Մատչելիության հղումներ

logo-print

Այսօրվա հանրահավաքը «շրջադարձային է լինելու»


Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Կոնգրեսի այսօրվա հանրահավաքը «շրջադարձային» է լինելու:

ՀԱԿ-ը, նրա խոսքով, հստակեցնելու է իր առաջիկա անելիքները. - «Հայ ազգային կոնգրեսը իշխանություններին ողջամիտ ժամկետ էր ներկայացրել, որը ավարտվում է սեպտեմբերին, եւ այս առումով հանրահավաքը հստակեցման, զուլալման կարեւորագույն հանգրվան է»:

Հիշեցնենք, օգոստոսի 26-ին ՀԱԿ-ը առկախեց իր մասնակցությունը իշխանությունների հետ բանակցություններին` հայտարարելով, որ պատրաստ են վերսկսել բանակցությունները կալանավորված ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո:

Տիգրան Առաքելյանը, նշենք, դեռ շարունակում է մնալ անազատության մեջ: Հարցին, թե արդյոք Կոնգրեսը իշխանությունների հետ երկխոսությունը ավարտված է համարում, Մուսինյանը արձագանքեց. - «Տիգրան Առաքելյանի ազատ արձակման դեպքում երկխոսությունը անմիջապես վերսկսելու հայտարարությունը մնում է ուժի մեջ»:

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով, իշխանություններն այնուհանդերձ կընդառաջեն ընդդիմության պահանջներին, հակառակ դեպքում ՀԱԿ-ը կվերսկսի բողոքի զանգվածային ակցիաները. - «Մինչեւ սեպտեմբերի վերջը դեռ ժամանակ կա, եւ հուսով եմ, որ իշխանությունները կկայացնեն որոշում արտահերթ ընտրությունների վերաբերյալ, այլապես օրենքի սահմանում բոլոր միջոցները կիրառվելու են Հայ ազգային կոնգրեսի կողմից` դեպի արտահերթ ընտրություններ»:

Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին նաեւ փոխանցեց, որ այսօրվա հանրահավաքից առաջ կրկին տարբեր մարզերից ահազանգեր են ստացել, որ Երեւան եկող տրանսպորտային միջոցների աշխատանքը դադարեցված է, թեեւ, հիշեցնենք, ընդդիմության հետ բանակցությունների հենց սկզբում իշխանական պատվիրակությունը հավաստիացրել էր, որ կվերահսկի, որպեսզի նման խոչընդոտներ չլինեն.

«Այս իրավիճակը, որ այսօր մենք ստանում ենք տարբեր վայրերից, ցույց է տալիս, որ Դավիթ Հարությունյանը ի վիճակի չէ իր խոսքի տերը լինել, դրժեց իր խոստումը: Որեւէ բարելավում այս պահի դրությամբ մենք չենք կարող գրանցել», - հավելեց Կոնգրեսի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG