Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 13-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը խոսելով վերջերս հրապարակված ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի վերաբերյալ բանաձեւի նախագծի մասին` գրում է. - «Հայաստանում այսօր հեղափոխական իրավիճակ է ոչ թե այն պատճառով, որ նախորդ ընտրությունները կեղծվել են, մարտի 1-ի ոճրագործության մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել եւ այլն, այլ որովհետեւ երկրում սոցիալական վիճակն անտանելի է, մարդիկ բառիս բուն իմաստով չեն կարողանում օրվա հացը վաստակել, եւ ապագայի նկատմամբ որեւէ վստահություն չկա: Եկեք անկեղծ լինենք. եթե անգամ Հայաստանում ընտրությունները տասնապատիկ ավելի մեծ մասշտաբներով կեղծվեին, բայց դրանից հետո աշխատավարձերն ու թոշակները տասը անգամ բարձրանային, ոչ մի հեղափոխական վիճակ էլ չեր լինի: Այլ հարց է, որ բացահայտ ընտրակեղծիքները քաղաքակիրթ իշխանափոխության համար իրավական հիմքեր են ստեղծում, մարտի 1-ի ոճրագործության կոծկումը` նույնպես, բայց հեղափոխական իրավիճակի հիմքում, կրկնում ենք, սոցիալական անտանելի վիճակն է»:

«Հայոց Աշխարհ»-ի զրուցակից, Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ) Լեռնիկ Ալեքսանյանը ասում է. - «Հիմա ՀԱԿ-ը վերադարձավ հին դիրքերին, քանի որ պատրաստվում է հերթական ընտրություններին եւ իր ընտրազանգվածը չկորցնելու խնդիր ունի: Վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ ՀԱԿ-ի համար այդ խնդիրը բավական սուր է: ՀԱԿ-ն ինքն այսօր չի կարող վերադառնալ 2008-ի անհանդուրժողականության, առճակատման դիրքեր, քանի որ ողջ բողոքական ներուժը մեկ տեղում կուտակված չէ այլեւս, եւ գրեթե չկան չկողմնորոշված հասարակական խմբեր: Չկան նաեւ իրենց տեղը քաղաքական դաշտում դեռ որոնող ուժեր ու գործիչներ: 2008-ի իրադարձությունները հնարավոր եղան շատերի ինքնագործունեության պատճառով, քանի որ այդ ամենն անսպասելի էր: Հիմա պետությունը անհրաժեշտ հետեւություններն արել է, եւ անակնկալները բացառված են»:

«168 ժամ»-ը Կոնգրեսի ձերբակալված ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խնդրով զրույցել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ: Նա ասել է, որ դա միայն «օրենքի խնդիր» է. - «Եթե դուրս ենք եկել երկրի համար կարեւոր խնդիրների ուղեցույցում, բնականաբար, դրանք չեն կարող երկխոսությունը կամ փոխհարաբերությունները դադարեցնելու միջոց լինել: Դա ընդամենը կարող է պատճառ լինել: Ըստ էության, ցայտնոտային իրավիճակ էր, որովհետեւ նրանց դրած խնդիրների պատասխաններն իշխանություններն ունեն: Նրանք ըստ էության ժամանակ շահելու խնդիր ունեն, բայց շատ լավ կլինի, որ գործընթացը շարունակվի, մանավանդ որ, նախընտրական տարի է: Դա կնպաստի, որ ժողովրդի կողմնորոշումն ավելի հստակ լինի»:

«Ժամանակ»-ի վերլուծականում կարդում ենք. - «Թե ով կլինի Հայաստանի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարը, սկզբունքորեն այնքան էլ կարեւոր հարց չէ: Բայց, որքան էլ տարօրինակ թվա, ներկայիս, կամ ավելի ճիշտ` արդեն նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունը, այդուհանդերձ, նշանակալից իրողություն էր իշխանական դաշտում: Բանն այն է, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում լինելով զգալիորեն թույլ` Կարեն Կարապետյանն, այդուհանդերձ, ուժեղ էր ընդհանուր իշխանական դաշտում, և իր քաղաքական ազդեցությունը տարածում էր այլ խողովակներով: Հետևաբար, նրա պաշտոնանկությունն առաջին հերթին հարված է այդ խողովակներին, մասնավորապես` Հանրապետական կուսակցության, այսպես ասած, միջանկյալ թևին: Ինչ է միջանկյալ թևը: Դա այն թևն է, որը կուսակցության «սկզբնաղբյուրի» հետ կապ չունի, բայց նաև չի հանդիսանում կուսակցության երիտասարդ կարիերիստների մաս: Խոսքը հիմնականում այն թաղային հեղինակություններին է վերաբերում, որոնք ՀՀԿ անդամ են դարձել 2006-07 թվականներին, երբ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ խորհրդի նախագահ»:

«Առավոտ»-ը գրում է, որ տարիներ շարունակ է խոսվում Շենգենյան երկրներ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնության դյուրացման մասին: Թերթի հարցին` հնարավո՞ր է նշել որոշակի ժամկետներ, երբ մասնավորապես մեր երկրի համար կիրականացվի այդ ընթացակարգի դյուրացում, Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը պատասխանել է. - «Սեպտեմբերի 15-ին կամ 16-ին Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության անդամ երկրներին է ներկայացնելու Հայաստանի հետ վիզաների դյուրացման համար բանակցություններ վարելու անհրաժեշտ մանդատի նախագիծը: Բայց դե ֆակտո բանակցությունները մենք սկսել են շատ վաղուց: Մնում է լրացնել ֆորմալ մասը: Եվ կարծում եմ` դրանք կտեւեն ամենաշատը մի քանի ամիս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG