Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուներն իրենց ծրագրերն են ներկայացնում


Ստեփանակերտ քաղաքի տեսարան
Ստեփանակերտ քաղաքի տեսարան
Ստեփանակերտում այս օրերին ընթանում է քաղաքապետի թեկնածուների նախընտրական քարոզչությունը: Մեկ շաբաթից Ստեփանակերտը եւ Լեռնային Ղարաբաղի մյուս համայնքները կունենա նոր ղեկավարներ:

«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Ստեփանակերտի քաղաքապետի երեք թեկնածուների հետ:

Իշխանության համակրանքը վայելող թեկնածուն` Սուրեն Գրիգորյանը, ով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն է դեռեւս նախորդ իշխանությունների ժամանակից, քարոզարշավի է գնում ծառայողական մեքենայով, երբեմն տարբեր պաշտոնյաների ուղեկցությամբ:

Գրիգորյանը նշում է, որ ընտրվելու դեպքում առաջին հերթին ձեռնամուխ է լինելու վերացնել, շտկել, վերականգնել Ստեփանակերտում պատերազմի հասցրած վնասները:

«Ես այսօր զբաղեցնում եմ բավականին պատասխանատու պաշտոն` աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, սակայն դա ինձ չկանգնեցրեց որոշում ընդունելու համար, քանի որ կարծում եմ` Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնը այսօրվա դրությամբ պաշտոնի ընտրություն չէ, դա քաղաքի հետագա զարգացման ուղիների եւ այլ հրատապ խնդիրների լուծման խնդիր է: Ես ուղղակի երկար մտածելուց հետո, որոշեցի, որ կարող եմ օգտակար լինել այս խնդիրների լուծման գործում», - ասաց Գրիգորյանը:

Քաղաքապետի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուն Էդվարդ Աղաբեկյանը, ով ներկայումս վարչապետի խորհրդականներից է, իսկ 2004 թվականին, լինելով ընդդիմության թեկնածու, ընտրվեց Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում: Մինչ այսօր տեղի իշխանություններն այդ օրինակը մատնանշում են որպես ղարաբաղյան ժողովրդավարության վառ օրինակ: Սակայն ինչպես Աղաբեկյանը խոստովանեց, իր պաշտոնավարման տարիներին հեշտությամբ չի աշխատել` ճնշումներ իշխանությունների կողմից, սուղ ֆինանսական պայմաններ, արդյունքում էլ առողջական խնդիրներ: Աղաբեկյանը, իր խոսքով, վերադարձել է, որպեսզի հաշվետու լինի ստեփանակերտցիներին եւ իր ունեցած դառը փորձը օգտակար դարձնի քաղաքի զարգացման համար:

«Առավել եւս հիմա, որ մի քանի տարիների հեռվից նորովի վերլուծելով անցած ճանապարհը, ձեռքբերումը, նվաճումները, այդ թվում նաեւ` թերությունները, վեր հանելով դրանց պատճառները, նորովի առաջադրվել եւ փորձել, քանի որ հիմնախնդիրների ճնշող մեծամասնությանը անձամբ տեղյակ եմ, հանրությանը ներկայանալ քաղաքապետ եղածս տարիների հաշվետվության տեսքով », - ասաց Աղաբեկյանը:

Երրորդ թեկնածուն` պատգամավոր Մարատ Հասրաթյանը նաեւ Սոցիալական ապահովության իրավաբանն է եւ նախորդ չորս տարիներին եղել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամ: 32-ամյա քաղաքական գործիչը, առաջադրելով իր թեկնածությունը, կարեւորում է սերնդափոխության հանգամանքը, ինչպես նաեւ վստահեցնում, որ չնայած իր երիտասարդ տարիքին, շատ լավ պատկերացնում է իր հետագա աշխատանքն այդ պաշտոնում:

«Ես այն կարծիքին եմ, որ Ստեփանակերտի բնակիչները, լինելով համախոհ մեր տեղական ինքնակառավարման մարմնում իրականացվող ծրագրերին եւ համախմբվելով, կկարողանանք հասնել այն արդյունքին, որը այսօր ես մտադիր եմ ընտրվելու դեպքում իրականացնել: Սերնդափոխությունը կարեւոր է մեր երկրի ապագայի համար», - ասաց Հասրաթյանը:

Տեղական ինքնակավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին:

please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG