Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ հակակոռուպցիոն ուսանողական աշխատանքային թիմը հուլիսին «Ֆեյսբուք»-ում խումբ բացեց ու հակակոռուպցիոն կարգախոսի մրցույթ հայտարարեց հենց այդ սոցիալական ցանցի միջոցով:

Խումբը ստացավ կարգախոսի 18 տարբերակ, որից 8-ը դրվեց հանրային քվեարկության: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի երիտասարդական ծրագրերի համակարգող Մելինե Նահապետյանի խոսքով` սա քվերակության լավագույն տարբերակն էր:

«Սա ամենաթափանցիկ ճանապարհն էր ընտրելու լավագույն կարգախոսը, եւ երկրորդը` սա շատ լավ միջոց էր, որպեսզի մենք մասնակից դարձնենք ուսանողական հանրությանը, իսկ «Ֆեյսբուք»-ի հիմնական կոնտինգենտը հենց ուսանողներն ու երիտասարդներն են: Մինչեւ հիմա քվեարկում են, չնայած որ մենք ասել ենք, որ օգոստոսի 25-ից քվերակությունը փակել ենք: Շատ ուրախ եմ, որ 1500-ից ավելի մարդ է մասնակցել քվեարկությանը»,- նշում է Մելինեն:

Մրցույթի կազամերպիչները մշակել էին մի քանի չափանիշներ, որոնցով պետք է առաջնորդվեին մասնակիցերը. ի՞նչ կուզենաս տեսնել քո շապիկին, ի՞նչ կհիշես ամբողջ կյանքում, մտածիր հայերեն կամ անգլերեն, փորձիր չկառչել կոռուպցիա բառից, եղիր հստակ, հնարամիտ եւ կրեատիվ:

Սլավոնական համալսարանի ուսանող Հայկազ Բագրատյանն իր ազատ ժամանակը սպանում էր «Ֆեյսբուք»-ում: Հանդիպեց մրցույթի հայտարարությանն, ու անլուրջ մոտենալով հարցին` ուղարկեց մոտ 8 կարգախոս` մեծամասամբ հումորային տարբերակով:

«Ուղարկել էի կարգախոսներ, որոնք նույնիսկ նպաստում էին կոռուպցիային: Օրինակ «in bribe we trust»: Մի դոլարանոցի վրա, որ գրում են «in god we trust», ես էլ գրեցի «in bribe we trust»: Բայց հետո ուղարկեցի իմ տարբերակնել էր «Refuse bribe, you are not a tribe»: Հետո նամակ ստացա, որ իրավունք ունեմ մասնակցելու քվերակությանը, ուրախացա: Քվեարկության արդյունքում երրորդ մրցանակը շահեցի», - պատմում է Հայկազը:

Իսկ Մանե Մարտինյանը Սլավոնական համալսարանի գովազդի բաժնի ուսանողուհի է: Կարգախոսներ հորինելն նրա ամենասիրած զբաղմունքն է: Մանեն եւս մի քանի կարգախոս էր ուղարկել մրցույթին: Նա վստահ է, որ մարդ դառնալու լավագույն պայմանը գիտելիք ստանալն է` ոչ գումարի միջոցով:

«The end of corruption-the beginning of opportunities». այսինքն կոռուպցիայի վերջն ու հնարավորությունների սկիզբը: Հենց այս կարգախոսով էլ Մանեն երկրորդ մրցանակակիրն է:

Առաջին մրացանակակրի` Հայկ Տոնապետյանի հետ «Մաքսլիբերթի»-ին զրուցել չհաջողվեց, քանի որ նա արդեն մեկնել էր զինվորական ծառայության, իսկ մրցանակը հանձնեցին նրա քրոջը: Հայկի կարգախոսն է` «Գնելով կրթությունդ` վաճառում ես ապագադ»:

Մելինե Նահապետյանը նշում է, որ այս կարգախոսով տպվել են նշումների գրքույկներ, գրիչներ, բաժակներ ու շապիկներ, որոնք ֆլեշ մոբի միջոցով կբաժանվեն քաղաքացիներին:

«Ուզում ենք, որ շատ մարդ համախմբվի այս խմբի շուրջ, որովհետեւ, ի վերջո, փորձում ենք նպաստել մեր բոլորի որակյալ կրթություն ստանալու հնարավորությանը», - ասում է Մելինեն:

ԵԱՀԿ հակակոռուպցիոն ուսանողական աշխատանքային խմբի անդամ Լարիսա Ասլանյանի կարծիքով` կոռուպցիան Հայաստանում շատերի համար դարձել է սովորական երեւույթ, որի հետ սակայն համակերպվել ինքը չի պատրաստվում: Ասում է` իրենց խմբով անելու են ամեն ինչ ուսանողներին ծանոթացնելու ոչ միայն իրենց իրավունքներին, այլեւ` պարտականություններին:

Իսկ աշխատանքային խմբի անդամ Հայկ Աբրահամյանն էլ նշում է. - «Մենք հասկանում ենք, որ փոքր խումբ ենք ու մեր ջանքերով չենք կարող վերացնել կոռուպցիան բարձրագույն կրթական համակարգում: Սակայն մեր հիմնական նպատակը հենց ուսանողներին շահագրգռելն է, նրանց մեջ ակտիվություն սերմանելը, իրազեկելը, որպեսզի նրանք էլ այսուհետ պայքարեն իրենց իրավունքների համար եւ հասկանան, որ իրենք միայնակ չեն, որ իրենց պես ուսանողներ, ինչպես մենք ենք, կարողանում ենք մեր ձայնը բարձրացնել ու պայքարել»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG