Մատչելիության հղումներ

Արաբական երկրները Հայաստանից բարձր որակավորման աշխատուժ են ներգրավում


Քաթար - Նավահանգիստ մայրաքաղաք Դոհայում, արխիվ
Քաթար - Նավահանգիստ մայրաքաղաք Դոհայում, արխիվ
Վերջին տարիներին արաբական երկրները Հայաստանից ներգրավում են աշխատուժ, ինչի առնչությամբ Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Քաթարի միջեւ նախապատրատվում են աշխատուժի օգտագործման մասին համաձայնություններ։

«Այսօր ե՛ւ Քաթարում, ե՛ւ Արաբական Միացյալ Էմիրություններում մեր քաղաքացիները աշխատում են։ Մեր գործընկերներն են առաջարկել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը անմասն չմնա այս գործընթացին եւ կարողանա ինչ-որ ձեւով նաեւ իր քաղաքացիների կողքին լինի, երբ որ խնդիրներ կամ այլ հարցեր կառաջանան», - այսօր կառավարության նիստում, տեղեկացնելով, մասնավորապես, Քաթարի հետ համաձայնության նախաստորագրման մասին, հայտարարեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ - «Հատկապես վերջին տարիներին մեր երկրից պահանջարկ է առաջացել այդ երկրներում որակյալ կադրերի։ Ամեն մի ընկերություն իր ճանապարհը գտնում է, այնուամենայնիվ, այդ կադրերին հավաքագրելու եւ այնտեղ տանելու, եւ ընդամենը խնդիր է առաջացել, որպեսզի այս գործընթացները ավելի կանոնակարգված լինեն։ Մշտական բնակության կամ քաղաքացիություն ստանալու խնդիրներ չեն լինելու՝ հաշվի առնելով այդ երկրների առանձնահակտությունները։ Մենք ոչ թե խթանում ենք արտագաղթը, այլ կանոնակարգում ենք տեղի ունեցող միգրացիոն գործառույթները եւ գործունեությունը»։

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով, երբ արաբական երկրների հետ համաձայնագրերը ստորագրվեն, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններ կուղարկվեն հայկական կողմին:

«Տեղեկությունները պետք է պարունակեն, մասնավորապես, տվյալներ, թե աշխատանքի անվանումը ինչ է, ինչպիսի մասնագիտական ունակություններ եւ հմտություններ է պահանջվում, աշխատանքի ստաժ, լեզվի իմացություն, ինչպես նաեւ ինչ պայմաններ են իրենք նախատեսում տրամադրել աշխատանքային միգրանտին՝ բնակարանային ապահովությունը, ինքնաթիռի տոմսակները, երեխաների կրթությունը», - նշեց Միգրացիոն ծառայության պետը։

Այդ ամենի մասին կտեղեկացվեն Հայաստանի քաղաքացիները, հստակեցնում է Եգանյանը․ - «Նրանցից ովքեր որ ցանկություն կունենան եւ կհամապատասխանեն այդ պահանջներին, կգան, իրենց տվյալները կթողնեն մեզ մոտ, որից հետո կտեղեկացվի այդ մասին քաթարական գործընկերներին։ Նրանք կուղարկեն համապատասխան մասնագետների, որոնք Երեւանում հարցազրույց կկազմակերպեն թեկնածուների հետ եւ նրանց, ովքեր կբավարարեն պահանջները, կառաջարկվի աշխատանք»։

Դա, սակայն վերաբերելու է բարձր որակավորում ունեցող մասնագետներին, ասում է Միգրացիոն պետական ծառայության պետը․ - «Հիմնականում բժիշկներ կլինեն, ճարտարապետ, շինարար ինժեներներ, նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմողներ, ինֆորմացիոն տեխնոլոգիայի բնագավառի աշխատողներ»։

Գագիկ Եգանյանի խոսքով, այս մասնագետներին առաջարկվելու է շատ գրավիչ պայմաններով՝ նույնիսկ եվրոպական պետություններում ընդունվածից բարձր աշխատավարձերով, եւ պաշտպանված աշխատանքային պայմանագրերով աշխատանք։
please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG