Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հավասար հնարավորությունների հանձնաժողովը զգուշացնում է, որ երեխայի սեռի ընտրությունը` նախքան նրա ծնվելը «անհանգստացնող չափերի» է հասել Եվրախորհրդի մի շարք անդամ երկրներում` այդ թվում Հայաստանում, Ալբանիայում, Ադրբեջանում եւ Վրաստանում:

Ըստ ԵԽԽՎ-ի Հավասար հնարավորությունների հանձնաժողովի զեկույցի` Հայաստանում, Ալբանիայում եւ Ադրբեջանում տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը կազմում է համապատասխանաբար 112/100, իսկ Վրաստանում` 111/100:

Տղաների եւ աղջիկների բնական հարաբերակցությունը 105/100 է:

Շվեյցարացի պատգամավոր Դորիս Սթամփի զեկույցում նշվում է, որ ԵԽԽՎ-ն դատապարտում է նախածննդյան փուլում հօգուտ տղաների սեռի ընտրության երեւույթը, որի «արմատները գենդերային անհավասարություն ունեցող մշակույթներում են եւ ավելի են ամրապնդում կանանց նկատամբ բռնությունները, ինչը հակառակ է ԵԽ-ի արժեքներին»:

Հանձնաժողովը այս 4 երկրներին կոչ է անում «հետաքննել սեռերի անհամաչափ հարաբերակցության պատճառները» եւ ջանքեր գործադրել «կնոջ դերը հասարակությունում բարձրացնելու համար»:

«Այս կառավարությունները պետք է անցկացնեն ծնված երեխաների սեռերի հարաբերակցության վերաբերյալ հավաստի տվյալների հավաքագրում եւ բժշկական անձնակազմին վերապատրաստեն նախածննդյան փուլում սեռի որոշման խնդրի վերաբերյալ», - ասված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG