Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան․ «Առաքելյանի ազատ արձակման դեպքում մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցությունների սեղանին»


ՀԱԿ-ի երթը Երեւանի փողոցներով

ՀԱԿ-ի երթը Երեւանի փողոցներով

«Մոտակա օրերին Տիգրան Առաքելյանի ազատ արձակման դեպքում մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցությունների սեղանին։ Հակառակ պարագայում, երկխոսությունն առկախված թողնելով, մենք հարկադրված կլինենք իշխանությունների հետ խոսել այլ լեզվով»,- սեպտեմբերի 9-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Ընդդիմության առաջնորդը հստակեցրեց, որ «այլ լեզու» ասելով ամենեւին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունի, այլ հանրահավաքների հաճախակիացման եւ ժողովրդական զանգվածների առավելագույն համախմբման կամ գերմոբիլիզացիայի միջոցով «արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման պարտադրում»:

Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եթե իշխանությունները շուտափույթ կերպով չլուծեն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցը, ընդդիմությունը ստիպված կլինի մտածել, որ ոստիկանության եւ Կոնգրեսի երիտասարդության միջեւ տեղի ունեցած միջադեպը նրանց կողմից հատուկ կազմակերպված է եղել, կամ առնվազն իշխանություններն օգտագործել այդ պատրվակը՝ երկխոսությունը վիժեցնելու համար՝ դժգոհ լինելով վերջինի ընթացքից։

«Մեզ համար ի սկզբանե իսկ ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ, այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին, որովհետեւ այդ արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից։ Հետեւաբար, երկխոսության առկախումը, կամ նույնիսկ նրա վերջնական դադարեցումը, մեր ծրագրերը չի փոխում, եւ մեր նպատակը մնում է նույնը, այն է՝ անդադար զանգվածային միջոցառումների ճնշման տակ իշխանափոխության շուտափույթ իրականացումը եւ ավազակապետության ամբողջական կազմաքանդումը», - հայտարարեց ՀԱԿ առաջնորդը։

Ելույթի ավարտին ՀՀ առաջին նախագահը, հիշեցնելով «Սկսել ա» անունը կրող երիտասարդական շարժման մասին, ելույթը եզրափակեց հենց այդպես` «Սկսել ա»:

Հայաստան -- Ընդդիմության աջակիցները ՀԱԿ-ի հանրահավաքում, 9-ը սեպտեմբերի, 2011թ․
Լեւոն Տեր-Պետրոսյանից բացի հանրահավաքում ելույթ ունեցան մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։

Իր ելույթում ՀԱԿ ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «պատրաստվել սահմանադրական հեղափոխության»:

«Մեր հեղափոխությունն անկասելի է, մեր հաղթանակն` անխուսափելի», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը։ - «Հեղափոխությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է: Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, որովհետեւ առկա է երկիր եւ ժողովուրդ` որն ունի պրոբլեմներ, եւ առկա է իշխանությունը զավթած խունտա, որը ոչ միայն ի վիճակի չէ լուծել երկրի ու ժողովրդի առաջ ծառացած պրոբլեմները, այլ հենց ինքն է ՀՀ քաղաքացիների հիմնական, ամենամեծ պրոբլեմը, Հայաստանի եւ նրա ժողովրդի զարգացման ու առաջընթացի ամենամեծ խոչընդոտը»։

Ըստ Փաշինյանի, թավշյա այդ հեղափոխությունն ունի իրականություն դառնալու իր հստակ ալգորիթմը. այն է` 500 հազար քաղաքացի Ազատության հրապարակում եւ 24 ժամ իշխանություններին` հեռանալու համար․ - «Այսօր մենք հեռանալու ենք հրապարակից՝ նպատակ ունենալով, սակայն, մեր հաջորդ հանրահավաքներից մեկում Ազատության հրապարակում կանգնած լինել 500 հազարով եւ այդ օրը, այդ ժամին ազդարարել հայկական ժողովրդավարական քաղաքացիական սահմանադրական թավշյա հեղափոխության հաղթական ավարտի մեկնարկը»:

Նմանատիպ կոչերով հանդես եկան նաեւ ՀԱԿ ղեկավարները։ ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը կոչ արեց «սեպտեմբեր-հոկտեմբերին Ազատության հրապարակ վերադարձնել 2008-ի փետրվարը»:

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն էլ ընդգծեց, որ «այս երկխոսության հետ առանձնապես հույսեր կապել պետք չէ, պատրանքներ ունենալ պետք չէ․ - «Իշխանությունը բռնազավթած վարչախմբին հեռացնելու հարցը լուծվելու է այստեղ»:

Ընդդիմադիր ՀԱԿ հաջորդ հանրահավաքը հայտարարվեց սեպտեմբերի 23-ին։ Այս առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշատակեց, որ Հայաստանի անկախությունը հռչակվել է 1991թվականի սեպտեմբերի 23-ին՝ սեպտեմբերի 21-ի հանրաքվեից հետո։

ՀԱԿ հանրահավաքը եզրափակվեց երթով Երեւանի կենտրոնական փողոցներով։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG