Մատչելիության հղումներ

Թուրքիայի կառավարությունը օգնում է ազգային փոքրամասնությունների թերթերին


Արտապատկերում Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի կայքէջից

Արտապատկերում Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի կայքէջից

Թուրքիայի կառավարությունը 250 հազար լիրա (շուրջ 140 հազար դոլար) դրամաշնորհ է հատկացնում ազգային փոքրամասնությունների վեց թերթերի: Այդ թերթերից երեքը հայկական են՝ «Ագոս»-ը, «Մարմարա»-ն եւ «Ժամանակ»-ը:

«Ժամանակ»-ին եւ «Մարմարա»-ին հատկացվում է 45-հազարական լիրա, «Ագոս»-ին՝ 35 հազար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի կառավարության վերջին քայլերին` ազգային փոքրամասնությունների ունեցվածքը վերադարձնելու, ինչպես նաեւ թերթերին պետական օժանդակություն ցուցաբերելու որոշումներին, «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հատեճյանը ասաց. - «Այս բոլորը ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհավատալիորեն բարի տրամադրության արտահայտություն է կառավարույան կողմից, եւ մենք վստահ ենք, որ կառավարության կեցվածքը անկեղծ է, այս կամ այն նկատառումներով չէ, որ արվում է»:

Նա նշեց, որ հատկացումները թերթերին նշանակալից գումար են կազմում, ու շատ լավ կլինի, եթե յուրաքանչյուր տարի օգնությունը շարունակվի:

Պետական օժանդակություն ստացող մյուս թերթերից երկուսը հունական են, մեկը՝ հրեական:

«Ապոյեւմատինի» հունարեն օրաթերթի խմբագիր Միքաիլ Վասիլիադիսը ասել է, թե ազգային փոքրամասնությունների թերթերին պետական օգնություն տրամադրելը «հեղափոխական քայլ է»:

Թուրքական մամուլի պաշտոնական տեղեկագիր գործակալությունը պաշտոնական հաղորդագրություններ ու հայտարարություններ տպագրելու համար թուրքական թերթերին պարբերաբար գումարներ է հատկացնում, սակայն ազգային փոքրամասնությունների թերթերը զրկված էին նման հնարավորությունից: Պատճառաբանվում էր, որ նրանք փոքր տպաքանակ ունեն, ուստի պաշտոնական հաղորդագրություններ նրանց չէր տրամադրվում:

Պետական գործակալության գլխավոր մենեջեր Մեհմեթ Աթըլայը, ասելով, թե այլեւս չեն կարող անտեսել ազգային փոքրամասնությունների թերթերի խնդիրները, մի ասացվածք է մեջբերել. - «Մենք չենք կարող կուշտ փորով քնել, երբ մեր հարեւանը քաղցած է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG