Մատչելիության հղումներ

Բոլոնյան գործընթացը Հայաստանի հետ համանախագահում է Լիտվան, որի կրթության ու գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսը այս օրերին Հայաստանում է:

«Լիտվայի փորձը մեզ համար շատ հետաքրքրիր է եւ օգտակար, որովհետեւ այդ երկրին հաջողվել է խորհրդային պետության կարգավիճակից խորը ինստիտուցիոնալ եւ բովանդակային բարեփոխումների արդյունքում համապատասխանել Եվրամիության չափանիշներին եւ այսօր արագընթաց տեմպերով իրականացնել բարեփոխումներ հատկապես կրթության եւ գիտության ոլորտում», - ասաց Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ուզում եմ շեշտել, որ քննարկումների ժամանակ հայկական կողմը եւս մեկ անգամ եկավ այն համոզման, որ մեր բարեփոխումների ուղղությունները բոլոր ոլորտներում` հանրակրթությունից մինչեւ բարձրագույն, ճիշտ են եւ համընկնում են եվրոպական լավագույն փորձին», - ընդգծեց Աշոտյանը:

Ըստ Արմեն Աշոտյանի` միակ խնդիրն այն է, որ բարեփոխումները, որ Լիտվայում տեղի են ունեցել վաղուց, Հայաստանում սկսել են իրականացվել վերջերս, իսկ բարեփոխումների պտուղները, ըստ նախարարի, արդեն նկատելի են:

Լիտվայի կրթության ու գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսը հայտնեց, որ լիտվական կրթական համակարգը փոփոխվում, ուժեղանում ու արտահայտում է այսօրվա հասարակության ու երիտասարդ սերնդի իրական պահանջները ոչ թե քաղաքական գործիչների, այլ` հենց արագ փոփոխվող կյանքի ու հասարակության պահանջով:

«Ամեն երկիր գտնում է բարեփոխումների իր ուղին, բայց կան ընդհանուր մոտեցումներ, որոնց կիրառումը հաջողություն է բերում:
Բարեփոխման նոր ալիքը մեր երկրում ստեղծագործական մոտեցման` որպես կրթության հանդեպ ընդհանուր մոտեցում, ներդրումն է դպրոցական համակարգում, այն, ինչ հիմա փորձում ենք անել: Այդ դեպքում դպրոցում դասերը շատ ավելի գրավիչ են դառնում երեխաների համար», - ասաց Ստեպոնավիչիուսը:

Այս ծրագրի իրականացման համար Լիտվայի կրթության նախարարությունը պայմանգրեր է կնքել ստեղծագործական միավորումների ու կազմակերպությունների հետ, որոնց ներկայացուցիչները այցելում են դպրոցներ ու կիսում արվեստում ունեցած իրենց փորձը երեխաների հետ: Գինտարաս Ստեպոնավիչիուսը նշում է, որ խոսում է ոչ թե մեկ կամ երկու հանդիպման, այլ արվեստագետների ու դպրոցների երկարատեւ համագործակցության մասին:

Լիտվայի հետ կրթության ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով Հայաստանը պատրաստվում է ավելի լավ ու մանրամասն ուսումնասիրել լիտվական փորձը` հասկանալու, թե ինչ դասեր կարելի է քաղել նախկին խորհրդային, այսօր Եվրամիության անդամ երկրի փորձից:

Արմեն Աշոտյանը հայտնեց, որ Հայաստանից Լիտվա կմեկնի աշխատանքային խումբ` տեղում ուսումնասիրելու լիտվական փորձը:

XS
SM
MD
LG