Մատչելիության հղումներ

Ստյոպա Սաֆարյանը Կարեն Կարապետյանի հրաժարականը «անսպասելի» է որակում


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյան կարծում է, որ «մի քանի հանգամանք ստիպում են մտածել, որ կա ինչ-որ պատմություն, որը հանգեցրեց [նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի] հրաժարականին, եւ որի մասին չի խոսվում հրապարակավ»:

«Նախ առաջինը` հրաժարականի անսպասելիությունն էր. չի եղել որեւէ մի դեպք, երբ նախագահի աշխատակազմի ղեկավարը հրապարակավ հայտնի այլ աշխատանքի տեղափոխվելու կամ այդ աշխատանքը լքելու իր մտադրության մասին: Նախկինում երբ նման լուրեր դրվեցին շրջանառության մեջ, Կարապետյանը հարկ համարեց հայտարարությամբ հանդես գալ եւ նշել, որ դա որոշ շրջանակների ցանկությունն է, եւ իր եւ նախագահի հարաբերությունները աշխատանքային են, եւ ինքը հրաժարականի դիմում չի գրի», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սաֆարյանը` ճշգրտելով, որ Կարապետյանը այդ հայտարարությունը արել էր դեկտեմբերին Պլաչիդո Դոմինգոյի համերգի ժամանակ` Երեւանի նախկին քաղաքապետի պաշտոնանկությանը հանգեցրած հայտնի միջադեպից հետո:

Սաֆարյանն ասաց` չունի ինչ-որ տեղեկատվություն, որ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ Կարեն Կարապետյանը գնա հրաժարականի, բայց միայն նրա հրաժարականի անսպասելի փաստը հիմք է տալիս ասելու, որ «ինչ-որ մի բան, այնուամենայնիվ, եղել է»:

«Մամուլում այս ամիսների ընթացքում եղել են ամենատարբեր վարկածները` սկսած նրանից, որ աշխատանքային հարաբերություններում լարվածություն կա Կարապետյանի եւ իր տեղակալի միջեւ, ով նախագահի փեսան է: Եղել են այլ կարգի տեղեկություններ` քաղաքական ակնկալիքների հետ կապված, որոնք չեն բավարարվել նախագահի կողմից, բայց ես մի փոքր տարօրինակ եմ համարում այս նախընտրական շրջանի մեկնարկին նման քայլի գնալը, որովհետեւ մի փոքր անակնկալ էր եւ մի փոքր հասկանալի չէ քաղաքական գործչի կարիերայի կամ հետագծի առումով», - ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Հիցեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուրբաթ օրվա հրամանագրով Կարեն Կարապետյանը իր դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Կարապետյանը իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է եւ նախագահի աշխատակազմի ղեկավար էր նշանակվել մոտ երկու տարի առաջ` 2008 թվականի սեպտեմբերի 29-ին: Մինչ այդ Կարապետյանը Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության ղեկավարն էր:

Նշենք նաեւ, որ Կարեն Կարապետյանը ռուսահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի ավագ եղբայրն է: Վերջինս «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերն է ու ղեկավարը: Հեղինակավոր Forbes հանդեսի գնահատմամբ, այս տարի Սամվել Կարապետյանն իր 1.4 միլիարդ դոլար կարողությամբ ռուսաստանցի հարուստների շարքում զբաղեցնում է 73-րդ տեղը:

«Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո Հանրապետական կուսակցությունում գումարվել է գործադիր մարմնի, այնուհետեւ` խորհրդի նիստ, որտեղ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչը բավարարվել է», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչո՞ւ է Կարապետյանը հրաժարականի դիմում ներկայացրել, Շարմազանովը պատասխանեց. - «Դա այն հարց չէ, որ ես պետք է իմ կարծիքը ներկայացնեմ, դա վերաբերում է նախագահական ինստիտուտին, նախագահի աշխատակազմին եւ դա կուսակցական խնդիր չէ: Նախագահի աշխատակազմի ղեկավարը իր սեփական նախաձեռնությամբ ներկայացրել հրաժարականի դիմում եւ երկրի նախագահն էլ բավարարել է այդ դիմումը. այդքանը` կարող եմ միայն փաստը արձանագրել»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ չեն ցանկանում մեկնաբանել Կարեն Կարապետյանի հրաժարականը:

Կարեն Կարապետյանի հրաժարականը չցանկացան մեկնաբանել նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունում:
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG