Մատչելիության հղումներ

Հայկական ռոք խմբերից մի քանիսը տարանջատում են առօրյա եւ բեմական հագուստը, մյուսները դրան մեծ նշանակություն չեն տալիս, թեեւ ռոքին` մյուս երաժշտական ոճերի նման, նույնպես հատուկ է որոշակի հագուկապը:

90-ականներին ռոքերները բեմ էին դուրս գալիս հոլիդեյ տաբատներով, կրում էին հետաքրքիր ակնոցներ եւ այլն: Այդ ամենին այսօր փոխարինում են մաշված ջինսերը, կաշվե բաճկոններն ու աքսեսուարները:

«Another story» ռոք խմբի կիթառահար Հրաչ Հակոբյանը նշում է, որ շատ կարեւոր է երաժշի համար տարանջատել ամենօրյա եւ բեմի հագուստը, բայց միեւնույն ժամանակ բեմական հագուստը պետք է լինի ազատ եւ հարմար շարժվելու եւ նվագելու համար:

Հագուստի մոդելավորող Ֆաինան նշում է, որ երաժիշտը պետք է կրի իր ներաշխարհին համապատասխան հագուստ:

«Ես գտնում եմ, որ մարդիկ պետք է հագնվեն այնպես, ինպես զգում են իրենց: Եթե ռոք երաժիշտը այնպիսին է, որ զգում է` պետք է կրի կաշվե շորեր, թող հագնի այդպես: Ամենակարեւորն այն է, որ նրանք մատուցեն որակյալ երաժշտություն: Հիմա ռոք խմբերը շատ են, ռոք լսողներ էլ կան, ու եթե փորձեմ հիշել մեր խմբերին, կարծեմ` նորմալ են հագնվում», - ասաց մոդելավորողը:

Ֆաինան սխալ է համարում ցուցադրական հագնվելը: Նա այն կարծիքին է, որ չպետք է հագնվել ցույց տալու համար, որ իրենք ռոք են լսում. դա պետք է էությունից բխի:

«Եվ ընդհանրապես ի՞նչ է նշանակում հագնվես, որպեսզի ցույց տաս, որ դու ռոքեր ես: Եթե այդպիսի մտածեկալերպի մարդ է, այդ ենթատեսքտով էլ կհագնվի: Սպիտակ շապիկը եւ ջինսը ամենահարմար հագուստն է: Կարեւորը, որ հնչի որակյալ երաժշտություն, քանի որ ոչ ոք չի կենտրոնանալու հագուկապի վրա, բոլորը կլսեն երաժշտությունը եւ հաճույք կստանան», կարծում է Ֆաինան:

«Խմբի անդամների հագուստը պետք է համապատասխանի նրանց մատուցած երաժշտությանը»,- նշեցին «Another story» ռոք խմբի անդամներ Հրաչ Հակոբյանը եւ Արմեն Սարգսյանը

Հայաստանում բեմական կերպարներ են ընդունում ավելի շատ մետալ ոճում հանդես եկող երաժշտական խմբերը: «Դոգմա» խմբի անդամներից Դերենիկը նշում է, որ խմբի հագուստը եւ իմիջը կախված է նրանց մատուցած երաժշտության ոճից. - «Անկախ հագնվելու ձեւից, երաժշտի մոտ առաջնայինը տեղ պետք է զբաղեցնի ասելիքը, ոչ թե շոուն»:
XS
SM
MD
LG