկանում ենք այլ մշակույթների, ունենք տարբեր մոտեցումներ, տարբեր արժեքային համակարգ, տարբեր մտածելակերպ, տարբեր ապրելակերպ, բայց հնարավոր է տարբեր մշակույթներով համախմբվել ու աշխատել մի ոլորտում, եւ տարբեր մշակույթների հետ մեկտեղ գնալ դեպի խաղաղություն, իրար հետ համագործակցելով հասնել բազմամշակութային խաղաղության», - իր լուսանկարը այսպես ներկայացրեց Արթուրը:

19-ամյա Պոլի Բուվանն էլ որպես կամավոր աշխատելու համար Փարիզից մեկ շաբաթ առաջ է եկել Հայաստան: Պոլին աշխատում է Փարիզի հեռուստատեսություններից մեկում: Հետաքրքրվում է լուսանկարչությամբ ու կինոյով: Նա աշխատելու է «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամում: Մեկնելու է Գյումրի զբաղվելու «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրով: Ղեկավարելու է ֆրանսիական ակումբն ու երիտասարդների համար ցուցադրելու է ֆիլմեր երիտասարդներին հուզող թեմաներով: Նա դժվարացավ ասել, թե ինչպիսին կլիներ իր լուսանկարը, օրինակ, «Հայաստանը եվրոպացիների աչքերով» խորագրում քանի որ դեռ շատ կարճ ժամանակ է անցկացրել Հայաստանում:

«Այս հարցը լսելիս ես մի բանի մասին մտածեցի` ցայտաղբյուրներ: Դա ինձ համար Հայաստան ու Երեւան են խորհրդանշում եւ Արարատ լեռը, որ շատ գեղեցիկ է: Ու հայկական ուտելիքը` տոլման, լավաշը, ժինգյալով հացը», - ասաց Պոլին:

Այս ցուցահանդեսի փակումը տեղի կունենա Երեւանում` սեպտեմբերի 17-ին, որից հետո այն կվերածվի շրջիկ ցուցահանդեսի. կլինի Գյումրիում, Դիլիջանոււմ, Ստեփանավանում:

«Մարզերում շրջիկ ցուցահանդեսն օգնելու է մի քիչ ավելի լավ բացահայտել ու հասկացնել երիտասարդներին ինչի մասին է խոսքը: Փակումը կլինի դեկտեմբերի 5-ին կամավորության միջազգային օրը», - տեղեկացրեց Անահիտ Մինասյանը:

please wait

No media source currently available

0:00 0:07:11 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG