Մատչելիության հղումներ

Պաղեստինը սկսեց ՄԱԿ-ին անդամակցելու գործընթացը


Պաղեստինցիների ակցիան Ռամալայում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի մոտ, 8-ը սեպտեմբերի, 2011թ.
Պաղեստինցիների ակցիան Ռամալայում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի մոտ, 8-ը սեպտեմբերի, 2011թ.
Սեպտեմբերի 8-ից Պաղեստինը պաշտոնապես սկսեց ՄԱԿ-ին անդամակցելու միակողմի գործընթացը: «Ազգային արշավ Պաղեստինի համար. 194-րդ պետություն», - այս կարգախոսով սկսված գործընթացը նախատեսվում է ավարտել սեպտեմբերի վերջին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Հինգշաբթի օրը պաղեստինցի մոտավորապես 100 պաշտոնյաներ ու ակտիվիստներ ակցիա անցկացրեցին Ռամալայում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի մոտ` փոխանցելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված իրենց նամակը, ուր Բան Կի-մունին կոչ է արվում աջակցել ՄԱԿ-ին անդամակցելու պաղեստինցիների ձգտումներին, կանգնել արդարության եւ Պաղեստինի ժողովրդի կողքին:

Նամակը Ռամալայում ՄԱԿ-ի գրասենյակին է փոխանցել 70-ամյա Լաթիֆա Աբու Հմեյդին: Պաշտոնյաներն ասել են, թե նամակը փոխանցելու համար այս կնոջն են ընտրել, որովհետեւ նրա անձնական կյանքը արտահայտում է պաղեստինցիների ծանր ճակատագիրը: Իսրայելի հետ պայքարում նա մի որդի է կորցրել, մյուս 7 որդիները բանտարկված են իսրայելական բանտերում՝ զինված պայքար վարելու մեղադրանքով: Իսրայելի իշխանությունները երկու անգամ քանդել են նրա տունը, հիմա նա ապրում է Արեւմտյան ափում գտնվող փախստականների ճամբարում:

Պաղեստինցիները նաեւ հայտարարել են, որ մինչեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը մի շարք խաղաղ ակցիաներ են անցկացնելու աշխարհի տարբեր երկրներում:

Նրանք պահանջում են, որ Պաղեստին պետությունում ներառվի
Հորդանան գետի արեւմտյան ափը, Գազայի հատվածը եւ Երուսաղեմի արեւելյան թաղամասը` պնդելով, որ այդ տարածքները իրենցն են եղել մինչեւ 1967 թվականի պատերազմը:

Սեպտեմբերի 20-ին բացվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը պլանավորում է Պաղեստինի ճանաչման հարցը ներկայացնել Գլխավոր ասամբլեայի նիստում: Պաղեստինցիները վստահեցնում են, որ ՄԱԿ-ի անդամ 150 երկրներ աջակցում են իրենց:

ԱՄՆ-ը եւ Իսրայելը դեմ են պաղեստինցիների այդ պլանին: Միացյալ Նահանգները պնդում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը նախ պետք է ձեռք բերվի Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ խաղաղ բանակցությունների արդյունքում: Բանակցությունները ընդհատվել են մոտավորապես մեկ տարի առաջ:

Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո կդնի Պաղեստինի անկախությունը ճանաչելու հարցի վրա: Գլխավոր ասամբլեայի քվեարկությունը խորհրդանշական բնույթ կունենա, սակայն չնայած դրան` Պաղեստինը միջազգային աջակցության հույս ունի, գտնելով, որ Գլխավոր ասամբլեայի քվեարկությունը կուժեղացի իր դիրքերը եւ ազդեցություն կունենա Իսրայելի հետ բանակցությունների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG