Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 9-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Այսօր Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն է կայանալու: Հայ ազգային կոնգրեսի նախորդ հանրահավաքն օգոստոսի 2-ին էր, եւ ընդդիմադիր հայացքներ ունեցողների բանակը հիմնովին կարոտել է հանրահավաքներին ու երթերին, ընդհանրապես՝ պայքարին: Մեկ ամսվա ընթացքում բազում իրադարձություններ են եղել մեր երկրում, եւ այս հանրահավաքն անշուշտ այդ իրադարձությունների ամփոփմանը, վերլուծությանը եւ հետագա անելիքների ճշգրտմանն է ուղղված լինելու: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին սպասողները հեղափոխական պայքարի կոչերի ակնկալիքով են գնալու հրապարակ: Արմատական տրամադրված մարդիկ կարծում են, որ վճռական գործողությունների անցնելու ժամանակն է, բավական է իշխանության հետ երկխոսել: Գալուստ Սահակյանի տրնգին ժողովրդի սրտով չէ՝ նա քոչարիի կամ ավելի շուտ՝ բերդի կողմնակից է»:

Նույն հանրահավաքի մասին «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Այսօր կայանալիք ՀԱԿ-ի աշնանային առաջին հանրահավաքը պետք է պատասխանի այն հարցին, թե ե՞րբ է կոնգրեսը դուրս գալու իր իսկ ձեռնարկած անտրամաբանական քայլերի շրջապտույտից, կամ՝ դու՞րս է գալու ընդհանրապես, թե՞ ոչ։ Մի կողմից՝ ՀԱԿ-ը արտահերթ ընտրություններ է պահանջում, մյուս կողմից՝ իրականում նախապատրաստվում է հերթական ընտրություններին, մի կողմից՝ «ավազակապետության» հեռացում է պահանջում, մյուս կողմից՝ երկխոսում է իշխանությունների հետ, մի կողմից՝ «սիրո խոստովանություններ» է ուղղում Ռուսաստանի հասցեին, մյուս կողմից՝ դավում է նրան Միացյալ Նահանգների դիվանագետների մոտ, մի կողմից՝ «օրինակարգություն» է քարոզում, մյուս կողմից՝ իր երիտասարդ ակտիվիստների միջոցով դեբոշներ է սարքում։ Այս ամենի հետեւանքով առնվազն վերջին 1 տարվա ընթացքում ՀԱԿ-ը դադարել է լինել այն ուժը, որի քայլերը կարող են վստահություն ներշնչել հասարակության ընդդիմադիր հատվածին»։

«Իրատես de facto»-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը ասում է. - «Գարնանը իշխանությունները վախենում էին իրավիճակի սրվելուց եւ փորձեցին ժամանակ շահել: Ակնհայտ է, որ նրանք երկխոսությանը չպիտի համաձայնեին, եթե արտահերթ նախագահական ընտրությունների պատրաստ չէին: Իշխանությունները ընդունեն-չընդունեն` այժմ ակնհայտ է, որ քաղաքական օրակարգը երկրում սահմանում է ՀԱԿ-ը, իրենք ընդամենը հակաքայլեր են ձեռնարկում: Ազատ ժամանակ էլ զբաղվում են ներիշխանական ինտրիգներով. գոյություն չունեցող կուսակցություններ են վերակենդանացնում, ԲՀԿ-ի հետ են տալիս-առնում, ՕԵԿ են լրակազմում հասարակության աչքում վարկաբեկված մարդկանցով, ՀՅԴ-ն է իր բազարային մանդատների համար նոր ծառայություններ մատուցում… Այս ամենը վկայում է, որ հանգուցալուծումը մոտ է»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Երեւի շատերն են նկատել, որ Հայաստանում, ինչպեսեւ ամբողջ աշխարհում, երկու տեսակի կյանք կա` իրական եւ վիրտուալ: Իրական կյանքում մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են ու չեն կարողանում իրենց ընտանիքների օրվա հացը վաստակել: Իրական կյանքում ցանկացած մանր չինովնիկ այդ մարդկանց մինչեւ վերջին կոպեկը թալանում է: Իրական կյանքում այդ մարդիկ վախենում են տնից դուրս գալ, որովհետեւ որեւէ իրական հաստավիզ կարող է նույնքան իրական ջիպով տրորել իրեն, ոստիկանը կարող է գրպանը բան-ման գցել եւ այլն: Եվ այդ մարդիկ, իդեպ, տեղյակ էլ չեն, որ կա նաեւ վիրտուալ կյանք, որտեղ ինչ-որ ինտելեկտուալներ սոցիալական կայքերում որոշում են, թե քաղաքական ո՞ր ուժին ապավինի ժողովուրդը, արժե՞ պայքարել, թե՞ ոչ եւ այսպես շարունակ»:

«Երկիր»-ը գրում է. - «Պաշտոնյաների կողմից իրենց դիրքի չարաշահման դեպքերի մատնանշումը, քաղաքական պայքարում դա` որպես կոռումպացվածության ապացույց ներկայացնելը եւ քարոզչական գործիք օգտագործելը մեր իրականության մեջ դարձել է սովորական երևույթ: Իշխանությունը, սակայն, հնչեցվող մեղադրանքներին որեւէ կերպ չի արձագանքում, ավելին՝ ամենաբարձր մակարդակով սա ընկալվում է որպես ինքնին հասկանալի մի բան, ի վերջո, մարդը «մերոնցից» է: Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ քաղաքական դասավորումների փոփոխության, «շեֆի» հետ հարաբերությունները փչանալու, իսկ ավելի հաճախ՝ իր «հասանելիքը» առանց վերեւների գիտության գերազանցելու պատճառով պաշտոնյան զրկվում է վերեւների հովանավորությունից: Վերջին օրինակը եղավ Մարգար Օհանյանի դեպքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG