Մատչելիության հղումներ

«ՀԱԿ-ը հանրահավաքների ակտիվացմամբ իրավիճակ չի փոխի»


Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ
Գալուստ Սահակյան

Գալուստ Սահակյանը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ)` անցած ուրբաթ կայացած հանրահավաքի ժամանակ հնչած ելույթները եւ քննադատությունները իշխանության հասցեին համարում է նորմալ ու բնական, հաշվի առնելով «առաջիկա ընտրություններին ընտրազանգված պահելու` Հայ ազգային կոնգրեսի նպատակը»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` իշխող կուսակցության փոխնախագահը ասաց, թե Կոնգրեսը ցայտնոտի մեջ է:

«Ես կարծում եմ` ոչ թե հնարք էր, այլ պարզապես չունենալով որոշակի արգումենտներ` ցայտնոտի մեջ են եւ փորձում են պահել իրենց ընտրազանգվածը, որը ես բնական եմ համարում, որովհետեւ փորձելու են նաեւ խորհրդարանում տեղեր զբաղեցնել», - հայտարարեց Սահակյանը:

«Իսկ եթե ՀԱԿ-ը մտածում է` իմիտացիան էն տեղում պիտի հասցնի, որ երկիշխանություն է երկրում, եւ իշխանությունները հակված են անպայման, գիշերը քունը չի տանում իշխանությունների, որ պիտի երկխոսեն` դա այդպես չէ: Մենք երկխոսում ենք ամբողջ ճակատով` բոլոր կուսակցությունների հետ: Իսկ Ազգային ժողովը իրական երկխոսության ճամբարն է», - հավելեց Հանրապետականի փոխնախագահը:

Սահակյանը, թեեւ կողմ է երկխոսությունը շարունակելուն, բայց դրա դադարեցումից Հայաստանի համար լուրջ վնասներ չի տեսնում: Նրա պնդմամբ` երկխոսությունը առկախելու համար Տիգրան Առաքելյանի դեպքը հենց Հայ ազգային կոնգրեսի համար էր պատրվակ, ընդդիմություն - իշխանություն երկխոսության ընդհատման համար մեղավոր է հենց ընդդիմությունը. - «Խոսքը վերաբերում է արտահերթ ընտրություններին, դա իրենց ստեղծած փուչիկն է, եւ կանխազգալով, որ այն արգումենտները, որ իրենք են բերում, եւ լսելով նաեւ իշխանության տեսակետը, որը մինչեւ այսօր ըստ պայմանավորվածությունների չենք հրապարակել, իրենց փաստաթուղթը դառնալու է ծիծաղելի: Դրա համար առիթը օգտագործեցին ինչ-որ պայմաններ դնելու առումով»:

Անցած ուրբաթ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ, Կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե մոտակա օրերին ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման դեպքում ՀԱԿ-ը պատրաստ է վերադառնալ բանակցությունների սեղանին, հակառակ պարագայում, երկխոսությունն առկախված թողնելով` ՀԱԿ-ը «հարկադրված կլինի իշխանությունների հետ խոսել այլ լեզվով»: Նա հստակեցրեց, որ «այլ լեզու» ասելով ամենեւին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունի, այլ հանրահավաքների հաճախակիացման եւ ժողովրդական զանգվածների առավելագույն համախմբման կամ գերմոբիլիզացիայի միջոցով «արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման պարտադրում»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ընդդիմության հանրահավաքի ժամանակ հնչեցված ելույթները համարում է հակասական:

«Արդեն որոշակի իսկապես հակասությունների տեղիք տալիս է: Առաջին իսկ պահից իր [Լեւոն Տեր-Պետրոսյանի] եւ Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ է հակասություն, իր [ՀԱԿ-ի առաջնորդի] իսկ ելույթի մեջ է կարծես թե հակասություն` մե'կ պետություն է հզորացնում, մե'կ պետություն է թուլացնում, մե'կ հեղափոխությունը ասում է` «չենք անելու», բայց դե մարդկանց հավաքում` ինչի համար` մարդ չի հասկանում», - նշեց Մարտիրոսյանը:

«Մեզ համար ի սկզբանե իսկ ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն
Արմեն Մարտիրոսյան

ընթացքի պարագայում անգամ այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին, որովհետեւ այդ արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից», - հանրահավաքի ժամանակ ասաց Հայաստանի առաւջին նախագահը: Այդ դեպքում` ինչո՞ւ սկսեցին երկխոսությունը, հարցնում է Մարտիրոսյանը. - «Ինչո՞ւ էր գնում երկխոսության»:

«Ժառանգության» պատգամավորը իրենց կուսակցությանը չի վերագրում Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա կարծիք է հայտնում, որ «եթե մնացյալ մտահոգ քաղաքական ուժերը եւս, երկրորդական խնդիրները մի կողմ թողած, առաջնորդվեին այս գիտակցությամբ, մենք վաղուց կունենայինք բոլորովին այլ երկիր»: Մարտիրոսյանը գտնում է, որ Հայ ազգային կոնգրեսը հանրահավաքների ակտիվացմամբ երկրում իրավիճակ չի փոխի:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG